Օրերս Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բարձր հովանավորությամբ անցկացված Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների 3-րդ միջազգային մրցույթում առաջին անգամ ներկայացել է Հայաստանը՝ ի դեմս օպերային տենոր Լիպարիտ Ավետիսյանի: Մրցույթին հայտ ներկայացրած շուրջ 200 արտիստներից մասնակցության իրավունք են ստացել 9 երկրից 14 երգիչ:
«Առավոտի» հետ զրույցում Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ 2 փուլով անցկացվող նախորդ 2 մրցույթներում դափնեկիրները որոշվել են երկու օրերի արդյունքով: Ինքը երկու օրերի ելույթների արդյունքում հավաքել է 302 միավոր (առաջին օրը՝ 146 միավոր, 2-րդ օրը՝ 156), ինչը ենթադրում էր առաջին մրցանակ: Սակայն ժյուրին, որը գլխավորում էր Մագոմաեւի այրին՝ ճանաչված օպերային երգչուհի Թամարա Սինյավսկայան, տեսնելով, որ ազգությամբ հայ երգիչը առաջին հորիզոնականում է, տեղում փոխել է կանոնադրությունը՝ հիմք ընդունելով միայն երկրորդ օրվա հավաքած միավորը:
Արդյունքում առաջին մրցանակը շնորհվել է Մոնղոլիայի ներկայացուցչին, երկրորդը՝ Հայաստանին, 3-րդը՝ Ադրբեջանին: Սա այն դեպքում, երբ մրցույթի կազմկոմիտեն, իբր վեր կանգնելով քաղաքականությունից, առաջին անգամ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ Հայաստանից մասնակից ուղարկելու խնդրանքով: Ի դեպ, մրցանակները նաեւ գումարային էին, եւ 2-րդ մրցանակն «արժեր» 15.000 ԱՄՆ դոլար:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
28.10.2014