Հայաստանի կոմպոզիտորների միությունը հոկտեմբների 31-ից նոյեմբերի 3-ը կանցկացնի Հայ ժամանակակից երաժշտության փառատոն, որի շրջանակներում կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները:
Նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական կամերային նվագախմբերին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, ինչպես նաև մենակատարների Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից և Շվեյցարիայից:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնի մասին տեղեկացվել են նաև աշխարհի առաջատար հրատարակչությունները, որոնք կընտրեն և կհրատարակեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները. «Բայց,քանի որ այս տարվա փառատոնին նրանց մասնակցությունն ապահովելու համար արդեն ուշ էր, նրանց հրավերներ ենք ուղարկել հաջորդ տարվա համար»,- նշեց Ա. Սաթյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում պետք է պայմաններ ստեղծվեն տաղանդավոր երիտասարդների առաջխաղացման համար. «Մեր ժամանակակից կոմպոզիտորներն արտասահմանում դահլիճներ են լցնում, իսկ Հայաստանում՝ ոչ, որովհետև նրանց չեն ճանաչում: Եվ այստեղ լրատվամիջոցները ևս ունեն իրենց մեղքի բաժինը»,- ասում է Ա. Սաթյանը:
Վերադառնալով փառատոնին՝ նա տեղեկացրեց, որ ներկայացվելու են 2000 թվականից հետո գրված ստեղծագործությունները. «Փորձելու ենք հանրագումարի բերել այն, ինչ ստեղծվել է անկախ Հայաստանում»,- ասում է կոմպոզիտորների միության նախագահը:
Կարդացեք նաև
«Մեր կատարողական արվեստը թույլ է տալիս երիտասարդ կոմպոզիտորների բարդ գործերը կատարել: Այս առումով մեր կոմպոզիտորների և կատարողների միասնական աշխատանքը շատ բեղմնավոր է և դրված է խելացի հիմքերի վրա»,- ասաց ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ հավելելով, որ թեև մենք մեր երաժշտության լավագույն նմուշները դասականների անունների հետ ենք կապում, բայց և այնպես, այսօր էլ ունենք փայլուն երիտասարդ ստեղծագործողներ. «Պարզապես հիմա աշխարհի հետ շփվելու հնարավորությունը շատ է մեծացել, և երիտասարդների՝ նոր իրադրության մեջ հայտնվելը մտահոգում է ավագ կոմպոզիտորներին այն առումով, որ նրանց կապը կարող է կտրվել մեր ավանդական երաժշտությունից»,- ասում է Տ. Մանսուրյանը:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի 4 համերգների ընթացքում կհնչեն Տ. Մանսուրյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի, Գագիկ Հովունցի, Արեգ Լուսինյանի և այլ կոմպոզիտորների մոտ 28 ստեղծագործություններ: Բացման և փակման համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բացմանը կմասնակցի Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), իսկ փակմանը՝ Երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):
Նոյեմբերի 1-2-ն էլ Կամերային երաժշտության տանը հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը կներկայացնեն Կամերային նվագախումբն ու երգչախումբը: Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 1-ին Կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա նաև Կոնսերվատորիայի ուսանողների կամերային համերգը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ