Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի դեպքերը մարտի 1-ի պես չեն ներկայացվել»

Հոկտեմբեր 29,2014 13:30

Ըստ Լեւոն Բարսեղյանի, այդօրինակ դրվագները
դասագրքեր ներմուծելը դժվար է, բայց ոչ անհնարին

Երկու տարի առաջ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին մեղադրեցին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ, այն բանի համար, որ պատմաբանը իր գրած Հայոց պատմության դասագրքում Մարտի 1-ի դեպքերն ու նախագահական ընտրությունները ներկայացրել է սուբյեկտիվ ու աղավաղված:

Aravot.am-ի հետ զրույցում Էդիկ Մինասյանն ասել էր, թե՝ «Ես այսպես եմ գրել, դուք՝ ավելի լավը գրեք», ու ավելացրել, որ գիրքը հավանության է արժանացել մասնագիտական խմբագիրներ Պետրոս Հովհաննիսյանի ու ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի կողմից, այն երկար նայվել, քննարկվել է, ամբիոնի կողմից էլ՝ երաշխավորվել:

Դասագրքի վերաբերյալ իրենց տեսակետներն էին հայտնել մի շարք մասնագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, գրականագետներ, նշելով, որ պատմությունը պետք է անկողմնակալ լինի` գնահատականը թողնելով ընթերցողին:

Էդիկ Մինասյանը պատմության դասագրքում անդրադարձել է նաեւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, ինչը, սակայն, չքննադատվեց: «Առավոտի» հետ զրույցում Էդիկ Մինասյանն ասաց, թե կատարված ոճրագործությունը իր բոլոր կողմերով, բացասական հետեւանքներով հանդերձ, ներկայացված է գրքում. «Շատ մանրամասներ չկան գրքում, սակայն ներկայացված է տեղի ունեցածը իբրեւ Նաիրի Հունանյանի խմբի կողմից չարագործություն ու դատապարտելի արարք»:

Էդիկ Մինասյանի խոսքով՝ մեղադրանքներ այս մասով չեղան, ինչպես որ մարտի 1-ի դեպքերի պարագայում էր: Նա նաեւ ավելացրեց, որ ներկայացված նյութը դպրոցում հավանաբար մեկ դասաժամով կդասավանդվի:

«Առավոտը» ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից թեմայի վերաբերյալ կարծիք հարցրեց՝ արդյոք Հոկտեմբերի 27-ը պատմության դասագրքերում պետք է լինի՞, եթե այո, ապա ո՞վ պետք է այդ թեման պատրաստի, որ չմեղադրեն ապատեղեկատվություն տարածելու կամ՝ փաստերը խեղաթյուրելու մեջ, ինչպես եղավ մարտի 1-ի դեպքերը ներկայացնող Էդիկ Մինասյանի պարագայում: «Վստահաբար այդ պատմությունը պիտի լինի դասագրքերում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը, ավելացնելով, որ այդօրինակ դրվագները դասագրքեր ներմուծելը դժվար բան է, բայց ոչ անհնարին:

«Կարծում եմ՝ այդօրինակ դրվագների մասով պիտի լինի հանձնաժողով, որի անդամները պիտի լինեն այդ դեպքերի մասին ամենաբեւեռացված կարծիքներ ունեցողները, մասնագետները (պատմաբաններ եւ դասագիրք գրողներ` նույնպես, իհարկե): Սակայն սկզբունք պիտի լինի, որ այդ դրվագների նկարագրությունները լինեն բոլորի համաձայնությամբ, եթե որեւէ մեկը համաձայն չէ որեւէ ստորակետի, այն պիտի չլինի դասագրքում: Ինչ կունենանք, այդպիսով, երեւի միայն չոր փաստեր: Սակայն սրա հետ մեկտեղ, հարկ է, որ նախատեսվեն քննարկումներ կամ բանավեճեր դպրոցներում եւ բուհերում՝ այդ թեմաների շուրջ, որտեղ հնարավոր լինի լսել ամենատարբեր եւ բեւեռային տեսակետներ, ու այդ բանավեճերին պարտադիր մասնակից դարձնել աշակերտներին ու ուսանողներին»,- ասաց Լեւոն Բարսեղյանը, հավելելով, որ, ցավոք, այսպիսի նորամուծությունների այսպիսի ավտորիտար ռեժիմները պատրաստ չեն:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031