Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Ստեփանյանի նախագահությամբ ավարտվել էր Հայկ Ավանեսյանի եւ Շալիկո Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը:
Հայկ Ավանեսյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվել, քանի որ նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Իսկ Շալիկո Գեւորգյանի նկատմամբ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվի եւ ըստ դատավճռի՝ նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով:
Ամբաստանյալների վարքագծի նկատմամբ սահմանվել է վերահսկողություն, որի կատարումը դրվել է զինծառայողի համապատասխան ծառայության վայրի զորամասի հրամանատարության վրա:
Շալիկո Վոլոդյայի Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Մեղադրանքը պաշտպանած դատախազը` Ս. Յուզբաշյանը, բողոք է բերել, եւ վերաքննիչ դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում է բողոքի քննությունը:
Հայկ Ավանեսյանը եւ Շալիկո Գեւորգյանը ՀՀ ՊՆ թիվ զորամասի կուրսանտներ են, առաջինը՝ Սյունիքի մարզի Շնող գյուղից, իսկ երկրորդ ամբաստանյալը՝ Արմավիր քաղաքից:
Ըստ գործի նյութերի, 2014թ. հունիսի 3-ին, ժամը 16.45-ին, ՀՀ ՊՆ ՌՈ-ից ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ՊՆ թիվ զորամասի բուժկետում ամբուլատոր բուժօգնություն են ստացել նույն զորամասի 2-րդ կուրսի կուրսանտներ Մովսես Սարգսյանը եւ Հայկ Ավանեսյանը, իսկ նույն կուրսի կուրսանտ Շալիկո Գեւորգյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք՝ քթի ոսկրերի կոտրվածք ախտորոշմամբ:
Մեղադրանքի կողմի ձեռքբերված ապացույցներով, պարզվել էր, որ ՀՀ ՊՆ թիվ զորամասի 3-րդ գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի անձնակազմը, այդ թվում` կուրսանտներ Շ. Գեւորգյանը, Հ. Ավանեսյանն ու Մ. Սարգսյանը 03.06.2014թ. մեկնել են Բալահովիտի ուսումնական կենտրոն` դասընթացներ անցկացնելու համար:
Ուսումնական կենտրոնի լսարանի շենքի մոտ կուրսանտներ Շ. Գեւորգյանն ու Հ. Ավանեսյանը մարտական մեքենայի փոխանցման տուփի աշխատանքի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, բռնի գործողություններ են կատարել միմյանց նկատմամբ` փոխադարձ քաշքշելու ընթացքում Հ. Ավանեսյանը բռունցքով հարվածել է Շ. Գեւորգյանի քթին: Իսկ երբ նրանց բաժանելու նպատակով մոտեցել է կուրսանտ Մ. Սարգսյանը եւ Հ. Ավանեսյանին մի կողմ է քաշել, մոտ 3 մետր հեռավորությունից Շ. Գեւորգյանը քար է նետել Հ. Ավանեսյանի ուղղությամբ:
Քարը, սակայն, կպել է Մ. Սարգսյանի դեմքին:
Նախաքննությունն իրականացրել էր Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.10.2014