Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռօրյա սեմինար՝ Դիլիջանում

Հոկտեմբեր 29,2014 13:00

Դիլիջան քաղաքի «Դիլիջան Ռեզորտ» հյուրանոցում օրերս տեղի ունեցավ եռօրյա սեմինար՝ «Քրեական օրենսդրության եւ դատավարության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածների վերաբերյալ հմտությունների կատարելագործմանը» թեմայով: Սեմինարը կազմակերպել էր Եվրոպայի խորհուրդը՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները եւ դատական ծառայողները:
Այս միջոցառումը սեպտեմբերի 11-13-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորների եւ դատական ծառայողների համար կազմակերպված Քաղաքացիական ու վարչական օրենսդրության եւ դատավարության ոլորտում հմտությունների կատարելագործմանը նվիրված առաջին եռօրյա վերապատրաստման շարունակությունն էր:

Սեմինարը վարում էին Եվրախորհրդի փորձագետներ Դանուտե Ջոսիենեն, Մատիաս Հեյհնելը, Ջերեմի Մաքբրայթը, տեղացի փորձագետներից Արա Ղազարյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, այժմ՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը:

Սեմինարի հիմնական նպատակն էր ՄԻԵԿ իրավազորության շրջանակների ուսումնասիրությունը, ներպետական բարձր ատյանների դատարանների դերակատարումն ազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Հատուկ ուշադրության արժանացան ՄԻԵԿ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 8-րդ հոդվածները, քրեական դատավարության հարցերը եւ առավել համապատասխան ՄԻԵԴ նախադեպերը, այդ թվում՝ նաեւ 5-րդ հոդվածի համաձայն՝ անձին ազատության իրավունքից զրկելու հետ կապված դատական հսկողության միջոցների կիրարկումը, 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները եւ 8-րդ հոդվածով նախատեսված գաղտնի փաստաթղթերի՝ որպես ապացույցի, ներկայացումը:

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց համեմատելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրախորհրդի անդամ պետությունների ներպետական դատարանների լավագույն գործելակերպի օրինակները:
Կարեւոր էր Եվրախորհրդի փորձագետ Ջերեմի Մաքբրայդի ներկայությունը, քանի որ վերջինս բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնցով այսօր առաջնորդվում են պրակտիկ իրավաբաններն ու դատավորները:

Հետաքրքրական էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր, այժմ՝ Լիտվայի սահմանադրական դատարանի անդամ Դանուտե Ջոսիենեի մասնակցությունը, ով քաջատեղյակ էր Հայաստանի Հանրապետության դեմ քննված գործերի քանակից եւ արդյունքներից:

Ամփոփելով՝ նշենք, որ սեմինարը կրում էր ուսուցողական բնույթ եւ կարծես թե համերաշխում էր մասնակից կողմերին:

ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031