Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սկեսուրի կողմից խոշտանգված հարսը դատարանում, ըստ փաստաբանի, կողմնակալ վերաբերմունքի է հանդիպում

Հոկտեմբեր 28,2014 23:13

Սկեսուրի կողմից դաժանորեն ծեծի ենթարկված  Մարիամ Գեւորգյանի` բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման հայցով դատական նիստում դատավորն, ըստ փաստաբանի, կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում:

Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով օրերս տեղի ունեցած դատական նիստն, ասաց, որ դատավոր Ելենա Քոչարյանը խոչընդոտում է հարցեր հնչեցնելուն եւ կանխակալ մոտեցում է ցուցաբերում:

Փաստաբանի պատմելով` իրենք դիմել են դատարան Մարիամ Գեւորգյանի սկեսուր Հայկանուշ Միքայելյանի կողմից պատճառված վնասվածքների համար դրամական փոխհատուցում   ստանալու պահանջով` 10 միլիոն դրամ` բարոյական վնասի փոխհատուցում, եւ  2 միլիոն 623 հազար դրամ` նյութական վնասի: Այսինքն` կատարված եւ կատարվելիք բժշկական ծախսերի փոխհատուցման համար պահանջվող գումարն է:

«Մենք միջնորդել էին նշանակել դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություն` պարզելու, թե առկա վնասվածքների հետ կապված  ինչպիսի՞ բժշկական միջամտություն է հարկավոր, ի՞նչ դեղորայք, ի՞նչ բժշկական ծառայություններ, եւ որքա՞ն կկազմի դրանց արժեքը, եւ արդյոք  աշխատունակության կորուստ վնասվածքների արդյունքում առաջացե՞լ է, թե` ոչ: Փորձագետները, զարմանալիորեն, նույն էին, որոնք նաեւ քրեական գործով էին իրականացրել փորձաքննություն, եւ այն ժամանակ դատարան էին ներկայացրել մեզ համար ակնհայտ թերի եւ ոչ արժանահավատ եզրակացություն: Այս անգամ եւս ոչ արժանահավատ եզրակացություն տվեցին, կրկին թերի, մասնակի, ու ոչ արժանահավատ»,-ասաց փաստաբանը:

Նոնա Գալստյանն իր պնդումները, մեզ հետ զրույցում հիմնավորում է այն հանգամանքներով, ըստ որոնց, փորձագետները Մարիամ Գեւորգյանի սպիներից մեկի վերաբերյալ գտել են, որ կարելի է կատարել պլաստիկ վիրահատություն, մեկն էլ` պիլինգ կատարել, իսկ մնացածների` 6-7 սպիների  մասին փորձագետները պատասխանել են, որ լիարժեք վերականգման համար մեթոդներ գոյություն չունեն: «Այսինքն` փորձագետները նախապես գնահատել են,  որ այս կամ այն բժշկական միջամտությունը արդյունավետ կլինի՞, թե ոչ, այն պարագայում, երբ բժշկական միջամտության արդյունավետությունը պայմանավորված է կոնկրետ անձի օրգանզիմի առանձնահատկությունով, ճիշտ վիրահատական միջամտությունով, ճիշտ ընտրված դեղորայքով եւ այլն: Այս պահին արդյունավետության մասին հետեւություն անել, մեր խորին համոզմամբ, չի կարելի: Մնացած սպիերի մասին ասել են` որեւէ բան անել հնարավոր չէ»,-նկատեց փաստաբանը:

Նոնա Գալստյանն դատարանին միջնորդել է նշանակել կրկնակի բժշկական փորձաքննություն, մինչ միջնորդության անդրադառնալը, դատարանը եւ պատասխանող կողմը միջնորդել էին փորձագետներին հրավիրել դատարան, ինչ հայցվոր կողմը չի առարկել: Մինչ փորձագետների դատարան ներկայանալն ու բացատրություն տալը, Նոնա Գալստյանը  6 բժշկական հաստատություններում հարցումներ է կատարել եւ ստացել պատասխաններ, ըստ որոնց Մարիամ Գեւորգյանի բոլոր սպիները հնարավոր են վերականգնել բժշկական միջամտությամբ` պիլինգի, պլաստիկ վիրահատության, լազերային միջոցով, այս բոլոր մեթոդները կիրառելով` Մարիամ Գեւորգյանը սպիները կարելի է վերացնել:

Երբ այս պատասխանները դատարանում փաստաբանը ներկայացրել եւ հարց ուղղել փորձագետներին` այս միջոցները հայտնի չե՞ն, որ դատարանին վերոնշված եզրակացությունն են տվել, փորձագետներն ասել են, որ այդ միջոցներն արդյունավետ չեն, կամ փորձաքննության պահին տվյալ լազերային սարքը դեռ Հայաստանյան շուկայում չի եղել, կամ` նշված մեթոդները ապացուցված չեն: Մինչդեռ փաստաբանն ասաց, որ որեւէ մեկը բժշկական մեթոդի արդյունավետությունը չի կարող ապացուցել, քանի որ մեկի վրա արդյունքը կարող է 100% արդյունավետ լինել, մյուսի դեպքում` ավելի քիչ:  «Մենք այդպես էլ արժանահավատ պատասխան չստացանք: Ընդ որում, փորձագետներից մեկն ասաց, որ ինքն իր հիվանդերին ուղարկում է նշված լազերային բուժմանն ու ծանոթ է այդ սարքին: Այս ամսին արձանագրությունը կա: Իմ հարցադրումների ժամանակ դատարանն անընդհատ փորձում էր ինձ խոչընդոտել, դատավոր Ելենա Քոչարյանն մի նկատառում արեց, որ ես դուրս եմ գալիս էթիկայից եւ երիտասարդ մասնագետին դնում են անհարմար վիճակի մեջ իմ հարցերով: Սա արդեն կողմնակալ մոտեցում է դատարանի կողմից` ի օգուտ պատասխանողի: Ըստ էության փորձագետների նման եզրակացություն տալն ու դատարանի նպատակն այն է, որ Մարիամ Գեւորգյանին բազմաթիվ վնասվածքներ պատճառած կինը` Հայկանուշ Միքայելյանը հնարավորինս քիչ ֆինանսական փոխհատուցում տա: Մինչդեռ մենք ապացուցեցինք, որ կան մեթոդներ, որոնք արդյունավետ կազդեն Մարիամի վրա, եւ ճիշտ բուժում լինի»,-ասաց Նոնա Գալստյանը:

Վաղը Արարատի եւ Վայոց Ձորի դատարանում այս գործով հերթական դատական նիստն է լինելու, հայցվոր կողմը միջնորդելու է նորից նշանակել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031