Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է նորածնի հայրը և ի՞նչ կապ ունի հարևանուհին երեխայի առուվաճառքի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2014 21:00

Ինչպես հայտնի է՝ Գյումրու Ստրոմաշ թաղամասի շենքերից մեկում գրանցվել էր նորածին երեխայի առուվաճառքի դեպք: Երեխայի տատիկը՝ 48-ամյա Լամարա Ասլանյանը ոստիկանության «Կումայր»-ի բաժին բողոք էր ներկայացրել այն մասին, որ նախնական պայմանավորվածության համաձայն, գնորդը, ճանաչելով երեխայի հայրությունը, վերցրել է նրան, սակայն խոստացված հազար դոլարը չի տվել: Առուվաճառքի փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական  բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանշներով, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ինչպես երեխային գնելու, այնպես էլ վաճառելու համար: Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի  Ասլանյանը: Իսկ պատժաչափ սահմանված է երկուսից-հինգ տարի:

Քանի որ Գյումրիում ակտիվորեն պտտվում են խոսակցություններ այն մասին, որ երեխայի գնորդը եղել է հենց նրա հայրը (այս մասին հրապարակավ խոսում էին նաև հարևանները), որը որպես սուրագատ մայր է օգտագործել 24–ամյա Արմինեին. նախնական պայմանավորվածության  համաձայն  վերջինիս հղիացրել է` երեխային հետագայում վերցնելու պայմանով, մենք փորձեցինք հետաքրքրվել, թե որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Այսօր այցելեցինք Ասլանյանների բնակարան՝ հանդիպելով թե այս տիկնոջը, թե նորածնի մորը՝ Արմինեին: Վերջինս հրաժարվեց նկարահանվել, տեսախցիկից դուրս խուսափելով պատասխանել այն հարցին, թե ով է երեխայի հայրը: Իսկ նրա մայրը՝ Լամարա Ասլանյանը, մեզ հետ զրույցում պնդեց, որ իրենք երեխայի առուվաճառքով չեն զբաղվել,  այլ այս աղմուկը հարևանուհին է գցել: Ըստ այս տիկնոջ, ոչ թե ինքը, այլ հարևանուհին է բողոք ներկայացրել ոստիկանություն, թե իրենք զբաղվել են երեխայի առուվաճառքով: Իրեն էլ հրավիրել են ոստիկանություն, հայտնել այդ լուրը, իր փոխարեն ցուցմունք են գրել, ինքն էլ անգիտակցաբար ստորագրել է:

Թե ի՞նչ շահագրգռվածություն ուներ հարևանը, տիկին Լամարայի  ասելով, նա հետները չունի, վիճաբանել է իր աղջկա հետ ու այդ լուրերը տարածել: «Մենք անապահով ընտանիք ենք,  էրեխին տվել  ենք, տարել են, հուսալի ձեռքերում կպահեն, պիտի թողնեինք մանկատանը կամ հիվանդանոցում, դրա փոխարեն տարանք, տվեցինք իրեն»,-ներկայացրեց տատիկը: Մեր այն հարցին, թե երեխայի հա՞յրն է տարել, նրանի՞ց էր երեխան, Լամարա Ասլանյանը ևս խուսափեց պատասխանել: Մեր հարցապնդմանը ի պատասխան, տիկին Լամարան ասաց, որ երեխային տանողը իրենց ծանոթ, մոտիկ մարդ է, Ամասիայի գյուղերից, նրանք 17 տարի երեխա չեն ունեցել: Մեր զրուցակցի ասելով, իր դուստրը երեք տարեկան ևս մեկ երեխա ունի, հազիվ են կարողանում պահել, ուր մնաց երկրորդին տեր լինեին:

IMG_4310

«Ճիշտ չենք արել, բայց ի՞նչ արած,աշխատանք չունենք, հիվանդ ենք, ամուսինս էլ ներկայանում է, թե ուրիշի երեխեքին բերենք-պահե՞նք, թող տանեն-մանկատուն գցեն»,- ասում է Լամարա  Ասլանյանը: Նա նաև ասում է, որ իրենք կարտոֆիլ են կրում-բերում դաշտերից, մի կերպ են գոյատևում: Տիկնոջ ասելով, հարևանուհին՝ Ռուզաննա  Ավդալյանը, հետևներից է ընկել, իր եղբոր երեխաները գնում-գալիս են, սակայն հարևանուհին կասկածում է, որ մարդ են տանում-բերում: Արմինեն չհամաձայնեց խոսել, սակայն նա ևս դժգոհեց հարևանուհուց;

Մենք Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն կասկածներ առ այն, որ հենց երեխայի հայրն է եղել գնորդը: «Քրեական գործի նյութերով, դատախազության կողմից ուսումնասիրության ընթացքում տվյալներ չեն եղել երեխայի հոր կողմից իր երեխային գնելու վերաբերյալ, ուստի դրա պատասխանը ներկա պահին տալ հնարավոր չէ: Քրեական գործի ավարտական փուլում կպարզվի նաև ձեր կողմից նշված հանգամանքը»,- ասաց պարոն Ասլանյանը: Իսկ ինչ վերաբերում է Լամարա Ասլանյանի այն պնդումներին, որ ոչ թե ինքը, այլ հարևանուհին է դիմել ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով, թե իր ընտանիքը զբաղված է երեխայի առուվաճառքով, Րաֆֆի Ասլանյանը մեկ անգամ ևս կրկնում է, որ Լամարա Ասլանյանը ոստիկանության «Կումայրի» բաժին անձամբ է հաղորդում ներկայացրել:

Մանրամասները տեսանյութում

Նշենք, որ, ըստ, տարածված տեղեկությունների, նորածին երեխայի համար գնորդ ճարել է հենց հարևանուհին, որը և քաջատեղյակ է այս պատմության մանրամասներին: Գյումրեցիներից շատերին այս պատմությունից տխրեցրել է թերևս այն, որ ավանդական, նամուսի ու պատվի քաղաքում նման դեպք է արձանագրվում, երեխայի վաճառքը ընչազուրկ  մարդու համար  դառնում  է փող աշխատելու  միջոց…

IMG_4309

Նշենք, որ այս ընտանիքի թշվառ ապրելակերպը բառերով բնութագրել հնարավոր չէ. բնակարանը թեև քարե շենքի  երրորդ հարկում  է, սակայն զուրկ է լուսավորությունից, ջեռուցումից, նույնիսկ նստելու մի աթոռ չկար, տան միակ արժեքավոր ապրանքը դաշտերից բերած ու սենյակի հատակին փռած  կարտոֆիլն  էր…

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մենք մեզ չենք ճանաչում, կամ չենք ուզում նայել ճշմարտության աչքերին: Այդպիսի ընտանիքներ, այդպիսի կենսամակարդակ հայաստանում հազվագյուտ չեն: Դա ուրիշ աշխարհ է, որը չկա հասարակական գիտակցության մեջ: Գրողները չեն գրում, նկարիչները չեն նկարում, ռեժիսորները ֆիլմ չեն նկարում, լրատվությունը անդրադառնում է այսպիսի դեպքերում, ու նոր բոլորը շոկի մեջ են ընկնում- վայ, սա ինչ խայտառակություն է: Խայտառակությունն այն է, որ նրանք դուրս են մղված կյանքից, ուշադրությունից, մասնակցությունից: փաստորեն վեր ենք ածվել կաստայական հասարակության: Շատ վերև նայողները և վերևներին ծափահարողները, բնականաբար, չեն տեսնում, թե ինչ է կատարվում ներքևներում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031