Մեկ ամիս առաջ Սևանա լճից ջրաբացթողման հետևանքով տուժած Ջրառատ թաղամասի խնդրի առնչությամբ այսօր զրուցեցինք Հրազդանի քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից դրամական օգնություն է տրամադրելու բոլոր 14 ընտանիքներին: Հարցը օրակարգային է և քննարկվելու է հաջորդ ամսվա կեսին կայանալիք ավագանու նիստի ժամանակ: «Մարդ կա՝ շատ է տուժել, մարդ կա՝ քիչ, բոլորին միանշանակ օգնելու ենք», -ասաց նա:
Պարոն Տիգրանյանը նաև մանրամասնեց, որ իրենք խնդրի մասին գրավոր տեսքով տեղեկացրել են Կոտայքի մարզպետարանին. մարզպետարանի աշխատակիցն անձամբ մասնակցել է համայնքային հանձնաժողովի աշխատանքներին: Թե որքան գումար է նախատեսել համայնքը՝ բանախոսը պաշտոնապես կհրապարակի ավագանու կողմից ծրագրի հաստատումից հետո:
Նույն խնդրի շուրջ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը նշեց, որ բնակիչներից մեկը դիմել է մարզպետարան, այնուհետև մարզպետարանի հրահանգով համայնքային իշխանությունները հարցին ընթացք են տվել և գնահատել վնասը: Առկա գրությունը վերաբերում է միայն մեկ մարդու: Պարոն Օհանյանը շեշտեց, որ Ջրառատ թաղամասի կրած վնասի չափի վերաբերյալ ընդհանրական փաթեթ դեռևս չի ներկայացվել Կոտայքի մարզային հանձնաժողով:
Քաղաքապետի տեղակալի հետ հաջորդիվ զրույցից պարզ դարձավ, որ Կոտայքի մարզպետարանին ուղղված գրության մեջ ներկայացվել է Ջրառատում տիրող իրավիճակը և պատճառված վնասը: Նա նաև հավելեց, որ համայնքային հանձնաժողովը դեռ վերջնական արդյունքի չի հասել. կարտոֆիլից զատ՝ պիտի գնահատվի կաղամբի վնասը: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կներկայացվի Կոտայքի մարզպետարան:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արմեն Օհանյանի ֆեյսբուքյան էջից
Անի ԱՆՏՈՆՅԱՆ