Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը չի հակասում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին եւ չի չեղարկում այն։ Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան՝ հավելելով. «Ես հակասություն չեմ տեսնում, ես կարծում եմ, որ Արեւելյան գործընկերությունը կմնա այն հիմնական եւ կարեւոր գործիքը, որը Եվրամիությունը կիրառելու է իր արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում եւ հույս ունեմ, որ այս սկզբնական հոռետեսությունը, որ կար որոշ փորձագիտական շրջանակներում եւ մամուլում, անհիմն դուրս կգա»։
Հիշեցնենք, որ սա այն եվրոպաշտոնյան է, ով առաջին անգամ հնչեցրեց «կամ– կամ»–ի վերջնագիրը՝ հայտարարելով, որ Եվրամիության հետ ասոցացման ուղղությամբ որեւէ ծրագրի իրագործում բացառվում է, եթե Հայաստանն այլ ուղղությամբ ինտեգրվելու քայլ կատարի։ Հենց Հրիսթեայի առաջադրած վերջնագրից հետո Սերժ Սարգսյանն առաջ քաշեց իր «եւ– եւ»–ի քաղաքականության սկզբունքը, որն ամեն կերպ տորպեդահարվեց ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրն առնվազն Հայաստանում ձախողած եվրոպաշտոնյաների կողմից։ Եվ հիմա, երբ գնացքը վաղուց արդեն գնացել է, հայտարարել, թե մեկը մյուսին չի հակասում, մեղմ ասած՝ անիմաստ զբաղմունք է։
Իրականում դժվար է չնշել, որ հենց Եվրամիությունը, այլ ոչ թե Ռուսաստանն է ավելի շատ մեղավոր այն բանում, որ Հայաստանը վերջնականապես եւ ամբողջությամբ հայտնվեց Ռուսաստանի ազդեցության տակ։ ԵՄ-ն ոչ միայն որեւէ ծանրակշիռ աջակցություն չցուցաբերեց Հայաստանին, որն, ի տարբերություն Վրաստանի եւ Մոլդովայի, ուներ բոլորովին այլ աշխարհաքաղաքական կարգավիճակ, այլեւ գործադրեց մաքսիմալ եւ այսօր արդեն վստահ կարելի է պնդել՝ անհեթեթ ճնշումներ՝ Հայաստանին մղելով փակուղի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում