Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջպետական ճանապարհի եզրապատը եւ մսավաճառի ինքնասպանության սպառնալիքը

Հոկտեմբեր 29,2014 00:13

Իջեւանի շուկան գտնվում է միջպետական ավտոճանապարհի եզրին: Այդ տարածքը Իջեւանում գործող մի քանի տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիստների կայանատեղին է: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի ձախ եզրին, Իջեւանի շուկային կից գոտում, մշտապես երկու շարքով կայանում են շուկա գյուղատնտեսական մթերքներ բերած գյուղացիների եւ մթերքներ վերավաճառողների ավտոմեքենաներ: Ճանապարհի աջ եզրին տաքսիներ են կայանում: Դրա հետեւանքով այդ հատվածում ամեն օր ավտոմեքենաների մեծ քանակություն է կուտակվում, հաճախ խցանումներ են առաջանում:

Իջեւանցիները տարածքը «Լաչինի միջանցք» են անվանում, ասելով, որ նա, ով առանց պատահարների հաղթահարել է գերբեռնված, խցանումներով հատվածը, առանց քննության կարող է վարորդական իրավունքի վկայական ստանալ: Տարիներ շարունակ Իջեւանի շուկայի մոտ ճանապարհային երթեւեկության անվտանգության, այդ հատվածում հետիոտների անվտանգ անցման հիմնախնդիրն առկա է: Այդ տարածքում հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Նշված հատվածում սկսվել է միջպետական ճանապարհը բետոնյա հենապատով անջատելու գործընթաց:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ այդ աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի շրջանակներում: 6 մետր լայնությամբ հենապատը ճանապարհը կանջատի դրա եզրին կայանող տաքսիներից, Իջեւանի շուկա գյուղմթերքներ ներկրող ավտոմեքենաներից: Իջեւանի շուկայի դիմացի մայթին բազմաթիվ են մսի, այլ սննդի վաճառքի կրպակները, քաղաքի տաքսիները: Դրանց տերերը ասացին,որ ճանապարհը հենապատով արգելափակող ծրագիրն իրենց զրկելու է գնորդներից, արդյունքում՝ օրվա հանապազօրյա հացից: Միս վաճառողներից մեկը ասաց, որ դրա պատճառով բազում դժգոհություններ, բողոքներ կան,պատը կառուցելուց հետո մսավաճառողներից ինքնասպան լինող, կախվող է լինելու:

Տավուշի մարզի, Իջեւանի շատ բնակիչներ էլ ողջունում են ճանապարհը երիզող հենապատի տեղադրումը: Ներկայումս Ճանապարհը եզրափակող բետոնյա պատնեշի միայն մի մասն է տեղադրվել: Իջեւանցի բազմաթիվ բնակիչներ ասում են,որ ավտոճանապարհը երկու կողմից բետոնյա պատով անջատելը չի նվազեցնելու այդ հատվածում կատարվող առեւտրի ծավալը, միս, գյուղատնտեսական եւ այլ ապրանքներ գնողները իրենց ավտոմեքենաները շուկայից քիչ հեռու կայանելով ՝ սովորականի պես կատարելու են իրենց գնումները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Անլուծելի հարց չկա նորմալ մոտեցման դեպքում: Պատք է հնարավորին չափ իրար ընդառաջ գնալ:

  2. Garegin says:

    Ցանկացած կանոնակարգվող հարց իհարկե գովելի է, սակայն այդպես էլ վերջնական լուծում չի ստանում ճանապարհի այդ բանուկ մասով հետիոտնի համար անվտանգ անցում կառուցելու կամ այլ տարբերակ ընտրելու հարցը: Հավանաբար նպատակահարմար կլիներ, որպեսզի այս հարցերին՝ ճանապարհ, անցում, առևտրի կետեր և այլն, համակարգված լուծումներ տրվեր, իհարկե հաշվի առնելով նաև իջևանցիների կարծիքը: Երևի թե հենց այսպիսի հարցերի առկայությունն է, որ իջևանցիները այս պատնեշի ծրագիրը կապում են նաև նախկին մարզպետ Ա.Ղուլարյանի հետ, որը տևական ժամանակ է, ինչ միջոցներ է ձեռնարկում Իջևանի շուկայի իր գործընկերոջից ազատվելու ուղղությամբ, կամ ինչ-որ մարդիկ ցանկանում են շուկան այլ տեղ տեղափոխել: Բացի դրանից, ես համոզված եմ, որ Իջևանի քաղաքապետը, հրատապ ծրագրերով ստացվող գումարները հաստատ այլ նպատակների համար կօգտագործեր՝ այն ինչ արվում է այսօր, կավելացվեր նաև մեկ կամ երկու հասարակական զուգարաններ կառուցելու խնդիրը, չէ որ տուրիզմի զարգացումը որպես գերխնդիր համարող մարզկենտրոնում կա նաև դրա կարիքը: Մեկ հավելում ևս, ՛՛6մ լայնությամբ հենապատը՛՛ բառակապակցությունը հավանաբար այլ կերպ պետք է հասկացվի?:

  3. Ոսկան Սարգսյան says:

    Իջեւանում այս թեման շատ քննարկվող է, ուրախ եմ, որ արձագանքել եք, մեկնաբանել: Նկատի եմ ունեցել,որ հենապատ տեղադրելուց հետո ճանապարհի լայնությունը 6 մ է լինելու: Անհաջող եմ ձեւակերպել:

  4. david says:

    Այս խայտառակության հեղինակը հաստատ դոզայի տակ է եղել այս որոշումը կայացնելիս;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031