Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Նախ դուք դարձեք ընդդիմություն, որ մենք էլ ձեզ ընդդիմություն լինեինք»

Հոկտեմբեր 28,2014 18:17

«Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխվել և գլուխ եմ խոնարհում նրա ունակության վրա մարդկանց վերցնել, օգտագործել, հետո հրաժարվել»,-Aravot.am-ի դիտարկմանը, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտորեն փոխվելու մասին շատերն են խոսում, Հայաստանի քաղաքագետների միությունում հրավիրված՝ ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետևանքներին վերաբերող քննարկմանն այսպես պատասխանեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Նա նշեց, թե շատ բան է տեսել, բայց այն, ինչ հաջողվել է  Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքը նման բան չի տեսել: Այնուհետև պարոն Կարապետյանը թվարկեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «օգտագործվածներին, հետո նրանցից հրաժարվածներին». «Կարող եմ թվարկել Վազգեն Մանուկյանին, Վանո Սիրադեղյանին, Խաչատուր Սուքիասյանին, Նիկոլ Փաշինյանին, բոլորին, ովքեր նրա կողքին են եղել: Քաղաքականության մեջ դա նորմալ բան է»: Մեր հարցին, թե կհաջողվի՞ արդյոք Տեր-Պետրոսյանին այդպես վարվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  հետ, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, այն, ինչ տեսել եմ, դուք էլ եք տեսել: Ամեն ինչ Ձեր աչքի առաջ է եղել: Բայց պարոն Տեր-Պետրոսյանի փորձառությունը, այդ հարցում հմտությունը, քաղաքական մտքի արգասիքի արտահայտման ձևը, տրամաբանությունը. դժվար կլինի Ծառուկյանին»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞ւր է տանում եռյակի գործունեությունը, այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցությունը ևս միացավ եռյակին, պարոն Կարապետյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ այս պահին զարգացումներ կան: Ինչքան ես հասկացա, դրվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ: Հիմա իշխանությունները դժվար գնան նման քայլի, քանի որ ճիշտն ասած, պարզաբանումներ չենք լսել՝ ինչո՞ւ: Եթե ընդդիմություն է, միշտ ընդդիմությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դա հասկանալի է: Միգուցե գործի վրացական սցենա՞րը, համաձայն որի՝ խորհրդարանը վերցնելով՝ կառավարություն կազմեն: Բայց այժմ  իշխանությունը որևէ փաստարկ բացի պայմանավորվածություններից չունի դա անելու»:

Մեր դիտարկմանը, կարծես թե Արամ Կարապետյանը ընդդիմանում է ընդդիմությանը, ինչի մասին Տեր Պետրոսյանն ասել էր. «Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է»:Պարոն Կարապետյանն արձագանքեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական սխալներ է անում, երրորդ ուժի բացառումը դոկտորի կոչում ունեցող մարդու համար, որը երկար է քաղաքականության մեջ, աններելի է: Հանրահավաքում ելույթ ունեցողների իննսուն տոկոսը քաղաքագիտական սխալներ են անում»:

Այնուհետև դիմելով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ պարոն Կարապետյանն կատակով ասաց. «Պարոն Տեր-Պետրոսյան, եթե ձեր ասած ջղաձգվողներից լինեի, կասեի՝ նախ դուք դարձեք ընդդիմություն, որ մենք էլ ձեզ ընդդիմություն լինեինք: Կոչում եք ձեզ, նկատի ունեմ եռյակին, ոչ իշխանական, այլընտրանքային, ալտերնատիվ: Նման երեխայական տերմիններով պարոն Տեր-Պետրոսյանը չի կարող որևէ մեկին ստիպել լսել այդ կարծիքը: Ուղղակի խորհուրդ կտայի, եթե մինչև վերջ արմատականացնեին գործընթացը, այդ ժամանակ կերևային, թե ովքեր են իրենց բարեկամները»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031