Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական լսումներ՝ «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով

Հոկտեմբեր 28,2014 18:54

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով:  Լսումների ժամանակ հիմնական զեկույցով հանդես են եկել Պառլամենտական կարողությունների զարգացման փորձագետ Ալիստար Դոհերտին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ, Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջը:

Ալիստար Դոհերտին իր զեկույցում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մշտական հանձնաժողովների դերին: Նա նշել է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանում հանձնաժողովի խնդիրն է լիագումար նիստի ժամանակ նախագծում փոփոխություն կատարելուց հետո կառավարությանը ստիպել պաշտպանելու իրենց տեսակետը: Մեծ Բրիտանիայում օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև մշտական հանձնաժողովը, ինչը նշանակում է, որ խորհրդարանն արտոնյալ կարգավիճակ է ստեղծում հանձնաժողովի կամ նրա անդամներից յուրաքանչյուրի համար: Բացի այդ  հանձնաժողովը լիազորված է օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ կատարել, ինչը կառավարության անդամներին ստիպում է ավելի ուշադիր լինել իրենց կատարած գործի հանդեպ: Փորձագետը նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի մշտական հանձնաժողովների երկու տեսակ` օրենսդրական և վերահսկողական:

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր զեկույցում կարևորել է  հանձնաժողովների ֆինանսավորման անհրաժեշտությունը: Պատգամավորը ներկայացրել է տարբեր եվրոպական երկրներում առկա փորձը՝ նկատելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, մշտական հանձնաժողովները ֆինանսավորվում են: Նրա կարծիքով՝ այդպես հանձնաժողովին տրվում է աշխատելու հնարավորություն: Անդրադառնալով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների թվին՝  նա  այն ուռճացված չի համարել, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ կա 12 մշտական  հանձնաժողով ունենալու իրավունք: Ըստ նրա՝  կան հանձնաժողովներ, որոնք կարող են միավորվել:

Հանրային իրավունքի պրոֆեսոր Ալան Փեյջն իր զեկույցում նշել է, որ հանձնաժողովներն անբաժանելի են շատ օրենսդիրների աշխատանքային գործունեությունից: Նրա դիտարկմամբ` մշտական հանձնաժողովներն ունեն կարևոր առավելություններ` մասնագիտացվածության, մանրակրկիտ ուսումնասիրության, խորհրդատվության և հանրության ներգրավման առումներով: Օրինակ՝ Ֆրանսիայում հանձնաժողովն իր քննարկման արդյունքում կարող է մերժել նախագիծը կամ ընդունել այն` փոփոխություններով, լրացումներով կամ առանց դրանց: Պորտուգալիայում հանձնաժողովները պատասխանատու են օրինագծերի նախնական քննարկումների համար, իսկ Սերբիայում Ազգային ժողովի կողմից օրինագծի քննարկմանը նախորդում է դրա ուսումնասիրությունը իրավասու հանձնաժողովի կողմից: Այստեղ հանձնաժողովները կարող են անցկացնել օրինագծերի հանրային լսումներ:

Բանախոսները հանդիպման ժամանակ պատասխանել են նաև հնչեցված հարցերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031