Նախօրեին կայացավ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը։
Երեկ «Ժողովուրդ»–ն այս առիթով զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ։
– Պարոն Ջաքարյան, երեք նախագահների հանդիպումն այս անգամ ի՞նչ տվեց ԼՂՀ-ին։ Խնդրում եմ՝ կոնկրետ նշե՛ք ձեռքբերումները կամ մեր ունեցած առավելությունները։
– Ամառային բավականին թեժ իրադարձություններից հետո սա երրորդ նախաձեռնությունն էր Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների մակարդակով եւ սա եւս հավաստումն էր այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համար խիստ կարեւոր եւ էական է խնդրի խաղաղ հանգուցալուծումը։ Անընդունելի են բացառապես ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման եւ դրան տանող հայտարարությունները, անընդունելի են կողմերի միջեւ ռազմական, լոկալ բախումները, անընդունելի են ոտնձգությունները միմյանց սահմանների նկատմամբ։ Բնականաբար բոլորը տեսնում են, որ գործողությունների աղբյուրն Ադրբեջանն է, ու այդ երեք հանդիպումների ժամանակ էլ ամենաբարձր մակարդակով ամրագրվեց, որ Մինսկի խմբի ձեւաչափում համանախագահ երկրների համար գերխնդիր է տարածաշրջանի խաղաղ զարգացումների ապահովումը։
Կարդացեք նաև
Կողմերն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանը, տարածաշրջանում լինելով խաղաղության երաշխիք, կայուն պետություն եւ անընդհատ չտրվելով ադրբեջանական սադրանքներին, շարունակում է իր ամուր դիրքերը պաշտպանել բանակցային գործընթացում։ Եվ, բնականաբար, գիտեն, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողություններն ինչ-որ պահի կարող են արդեն դուրս բերել տարածաշրջանը խաղաղ զարգացումից, սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, որի մասին բազմիցս արտահայտվել են ե՛ւ ՌԴ նախագահը, ե՛ւ ԱՄՆ նախագահը, ե՛ւ Ֆրանսիայի նախագահը, ինչպես նաեւ՝ համանախագահող երկրների ներկայացուցիչները։ Փարիզյան հանդիպումը եւս մեկ անգամ ամրագրեց, որ հասարակություններին խաղաղության պատրաստելն էական նշանակություն ունի խնդրի խաղաղ կարգավորման համար։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում