Հոկտեմբեր ամսվա ընթացքում Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի դպրոցում օգոստոսին կազմավորված «Երկխոսություն» ինտերակտիվ թատերախումբը ներկայացումներով հանդես եկավ սեփական համայնքում, հյուրախաղեր ունեցավ սահմանամերձ Վանանդում և Գետաշենում՝ ունենալով 300-ից ավելի հանդիսատես:
Թատերախմբի ստեղծման գաղափարի հեղինակն ու իրագործողը ես եմ՝ Լիլիթը՝ Դալարիկ համայնքից: Իմ գլխում տարբեր գաղափարներ են ծնվում, հետո դրանց ձեռքը կրակն եմ ընկնում, որովհետև փորձում եմ իրագործել:
Ես չեմ ուզում իզուր ապրած օր ունենալ, որովհետև գիտեմ, որ ոչ մի օրս երբեք չի կրկնվի, եթե կորցնեմ, կկորցնեմ հավերժ: Ժամանակ չկորցնելու ու նոր բան գտնելու համար որոշեցի մեր գյուղում մի փոքրիկ դրամաշնորհային ծրագիր իրականացնել:
Ես հեչ ռեժիսոր չեմ, բայց գյուղում ինտերակտիվ թատերական խմբակ ստեղծելու ծրագիր ներկայացրեցի Էկոլաբ ծրագրին, որը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարության և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի կողմից: Ծրագրի համար ֆինանսավորում ստացա, որը նախատեսված էր անհրաժեշտ պարագաների ձեռք բերման և ճանապարհածախսի համար. ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներն իրականցվելու էին կամավորության հիմունքներով:
Կարդացեք նաև
Մի քանի պատճառներ կան, որոնք հիմք հանդիսացան այս ծրագրի գաղափարի համար: Նախ, թատրոնը՝ որպես արտթերապևտիկ միջոց երեխայի անձի զարգացման վրա դրական ազդեցություն է գործում, օգնում է բացահայտել նրա տաղանդներն ու ուժեղ կողմերը: Մյուս կողմից՝ թատրոնը միանգամից մեծ թվով զանգվածներին ասելիքը տեղ հասցնելու շատ լավ միջոց է: Մենք ուզում էինք մեր և հարևան գյուղերի բնակիչների ուշադրությունը հրավիրել կարևոր խնդրի շուրջ:
Այսպես հիմնվեց Դալարիկի «Երկխոսություն» ինտերակտիվ թատրոնը, որն ունի 20 անդամ: Ծրագրի մեկնարկին պարզ դարձավ, որ ռեժիսոր ընկերս չի կարող մասնակցել ծրագրին: Ես իմ թատերախմբի հետ մենակ մնացի:
Սկսեցի ծրագրի հետ կապված վատ երազներ տեսնել: Քանի որ ետդարձի ճանապարհ չկար, ինքս սկեցի աշխատել արդեն կազմավորված թատերախմբի հետ: Թատերախմբի աշխատանքներն սկսվեցին օգոստոսին: Մտքումս անընդհատ սցենարի գաղափարն էր, չգիտեի ինչ գրել, ինչպես բեմադրել… Մի խոսքով, քունս էլ կորցրեցի, մինչև աշակերտների հետ սցենարը պատրաստեցինք ու փորձերը սկսեցինք:
Սեպտեմբերին խմբի հետ միասին ներկայացման սցենար մշակեցինք, հոկտեմբերին ներկայացումներով հանդես եկանք Դալարիկում, Վանանդում և Գետաշենում: Ներկայացման թեման մարդ-բնություն հարաբերություններն են, որտեղ միշտ կոնֆլիկտ և անհավասարություն կա: Ներկայացման կարևոր ասելիքն այն էր, որ մենք ոչ միայն մեր, այլև մեր կողքին ապրողների վարքի համար ենք պատասխանատու, քանի որ կարող ենք ազդել նրանց վրա՝ շրջապատն ավելի լավը դարձնելով:
Ներկայացման հերոսները ծառերն ու ծաղիկներն են, ովքեր բողոքում են մարդկանց անողոք վերաբերմունքից ու անտարբերությունից: Իզուր չի, որ ներկայացումը վերնագրել ենք «Բնության ձայնը»՝ փորձելով այսկերպ լսելի դարձնել բնության ապրումները, որոնց մասին մարդիկ վաղուց մոռացել են:
Խմբակի մասնակիցները խոստովանում են, որ խմբակից հետո իրենց վարքում շատ բան է փոխվել. եթե նախկինում ուրիշների վարքին անտարբեր էին, այժմ չեն հանդուրժում, երբ նկատում են, թե ինչպես են մարդիկ աղտոտում բնությունը, իրենց համայնքը կամ երկիրը: Այժմ նրանք գիտեն, որ ամեն դրական փոփոխություն պետք է սկսեն իրենցից: Իսկ հանդիսատեսը ներկայացմանն անմիջական մասնակցության հնարավորություն ստացավ. սա թույլ է տալիս ինտերակտիվ թատրոնի ձևաչափը:
Նրանք ներկայացման հերոսների սխալներն ուղղելու հնարավորություն ունեին, գուցե ոմանք հերոսների սխալներում նաև իրենց գտան, հուսանք, որ նաև սեփական սխալները կուղղեն: Ողջ ծրագրի և ներկայացման նպատակն էլ հենց դա էր, որպեսզի մարդիկ վերանայեն իրենց վերբերմունքը բնության նկատմամբ, իրենց պատասխանատու զգան մարդկության և ապագա սերունդների առաջ: Թատրոնը շատ լավ միջոց է զանգվածների վրա ազդելու համար, եթե կարողանում ես ասելիքդ հասցնել հասցեատիրոջը, այն հզոր միջոց է կյանքն ու մարդկանց դրական ուղղությամբ փոխելու համար:
…Ես այդպես էլ ռեժիսոր չդարձա, բայց տաղանդավոր երեխաների շնորհիվ ստացված ներկայացում ունեցանք: Հիմա, երբ ծրագիրը հասել է իր հաջող ավարտին, ուրախանում եմ, երբ հիշում եմ, որ ոչինչ էլ հեշտ չէր, որովհետև վստահ եմ, որ ամեն դժվարություն ճոխ վարձատրություն է խոստանում: Թող մեր վարձատրությունը լինի մարդկանց գիտակցության և մտածողության դրական փոփոխությունը:
… Ի դեպ, մի միտք էլ է գլխումս պտտվում. ծրագրի ավարտից հետո (հոկտեմբերից հետո) ուզում եմ թատերախմբի աշխատանքները շարունակել, որովհետև այն երեխայիս պես եմ սիրում, ու չեմ ուզում էսպես մանուկ-մանուկ լքել նորածին բալիկիս: Պետք է ռեժիսոր ճարել, ով բալիկիս կորդեգրի ու կսիրի իր երեխայի պես:
Լիլիթ Հակոբյան