Հոկտեմբերի 27-ի ոճիրը դրսեկ մտահղացողները եւ Հայաստանում այն մանրամասնաբար ծրագրավորած-իրագործածները տարբեր նպատակներ են ունեցել։ Մտահղացողներն այդ ոճիրով Հայաստանին հստակ պարտադրեցին աշխարհաքաղաքական այլ կողմնորոշում, հնարավոր դարձնելով Հայաստանի նահանջն ինքնուրույնության, ժողովրդավարության եւ անկախության ձեռքբերումներից, արցախյան ծանր պատերազմի հաղթանակից, այդ ամենի հանրագումարում բարոյահոգեբանական այնպիսի միջավայր ապահովվեց, երբ հաղթանակած ժողովուրդը վերջնականապես համակվեց երկրի ներսում իր արժանավայել ապրելու համար պայքարի հանդեպ նիհիլիզմով եւ դատապարտվածի գիտակցությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում ոճիրի «շահառուներին», նրանց թվում էր, թե Վազգեն Սարգսյանի մահվամբ իրենք դառնում են լիարժեք իշխանություն՝ իրենց տնօրինության տակ դրվող միլիարդներով եւ դրանից բխող իշխանական հաճույքներով։ Ընդամենը։ Նրանք հազիվ թե պատկերացնում էին, որ իրենք ստիպված կլինեն միլիարդները վայելել արտագաղթից, ներքին եւ արտաքին խնդիրներից արնաքամվող Հայաստանում։ Հայաստանի բախտն ահա արդեն 15 տարի տնօրինող, մեր մսից ու արյունից, բայց թրքաբարո «մերոնց» հաշվարկով՝ ժամանակի ընթացքում բոլորը պիտի հաշտվեին կատարվածի հետ, մոռացության տային, անգամ պիտի գտնվեին ոճիրն արդարացնողներ եւ այլն։
Իհարկե, մոռացողների եւ ուրացողների պակաս չեղավ, գտնվեցին նաեւ բարոյականությունից ի ծնե զրկվածներ, ովքեր հրճվելով հիշում են այդ օրը եւ ախտաբանական մտքերով արդարացումներ մոգոնում վիժվածքների իրագործած ոճիրի համար։ Բայց ժողովուրդն իմաստուն է, եւ ժողովրդին լրացուցիչ փաստարկներ պետք չեն՝ հասկանալու համար, թե որտեղից փչեց Հայաստանի պետականությանը մահացու հարված հասցրած սառցե հողմը։ Թե ում էր ձեռնտու անողնաշար, կամազուրկ, ծնկի բերված Հայաստանը։ Թե մեռնող երկրի ներսում ովքեր շահեցին այս ոճիրից՝ հասնելով երկրի բյուջեն գերազանցող անձնական հարստության, բազմելով աթոռների, որ անգամ ամենահամարձակ երազներում չէին ւոեսնի։
Ավետիս ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում