Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործող Հայ բժշկության պատմության թանգարանը շենքային աղերս ունի…

Հոկտեմբեր 29,2014 12:30

Օրերս կայացավ ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նիստը:

Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը ներկայացրեց, որ օրակարգի միակ հարցը վերաբերում է Հայ բժշկության պատմության թանգարանին տարածք հատկացնելուն եւ փաստեց, որ այն բարձրացրել է բժիշկ Հարություն Մինասյանը: Վերջինս խոսեց Հայ բժշկության պատմության թանգարան ունենալու անհրաժեշտության մասին եւ ներկայացրեց տասնյակ տարիների ընթացքում իր իսկ ստեղծած բժշկական թանգարանի ինքնատիպ նմուշները, պատմեց, որ թանգարանը շուրջ 20 տարի է, ինչ գործում է Արաբկիրի հ.11 պոլիկլինիկայի շենքում, ունի մոտ 30 000 ցուցանմուշ, որից ամենահինը մոտ 5000 տարեկան է:

Բանախոսը մանրամասնեց, որ տարածք ունենալու խնդրով բազմաթիվ դռներ է թակել, սակայն մինչ օրս խնդիրն անլուծելի է: Պրն Մինասյանն ընդգծեց, որ նմանատիպ թանգարաններ գործում են ինչպես ԱՊՀ, այնպես էլ քաղաքակիրթ շատ երկրներում, իսկ հայ բժշկության պատմությունն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի համաշխարհային բժշկության պատմության մեջ` որպես հնադարյան ազգ, որի ներկայացուցիչները մեծ ներդրում ունեն այդ կարեւորագույն բնագավառում: Ուստի, հայոց հողի վրա հայ բժիշկների օգտագործած իրերը, գիտական ուսումնասիրությունները, հայտնագործություններն ու նվաճումները մեծ ուշադրության են արժանի ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլեւ գիտական հասարակության, ուսանողության, պատմաբանների, զբոսաշրջիկների, հյուրերի ու այլ անձանց համար: Ի դեպ, ցուցանմուշներում արեւմտահայ բժիշկներին, այդ թվում՝ եղեռնին զոհ գնացած 500 բժշկի վերաբերող անհամար նյութեր կան:

Ընդունելով Հայ բժշկության պատմության թանգարանի գոյությունը, գնահատելով Հարություն Մինասյանի նվիրվածությունն ու հոգածությունը, նրա ստեղծած բազմաբնույթ, խոսուն ցուցանմուշներն ու հարուստ հավաքածուն, որն ավելի ներկայանալի կդարձնի մեր երկիրը, եւ այն, որ Մխիթար Հերացու ծննդյան 900-ամյակին (2018թ.) մնացել է ընդամենը երեք տարի, Պատմական-ազգային արժեքների պահպանության, պատկանելության օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը որոշեց դիմել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` աջակցելու եւ իր վերահսկողությամբ լուծելու մայրաքաղաքի համապատասխան տարածքում (թանգարանային միջավայր) Հայ բժշկության պատմության թանգարանին տարածք տրամադրելու կարեւորագույն եւ անհրաժեշտ հարցը:

Հուսանք, որ մի օր Հայ բժշկության պատմության թանգարանը կունենա սեփական տարածք…

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Լուսանկարը` hetq.am-ից

«Առավոտ» օրաթերթ
28.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031