Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյանն «օլիմպիական չեմպիոն» կդառնա

Հոկտեմբեր 29,2014 14:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման նոր համակարգում համերգահյուրախաղային բաժինը թեպետ վերանվանվել է պրոդյուսերական, սակայն էականորեն ոչինչ չի փոխվել, քանի որ բաժինը իր կոչմանը չի ծառայում: Թատրոնի սանկտպետերբուրգյան հյուրախաղերն էլ վերջին շրջանում կայանում են ՀՀ վաստակավոր արտիստ, երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի անձնական կապերի շնորհիվ: Ընդ որում, Մարիինյան թատրոնի եւ հայ դիրիժորի մասնագիտական կապերը տարիների ընթացքում այնքան են խորացել, որ ընթացիկ տարվա մայիսին Աստանայի օպերային թատրոն հրավիրված Դուրգարյանը ներկայացված էր իբրեւ Մարիինյան թատրոնի դիրիժոր:

Ի դեպ, Կարեն Դուրգարյանը 1996թ. Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում կատարելագործվել է անվանի դիրիժոր Իլյա Մուսինի ղեկավարությամբ, որի դասարանում ժամանակին ուսանել է Գերգիեւը: Սկսած 2000թ. սկզբներից, հայ դիրիժորը ոչ միայն Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ցանկալի հյուրն է, այլեւ Կոստանտինովյան, Յուրի Տեմիրկանովի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբերի հրավիրյալ դիրիժոր է, իսկ Միխայլովյան թատրոնի հետ ժամանակին տեղեկացրել ենք Դուրգարյանի հյուրախաղերը Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իտալիայում:

Օրերս Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում, տեղի ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ ու Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կայացել է «ԹօՊՈþքՌպրÿ ՏտպՐվօպ չՏսՏրՈ ԸՐՎպվՌՌ» խորագրով համերգ՝ մասնակցությամբ Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Անահիտ Մխիթարյանի, Քրիստինա Սահակյանի, Պերճ Քարազյանի եւ Հովհաննես Ներսեսյանի:

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Դուրգարյանը նշեց, որ այդ համերգով օպերային թատրոնը սկսել է միջոցառումների շարք՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ասաց նաեւ, որ համերգը կայացել է «Дворцы Санкт Петербурга» հանրահայտ փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցի, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի, ՀՀ մշակույթի նախարարության եւ օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի (տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան) համատեղ ջանքերով: «Լեփ-լեցուն դահլիճը, որտեղ հավաքված էր Սանկտ Պետերբուրգի մշակութային էլիտան, հիացմունքով ընդունեց մեր թատրոնի մեներգիչներին, ծրագրում էլ ընդգրկել էինք Կոմիտաս, Նարեկացի, Սպենդիարյան, Ռուբեն Ալթունյան եւ, իհարկե, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Անմիջապես այս համերգից հետո ստացանք հրավեր՝ կրկին մասնակցելու այս փառատոնի շրջանակներում կայանալիք առաջիկա համերգներին: Ամենակարեւորը՝ նման խորագրով համերգին մեզ հաջողվեց ներկայացված բարձր արվեստով ասել, որ հայերս եղել ենք, կանք ու կլինենք»:

Հայ օպերային 15 մեներգիչներ 2013թ. առաջին անգամ, դարձյալ Կարեն Դուրգարյանի կապերի շնորհիվ, բեմ բարձրացան Մարիինյան թատրոնում՝ Վալերի Գերգիեւի հանրահայտ «Звезды белых ночей» միջազգային փառատոնի շրջանակներում, որից անմիջապես հետո եղավ հրավեր՝ ներկայացնելու մեր թատրոնի՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը Մարիինյանում: Օրերս էլ Դուրգարյանի եւ Գերգիեւի հերթական հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել 2015թ. Մարիինյան թատրոնում Ազգային օպերային թատրոնի մեկ ներկայացումով հանդես գալու մասին:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում Կարեն Դուրգարյանը տեղեկացրեց նաեւ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ սահմանամերձ Իջեւանի, Նոյեմբերյանի, Շամշադինի զորամասերում օպերային թատրոնի նվագախմբի ու մեներգիչների ելույթների մասին. «Երեք օրում 4 համերգ ունեցանք: Այսկերպ մենք շնորհակալություն հայտնեցինք զինվորներին՝ խաղաղ օրերի, մեր ստեղծագործական աշխատանքը ապահովելու համար»:
Հետաքրքրությանը՝ իսկ ի՞նչ ծրագրեր ունի իբրեւ հրավիրյալ դիրիժոր, Կարեն Դուրգարյանը պատասխանեց. «Նոյեմբերին Լիոնի օպերային թատրոնում իբրեւ բեմադրող դիրիժոր կմասնակցեմ Պրոկոֆեւի «Մոխրոտը» բալետի բեմադրական աշխատանքներին, այնուհետեւ Լայպցիգում ռախմանինովյան ծրագրով կղեկավարեմ հռչակավոր Gewandhaus-ի նվագախումբը, հետո Մարիինյանում Վերդիի «Պարահանդես-դիմակահանդեսը» եւ այլն»: Ի դեպ, ասում են, երբ որեւէ դիրիժոր ղեկավարում է Gewandhaus-ի նվագախումբը, նա արդեն «օլիմպիական չեմպիոն» է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հովհաննես Ներսեսյանը (ձախից), Մարիա Սաֆարյանցը, Կարեն Դուրգարյանը, Քրիստինա Սահակյանը, Պերճ Քարազյանը եւ Անահիտ Մխիթարյանը Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում:

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031