Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճմռթված վստահություն

Հոկտեմբեր 29,2014 16:30

Վստահությունը նման է թղթի… բավական է մեկ անգամ ճմռթել,
եւ այն այլեւս իր նախկին տեսքին չի վերադառնա..

«Նոր հայն» ընկերոջը համատեղ գործունեության առաջարկ է անում՝ վստահելի, ապահով, շահավետ: Ընկերը հրաժարվում է՝ «Չէ, ասում է, իմ խելքի բանը չէ, որքան մտածում եմ, չեմ հասկանում, թե որտեղ ես ուզում ինձ խաբել»:

Անցյալ շաբաթ, երբ Ազգային ժողովը քննարկում էր կառավարության՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքների փոփոխությունների փաթեթը, այս անեկդոտն էր անընդհատ միտքս գալիս:

Թվում է, թե ավելի պոզիտիվ նախաձեռնություն չի կարող լինել: Ավելի քան քսան տարի Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների բնակիչները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, իշխանություններից պահանջում իրենց ապրելու եւ դրանով իսկ սահմանները պահելու արտոնյալ հնարավորություն տալ: Եվ ահա, երբ վերջին ամիսներին թշնամին սկսեց գնդակոծել նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, երբ պատգամավորները տեղում ծանոթանալով իրավիճակին՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկան, հայրենի կառավարությունը վերջապես որոշեց, իբր ի մի բերելով բոլոր առաջարկները, վերոնշյալ փաթեթը ներկայացնել Ազգային ժողովի դատին:

Հետո եղավ՝ ինչպես անեկդոտում… Ոչ իշխանական պատգամավորները միանգամից փորձեցին կռահել, թե կառավարությունը որտեղ եւ ինչպես է պատրաստվում իրենց ու ժողովրդին խաբել: Այսինքն՝ նրանք միանգամից մի կողմ թողեցին այն հնարավորությունը, թե իշխանությունները կարող են որեւէ դրական քայլ կատարել, եւ հարցերով ու քննարկումներով փորձում էին հասկանալ, թե որն է ծուղակը: Իսկ ամենացավալին այն է, որ նրանց մտավախությունները այնքան էլ անհիմն չեն: Ահա՝ պատգամավորը հարցնում է, թե ինչու սահմանամերձ բնակավայրի խնդիրներով իբր մտահոգված կառավարությունը օրենքով չի սահմանել, թե կոնկրետ որ բնակավայրերին է տրվելու արտոնությունը: Հասկանալի է տողատակը… քի՞չ անհեթեթ որոշումներ են կայացվել: Կամ՝ արդյոք բացառվո՞ւմ է, որ սահմանամերձ գյուղերի ցանկից դուրս մնա, ասենք, Չինարին ու այնտեղ հայտնվի Մալաթիայի շուկան:

Կամ հարցնում են, թե ինչո՞ւ չի նշվում հարկային արտոնություն տրամադրելու նվազագույն ժամկետը. կրկին տողատակը պարզ է ու կրկին ոչ այնքան անհավանական: Արդյոք բացառվո՞ւմ է, որ հայրենասիրական կոչերն ու հարկային արտոնությունները խրախուսեն, ասենք, մի սփյուռքահայ ռոմանտիկի միլիոնանոց ներդրումներ կատարել սահմանամերձ գյուղում, իսկ վեց ամիս անց, երբ ձեռնարկությունը սկսի աշխատել, կառավարությունը վերացնի արտոնությունը: Քի՞չ սփյուռքահայերի ենք խաբել:

Լավ էր գոնե, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին, անկեղծորեն ասաց, որ դեռեւս սահմանված չեն այն չափանիշները, որոնց համաձայն կորոշվի, թե սահմանամերձ որ համայնքները կընդգրկվեն հարկային արտոնություններից օգտվողների ցանկում, հայտնի չէ նաեւ, թե մոտավորապես քանի համայնք կընդգրկվի այդ ցանկում: Նրա ազնվությունը որոշակի վստահություն է ներշնչում, բայց վստահություն չի ներշնչում այն, որ չափանիշներն ու համայնքների ցանկը սահմանվելու եւ հաստատվելու են ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշումներով: Թեեւ եթե անկեղծ լինենք՝ ի՞նչ տարբերություն՝ որոշումո՞վ, թե՞ օրենքով, իսկ Ազգային ժողովին կարելի՞ է անվերապահորեն վստահել:

Այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել այն, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մի քանի ժամ քննադատեցին նախաձեռնությունը, հայտարարեցին, որ չեն հավատում, որ իշխանություններն ազնիվ նպատակով են կատարում այս քայլը, որ վաղն իրենց նախընտրած բնակավայրերում հարկային արտոնություններից չեն օգտվի առանց այն էլ արտոնյալ գործարարները, ու այդքանից հետո նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ, 5 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Ամեն ինչ իր տեղն ընկավ. կառավարությունը իր խնդիրը լուծեց, ընդդիմությունը՝ իր: Ոչ ոք ոչինչ չկորցրեց, նույնիսկ՝ սահմանամերձ գյուղերի ժողովուրդը… Նրանք էլ կորցնելու ոչինչ չունեն, վաղուց արդեն կորցրել են հավատը թե՛ այս, թե՛ այն ուժի հանդեպ:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031