Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Խաղալ կանոններով

Հոկտեմբեր 29,2014 17:30

Սա է եվրոպական (բուրժուա-դեմոկրատական) արժեքների հիմքը

Ելույթ ունենալով Վալդայի բանավեճային ակումբում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեջբերելով հայտնի ասույթը՝ ինչ թույլատրելի է Յուպիտերին, չի թույլատրվում ցուլին, ավելացրել է, որ «արջը», այսինքն՝ Ռուսաստանը, ոչ մեկից թույլտվություն չի հարցնելու: Այսինքն՝ եթե ԱՄՆ-ին կարելի է, ապա ինչո՞ւ Ռուսաստանին չի կարելի: Դա դասական «եվրասիական» մոտեցում է՝ եթե ես ենթադրում եմ, որ որեւէ մեկը չի խաղում կանոններով, ապա ես էլ պիտի չխաղամ: Հիշեցի միջին տարիքի այն կնոջը, որը վերջերս կարմիր լույսի տակ քարշ էր տալիս իր հղի աղջկան, ասելով՝ «դու օրինավո՞ր երկրում ես ապրում, որ ուզում ես կանաչ լույսով անցնես»:

Տայգայում թախթաբիթիից հոտ քաշելու մտածողությունից մենք պետք է անցնենք եվրոպական կամ, որը տվյալ դեպքում նույնն է՝ բուրժուա-դեմոկրատական արժեքներին: «Հեղափոխություն» բառն, ինչպես հայտնի է, հնամաշ է՝ անցնցում անցումն է ճիշտ: Ասում ենք՝ «բուրժուա-դեմոկրատական»՝ ճիշտ ենք անում, բայց դրան պետք է հետեւի այն սկզբունքների հռչակումը, որոնց վրա, ենթադրաբար, հիմնված է բուրժուա-դեմոկրատական պետությունը: Այդ սկզբունքները պետք է լինեն գրավիչ որոշակի խավերի համար, պետք է մղեն այդ խավերին գործողությունների:

Ցավոք, շատերը չեն լսել «Ա1+»-ի «P.S.» հաղորդման շրջանակներում իմ զրույցը մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանի հետ, ուստի ցանկանում եմ նրա մտքերից մի քանիսը վերաշարադրել:

Փոփոխությունների ձգտող գործիչը պետք է դիմի այն դասակարգին, այն խավերին, այն խմբերին, որոնք գիտակցում են իրենց շահը: Երբ նա դիմում է «ամբողջ ժողովրդին», դա նշանակում է միայն մի բան. նա փորձում է օգտագործել ինչ-ինչ բողոքներ ունեցող մարդկանց հախուռն դժգոհությունը իր նպատակների համար: Իսկ իր շահը գիտակցող մարդն, ըստ գիտնականի, պետք է հասկանա, թե այդ՝ մեր կողմից քննարկվող իրավիճակում ինչ է ուզում հայրենի բուրժուազիայից: Վերջինս էլ, բնականաբար, պետք է գիտակցի իր ընդհանրական շահը:

Բուրժուա-դեմոկրատական արժեքները ենթադրում են, հետեւաբար, որ ոչ թե մեկը գալիս է որպես փրկիչ, որպես տեր, որն իր հպատակների համար լավ կյանք է խոստանում, այլ ստեղծվում է մի այնպիսի միջավայր, որտեղ բոլորը մասնակցեն ընդհանուր բարօրության ձեւավորմանը: Երբ մեկն ասում է՝ ես կգամ եւ ձեզ համար բարօրություն կապահովեմ, դա ֆեոդալական բարոյականություն է: Միապետության դեմ պայքարն այդպիսով ընթանում է միապետական հոգեբանությամբ:

Սակայն բուրժուա-դեմոկրատական բարեփոխումների համար պետք է լինի նախեւառաջ բուրժուազիա: Եթե դու խաղում ես կանոններով, եւ պետությունը քեզ վրա լծակներ ունի՝ քեզ կարգի հրավիրելու, դու բուրժուա ես: Եթե դու ոչ մի կանոնների չես ենթարկվում (ասելով՝ «դե, անօրեն երկիր է»), իսկ պետությունը քեզ վրա ոչ մի լծակ չունի՝ մասնավորապես, այն պատճառով, որ դու ինքդ ես պետական համակարգի ներկայացուցիչ՝ նախարար ես կամ պատգամավոր, դու օլիգարխ ես: Այնպես որ, ինչպես ասում են, սկսեք ձեզնից, նվազագույնը՝ հարկեր վճարեք: Վերափոխումը կարելի է նախաձեռնել բուրժուազիայի, ոչ թե օլիգարխիայի հետ: Եվ պայքարը պետք է տանել ոչ թե հանուն ինչ-որ «արդարության», որն ամեն մեկը իր ձեւով է հասկանում, այլ հանուն իրավունքի, ի վերջո՝ հանուն ազատության եւ հավասարության: Այդպես եմ հասկանում բուրժուա-դեմոկրատական արժեքները:

Եթե լինի այդ իրավական հիմքը, մնացած խնդիրները՝ արդար ընտրությունները, անկախ դատարանները եւ այլն, լուծելի են: Ինչպես ստեղծել այդ իրավական հիմքը՝ դա միայն քաղաքական շրջանակների խնդիրը չէ: Երբեմն արժե լսել խելացի մարդկանց եւ հրաժարվել այն պարանոյիկ բարդույթից, թե նրանք, ովքեր 100 տոկոսով համաձայն չեն ընդդիմադիր հռետորների հետ, «իշխանության սպասարկու» են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Բուրժուա և դեմոս հասկացությունները նույնքան հեռու են իրարից, որքան գայլն ու գառները: Այսինքն նրանց համագործակցությունը միայն մի կերպ է լինում՝ մեկը մյուսի համար խիստ անհրաժեշտ է, բայց որպես ՍՆՈՒՆԴ : Բուրժուա-դեմոկրատական բառակապակցությունը մի խաբկանք է, որը ծառայում է ամենևին ոչ դեմոսի՝ ժողովրդի շահերին և իրականում կեղծ կատեգորիա է: Հետևաբար նաև ԻՐԱԿԱՆՈՒՄ չեն կարող լինել ՛՛բուրժուա-դեմոկրատական՛՛ արժեքներ… բարեփոխումներ, և այլ հրաշալի բաներ: Կարող է լինել միայն բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, երբ հերթական անգամ խաբված դեմոսը իր քրտինքի հաշվին ապրողների ՄԻ ԽՄԲԻՆ փոխում է մեկ այլ խմբով: Եվ իրոք որ՝ ՛՛հռչակված սկզբունքները պետք է լինեն ՛՛գրավիչ՛՛ որոշակի խավերի համար..՛, այսինքն ժամանակին համընթաց պետք է լինեն նաև ժողովրդին տրվող ՛՛կտերը՛՛… այլապես հեղափոխությունը չի կայանա: Այդ ո՞ր երկրում է ժողովուրդը որևէ բան ստացել հեղափոխություններից հետո՝ չհաշված ինչ որ վերացական ՛՛արժեքներ՛՛ և ՛՛ազատություններ՛՛, որոնք միայն թղթի վրա են և դրանցով ոչ տաքանալ է կարելի, ոչ էլ երեխաներին կերակրել…
    Եվ կուզենայի երկու հարց տալ անձամբ հեղինակին:1) Անկախ նրանից, ճիշտ է անում Պուտինը՝ ինքն էլ կանոններով չխաղալով, թե ոչ, բայց նա ընդամենը ՛՛ենթադրու՞մ է՛՛, որ ԱՄՆ-ը կանոններով չի խաղում, թե՞ իրավունք ունի այդպես ասելու, և 2) եթե կանոններով չի խաղում այդ կանոնների հիմնական հորինողը և պարտադրողը, արդար չէ՞ արդյոք ՛՛դաղալություն՛՛ անողի ձեռքից բռնելը, կամ գոնե առաջ քաշել հայտնի հարցադրումը՝ ԻՍԿ ԴԱՏԱՎՈՐՆԵ՞ՐՆ ՈՎՔԵՐ ԵՆ…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Բոլոր ամեն ինչ էլ իրավունք ունեն ասելու, հարգելի Հրանտ: Պարզապես համեմատեք կյանքի մակարդակը ազատ երկրներում եւ մեր եվրասիական «ախպերության» մեջ:

      • Հրանտ Պապիկյան says:

        Դե գիտեմ, հիմա բոլորը կարող են ինչ խելքին փչի ասեն: Բայց ես հին դաստիարակության մարդ եմ և ՛՛ իրավունք ունենալ ՏՎՅԱԼ բանը ասելու՛՛ բառերի տակ հասկանում եմ որ ասվածը փաստերով ապացուցվող իրողություն է: Քանի որ Դուք ուղղակիորեն չպատասխանեցիք այդ հարցին, ինձ թույլ կտամ ասել այն, ինչ մտածում եմ: ՛՛ եթե ես ենթադրում եմ, որ որեւէ մեկը չի խաղում կանոններով..՛՛ արտահայտությունը իրականում պետք է լիներ առանց ենթադրել բառի, քանի որ ոչ թե Պուտինն է միայն տեսնում խաղի կանոնների միակողմանի ոտնահարումները, այլ դա կարելի է ասել՝ միայն կույրը չի նկատի:
        Ինչ վերաբերվում է կյանքի մակարդակին, ես այլ կերպ եմ այդ հարցին նայում: Մի քանի գլխավոր խաղացող և իրենց ՛՛ազատ՛՛ հռչակած երկրներում կյանքի մակարդակը իրոք բարձր է: Բայց մյուս մի մեծ խումբ երկրներում, որոնց իբր թե իրենց ՛՛ախպերության՛՛ շարքերն են ընդունել այս մի քանիսը, իսկ իրականում՝ ուղղակի շահագործում և նրանց ռեսուրսների հաշվին են ապրում, կենսամակարդակը ամենևին էլ բարձր չէ: Դրանցից մի քանիսում կատարյալ քաոս է տիրում, իսկ մի մասն էլ սնանկացել են: Ինչու՞ եք մեզ անպայման ասենք Բրիտանիայի հետ համեմատում: Դե եկեք Հունաստանի հետ համեմատենք, կամ Բուլղարիայի, Կոսավոյի, Մոնտենեգրոյի…: Կամ մերձավոր արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ներմուծած ՛՛ԳԱՐՈՒՆՆԵՐԸ՛՛ այդ երկրներին Ի՞նչ բերեցին բացի իրենց նավթի ու այլ հարստությունների արտահոսքից իրենց ՛՛փրկիչների՛՛ գանձարանը: Ձեր նշած ՛՛ազատ՛՛ երկրներում կենսամակարդակը բարձր է տասնյակ այլ երկրների արյան ու արցունքների հաշվին, և հենց այդ պատճառով է բարձրացվել այս հակառուսական հիստերիան: Ռուսաստանը հանդգնել է ասել, որ մածունը սպիտակ է հերիք չէ, համ էլ թքած ունի արևմտյան երկրների՝ Լևոնի ասած ՛՛ջղաձգումների՛՛ վրա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031