Վարդան Հարությունյանը` եռյակի հանրահավաքում
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին
– Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի սպասելիքները, որոշ վերլուծություններով` չարդարացան: Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ամբողջ ամռան ընթացքում թեժ աշնան մասին խոսելով` հանրահավաքն ավելի հուժկու պիտի լիներ: Այս հանրահավաքն ի՞նչ տպավորություն գործեց կոնկրետ Ձեզ վրա:
– Եվ հոկտեմբերի 10-ի, եւ այս հանրահավաքը մարդաշատության առումով տպավորիչ էին: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այլ խնդիր է, որ համեմատած մինչ այս Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքների հետ՝ էներգետիկայի, զգացմունքայնության պակաս էր զգացվում: Սա, իմ կարծիքով, այս հանրահավաքների միակ թերությունն է:
Մյուս կողմից՝ եթե նախկին զգացմունքայնությամբ ու էներգետիկայով լի հանրահավաքները բերել եւ հանգեցրել են այս կարգի հանրահավաքների, հուսանք՝ սրանք իրենց պակաս զգացմունքայնությամբ, բայց պրագմատիզմով կհանգեցնեն ցանկալի արդյունքի: Միամտություն կլիներ հուսալ, թե մեկ կամ երկու հանրահավաքները կլուծեն հասարակության առջեւ դրված բոլոր խնդիրները կամ կհանգեցնեն իշխանափոխության: Այս առումով սխալ է կարծել, թե խոստացված թեժ աշունն ուշանում է: Հանրահավաքային պայքարը ձգվող գործընթաց է: Գնահատականներում չսխալվելու համար հարկավոր է սպասել: Դեռ նոր է խոստացված թեժ աշունը սկսվում, եւ պարտադիր չէ, որ այն ճշգրիտ համընկնի օրացուցային աշնանը: Կարեւոր է, որ այն հաջողություններ գրանցի:
Կարդացեք նաև
– Այս հավաքը եւս սպասված էր` պետք է ելույթ ունենար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ի վերջո հստակեցում պետք է մտցներ հարցում` գործող իշխանության հրաժարականի պահանջ հնչելո՞ւ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանի ելույթի բովանդակությանն էին սպասում եռյակ-քառյակի անդամները: Հույսերն արդարացա՞ն: Ի՞նչն էր այն նորությունը, որին Դուք, իբրեւ ակտիվ քաղաքացի, սպասում էիք:
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող ակտիվ անդամները վերջին շրջանում բազմիցս հստակ ու միանշանակ հայտարարել են, որ իրենք իրենց առաջ դրել են իշխանափոխության խնդիր: Այս իշխանությունները պետք է հեռանան, այլ կերպ երկրի առաջ ծառացած խնդիրներն իրենց լուծումը չեն գտնելու: Սա է եղել նրանց հրապարակային ելույթների ամենաշեշտվող միտքը: Մնում էր, որ այդ կուսակցության առաջին դեմքը վերահաստատեր այն: Իր ելույթում նա հայտարարեց, որ իշխանափոխությունն անհրաժեշտ է, եւ նրանք պատրաստ են այդ քայլին:
Ճիշտ է, իշխանափոխության անհրաժեշտության վերաբերյալ նրա այդ հայտարարությունն այնքան հատու ու կտրուկ չէր, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ իր իսկ կուսակիցների հայտարարություններն էին, բայց որպես առաջին հանրահավաքային հայտարարություն՝ կարելի է բավարար համարել: Հանրահավաքի եկած մարդկանց հիմնական մասը հենց սրան էր սպասում՝ կասվի՞ իշխանափոխության անհրաժեշտության մասին, թե՞ այդ բառը կփոխարինվի անդեմ ու ոչինչ չասող արտահայտություններով: Այս առումով կարելի է ասել, որ մարդկանց սպասումներն արդարացան:
– Առաջին նախագահի ելույթում նորություններ կայի՞ն Ձեզ համար: Տեր-Պետրոսյանի` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին դիտարկումներն ինչպե՞ս եք գնահատում:
– Ինձ համար այս հանրահավաքի ամենամեծ նորությունը երեւի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր: Նրա ելույթները, որպես կանոն, ես բարձր եմ գնահատել: Մի առիթով գրել եմ նաեւ, որ նրա 2007թ. աշնանը ունեցած, նաեւ դրանից հետո հնչեցրած մի շարք ելույթներ կարելի է հայաստանյան քաղաքագիտական մտքի ծանրակշիռ նմուշներ համարել:
Բայց այս վերջին ելույթը, ցավոք, բոլորովին էլ Տեր-Պետրոսյանական չէր: ԵՏՄ-ին անդամակցության հարցին նրա անդրադարձի առումով ինձ համար պարզ է հետեւյալը. նա ասում է, որ այն արդեն կայացած փաստ է, եւ մենք պարտավոր ենք հաշվի նստել այդ փաստի հետ ու պետք է փորձենք դրանից հնարավորինս շատ օգուտներ ստանալ, որոնք չենք ստանա Սերժ Սարգսյանի վարած դիվանագիտության արդյունքում, ասում է, որ Հայաստանը հայտնվել է Եվրասիական միությունում Սերժ Սարգսյանի վարած ձախորդ քաղաքականության արդյունքում, ասում է, որ Հայաստանը կարող է, ունենալով լեգիտիմ իշխանություն, եւ Եվրասիական միությունում լինել, եւ եվրոպական արժեքներով առաջնորդվել, եւ որ շահած լինելու համար Հայաստանը Եվրասիական միությունում պետք է ներկայացվի օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությամբ:
Սրանք են, ինչքան ես հասկանում եմ, նրա գլխավոր մտքերը: Այս մտքերից վերջինը այնքան էլ համոզիչ չէ. ո՛չ ոչ լեգիտիմ Պուտինը եւ ո՛չ էլ նույնքան ոչ լեգիտիմ Նազարբաեւն ու Լուկաշենկոն շահագրգռված չեն լինելու, որ իրենց շարքում լեգիտիմ ու ժողովրդավար նախագահ հայտնվի: Տեսակի խնդիր է: Նրանց համար այդ տեսակը մերժելի է: Իսկ Պուտինն ամեն ինչ արել, անում եւ անելու է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն չձեւավորվի: Հայաստանի նախագահի Պուտինի թեկնածուն եղել եւ մնում է Սերժ Սարգսյանը:
Եթե հայաստանյան քաղաքական գործիչները նաեւ Պուտինով ու Ռուսաստանով են պայմանավորում իշխանափոխության խնդիրը Հայաստանում, ապա վստահորեն կարելի է պնդել, որ Պուտինն իր թեկնածու Սերժ Սարգսյանին չաջակցելու ու չպաշտպանելու հիմքեր չունի: Վերջին հաշվով Սերժ Սարգսյանը չի արել, չի անում ու չի էլ անելու ոչինչ, ինչը կհակասեր Պուտինի ծրագրերին: Հայաստանում, եթե իշխանափոխություն է կատարվելու, ապա միայն համաժողովրդական ճնշմամբ եւ ի հեճուկս նաեւ Ռուսաստանի:
Ռուսաստանը ստիպված է լինելու ընդունել մեր ժողովրդի կամքը եւ աշխատել նոր իշխանության հետ: Եվ ոչ միայն Ռուսաստանը: Խոսքը նաեւ Արեւմուտքին է վերաբերում:
Երկու հանրահավաք անընդհատ Տեր-Պետրոսյանը քննադատության է ենթարկում բոլոր նրանց, ովքեր դեմ են արտահայտվում ԵՏՄ-ին: Իհարկե, նա ճիշտ է, Հայաստանում չգտնվեցին բավարար թվով մարդիկ, ովքեր հրապարակ դուրս կգային ու իրենց բողոքը կհայտնեին ԵՏՄ անդամակցության դեմ, բայց եղած դեմ արտահայտվողներն արտահայտվեցին ու արտահայտվում են: Ինչքան էլ որ թվա քիչ են, նրանք արտահայտվելու ու իշխանությունների այս վճիռը քննադատելու իրավունք ունեն, եւ տրամաբանությունը հուշում էր, որ նրանք ոչ մի կերպ չպետք է հայտնվեին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիրախում:
Վերջին հաշվով, քիչ լինելը մեծ ու մահացու մեղք չէ, շատ դեպքերում անգամ առավելություն է: Աննորմալ ու ամոթ կլիներ, եթե Հայաստանում թեկուզ այդ քանակի մարդ չգտնվեր ԵՏՄ-ին դեմ արտահայտվելու համար: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանք նույնպես, ճիշտ Տեր-Պետրոսյանի պես, պնդում են, որ Հայաստանը Եվրասիական միությունում է հայտնվել Սերժ Սարգսյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում՝ ավելացնելով միայն, որ այդ ապաշնորհ քաղաքականությունը հնարավորություն է ընձեռել Պուտինին թելադրելու Սարգսյանին իր կամքը: Այս մարդիկ, ինչպես պնդում է Տեր-Պետրոսյանը, մի բուռ են եւ էական դերակատարում չունեն:
Այս դեպքում պարզ չէ՝ էլ ի՞նչ կարիք կար այդքան ծանրանալ այս մարդկանց քննադատելու վրա՝ վախենալով, թե նրանք մեզանում հակառուսական տրամադրություններ են հրահրում: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում վճռորոշ խաղացող է, որ բարբարոս բնույթ ունի եւ ցանկության դեպքում կկարողանա մեզ ծանրագույն կացության մեջ դնել. դրա վառ ապացույցն այսօրվա Ուկրաինան է, հասկանում եմ, որ քաղաքական նպատակահարմարությունը քաղաքական գործչին կարող է խաղի որոշակի կանոններ թելադրել, բայց ԵՏՄ-ին դեմ արտահայտվողների այս քննադատությունը չեմ հասկանում:
– Այս ընթացքում շատ համեմատականներ եղան 1988-ի հրապարակի հետ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Դուք զուգահեռներ տեսնո՞ւմ եք:
– Մեր ժամանակների եւ 1988թ. միջեւ զուգահեռներ կարելի է անցկացնել միայն հանրահավաքների մարդաշատության, բայց ոչ առաջադրված խնդիրների առումով: Հանրահավաքային պայքարի առօրյան, կազմակերպվելու ձեւերը կարող են 88-ի հետ նմանություններ ունենալ: Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց սա էլ նկատի է ունեցել: Բայց ասվածից չի բխում, թե այս շարժումներն իրենց էությամբ նույնպես համադրելի են: 1988-ը Ղարաբաղյան շարժում էր: Շարժման նպատակը Ղարաբաղի հարցի լուծումն էր, որ ընթացքում վերաճեց անկախության պահանջի: Իսկ 2008թ. սկսած ու մինչեւ օրս շարունակվող շարժումը, այս հանրահավաքները այլ որակի խնդիր են լուծում: Այսօր դրված է արդեն անկախ հռչակված հանրապետության ժողովրդավարացման խնդիրը: Այս շարժման նպատակը երկիրը ժողովրդավարական արժեհամակարգ բերելն է: Նաեւ համաժողովրդական շարժման դեմ պայքարող ուժն է այլ: Այն բոլորովին նման չէ 1988-ի խորհրդային իշխանությանը:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
28.10.2014