Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անտաղանդությունն ու նախանձը ազգություն չունեն»

Հոկտեմբեր 29,2014 14:30

Ալեքսանդր Թոփչյանը՝ շվեյցարացի գրողի
ու իր սերնդակիցների ճակատագրերի զուգահեռների մասին

Շվեյցարացի ականավոր արձակագիր, բանաստեղծ եւ քննադատ Ժակ Շեսսեի «Մարդակեր դեւը» վեպը, որ 1973-ին արժանացավ Ֆրանսիայի ամենաբարձր՝ Գոնկուր մրցանակին եւ թարգմանվեց աշխարհի ավելի քան 10 լեզվով, այժմ նաեւ հայերեն կարելի է կարդալ՝ գրող, թարգմանիչ, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի (լուսանկարում) շնորհիվ: Այդ ստեղծագործությունը սեփական երեխաներին խժռող Քրոնոս աստվածահոր առասպելի արդիականացված մշակումն է: «Առավոտի» հետ զրույցում պարոն Թոփչյանը նշեց, որ չնայած համաեվրոպական ճանաչմանը, իր հայրենիքում՝ Շվեյցարիայում, գրողն անցյալ դարի 90-ականներին ենթարկվել է հալածանքների: Գրքի վերջում զետեղված է ե՛ւ Ժակ Շեսսեի պատասխանը՝ ուղղված իր չարակամներին՝ «դուք արդեն ապտակե՞լ եք առնետին» վերնագրով, ե՛ւ թարգմանչի՝ Ալեքսանդր Թոփչյանի հոդվածը, որը գրվել է ի պաշտպանություն գրողի եւ 1997թ. լույս տեսել Փարիզի «Ռուսկայա միսլ» շաբաթաթերթում:

«Շեսսեն շվեյցարացի ֆրանսալեզու միակ գրողն է, որ ստացել է Գոնկուր: Նա իր ստեղծագործություններով ապացուցել է, որ մրցանակը պատահականություն չէր, ինքն արժանիորեն վաստակել է այն: Ցավոք, քառորդ դար անց իր հայրենիքում որոշեցին, որ նա արժանի չէ այդ մրցանակին: Ես այդ օրերին Լոզանում էի, նյութեր էի հավաքում Ռուբեն Սեւակի մասին եւ առաջին օրվանից ականատես եղա, թե ինչպես են շուրջգրական-դասախոսական եւ պսեւդոգիտական շրջանակներից 11 հոգի ցանկանում ռեւիզիայի ենթարկել մրցանակի հանձնախմբի վճիռը»,- պատմում է պարոն Թոփչյանը: Նաեւ հավելում, որ ահավոր ագրեսիվ, նույնիսկ խուլիգանական հոդվածներ եղան Գոնկուր ստացած գրողի հասցեին, բարեբախտաբար՝ ֆրանսիական մամուլը տեղ չտվեց: Թարգմանչի ձեւակերպմամբ, գրականության ասպարեզում մշտապես ձախողած, այնուհետեւ դրախտային երկրի տարբեր համալսարաններում շահութաբեր պաշտոններ ստանձնած մի խումբ տիտղոսավոր գրամոլների խմբակային հարձակումները եւ իրար հետեւից տպագրվող հոդվածները իրեն ստիպեցին կարդալ Շեսսեի «Մարդակեր դեւը» վեպը, իսկ հեղինակին վաղուց էր ճանաչում. «Կարդացի եւ տեսա, որ այն տաղանդավոր գործ է, ու հարձակումների պատճառը նախանձն ու անտաղանդությունն են: Գիրքն ինձ ստիպեց անքուն գիշեր անցկացնել, երկար ժամանակ մտորումների մեջ էի: Ավելին, վեպն ուղղակիորեն առնչվում էր իմ սերնդակից մի շարք գրողների ճակատագրին: Դա 60-ականների սերնդի պրոբլեմն էր, որ տիրապետող էր ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԽՍՀՄ հանրապետություններում, Ռուսաստանում, նաեւ Հայաստանում: 60-ականների մեր սերունդը՝ Սլավիկ Չիլոյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, փաստորեն հակաքրոնոսյան էր, մեզ պարտադրում էին օրենքներ ու ասում էին՝ դուք որպես ստեղծագործող անհատ գոյություն չունեք, մե՛նք ենք որոշում ձեր հացն ու ջուրը, թե ինչպես պետք է շնչեք, ինչպես խոսեք, իսկ մենք հոսանքին հակառակ էինք գնում… Այնպես որ, ինձ համար այս վեպի պաթոսը լիովին հասկանալի էր: Նաեւ վիրավորական էր, որ փոխանակ Շվեյցարիայում պարծենան, որ Շեսսեի նման գրող ունեն, ուզում են զրկել մրցանակից»:

Ալեքսանդր Թոփչյանը նշում է, որ պարտավորված է զգացել ոչ միայն թարգմանել վեպը, այլեւ հանդես գալ հեղինակի պաշտպանությամբ: Այդ դեպքերից որոշ ժամանակ անց նա Փարիզի «Գրասսե» հրատարակչությունում հանդիպել է Ժակ Շեսսեին, որի համար «Ռուսկայա միսլում» տպագրված պաշտպանական հոդվածն արդեն թարգմանել էին ֆրանսերեն: «Ցավալի է, որ ինձ պաշտպանում է ոչ թե իմ հայրենակիցը, այլ օտար քննադատը»,- նեղսրտել էր Շեսսեն: Ալեքսանդր Թոփչյանն էլ պատասխանել էր, թե ընդհակառակը՝ ուրախալի է, որովհետեւ նրա վեպը դարձել է բոլորի սեփականությունը: «Մենք չնայած արտահայտվում ենք տարբեր լեզուներով, բայց օտար չենք իրար, նույնիսկ հարազատ ենք»,- Շեսսեին ասել էր Ալեքսանդր Թոփչյանը: Փաստում է, որ շվեյցարացի գրողի դեմ հարձակվողների նմանակները կային նաեւ Հայաստանում, դարձյալ գրականության մեջ ձախողած ու համալսարաններում սերունդ փչացնող, ասում է՝ նրանցից մի քանիսին ինքը ժամանակին մերժել է «Գարունում»: Համոզված է, որ անտաղանդությունն ու նախանձը ազգություն չունեն:

Մեր զրուցակիցը ներկայացնելով համաեվրոպական ճանաչում ունեցող գրողի մարդկային կերպարը, նշեց, որ հանկարծամահ է եղել 2009-ին՝ դարձյալ իր ազնիվ կեցվածքի պատճառով: Դա այն շրջանն էր, երբ հալածանք էր գնում Ռոման Պոլանսկու դեմ՝ նրան մեղադրում էին պեդոֆիլիայի մեջ, Իսկ Շեսսեն ակտիվ մասնակիցն էր ի պաշտպանություն Պոլանսկու կազմակերպված ակցիաների: Մի միտինգի ժամանակ Շեսսեն ելույթ է ունեցել ու նրա սիրտը կանգնել է հենց ելույթի պահին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031