«Վիզաներ ստանալու գործընթացն ավելի հեշտացնելը կարևոր ենք համարում, քանի որ եթե մարդ իմանա, որ կարող է առանց խնդիրների վիզա ստանալ դեպի Եվրոպա ու ցանկացած ժամանակ գնալ-գալ, երբեք չի գնա անօրինականությունների: Ցավում եմ, որ մարդիկ իրենց փաստաթղթերը պատռում են ու անօրինական ճանապարհով գնում այլ երկիր: Բայց կանխելու ձևը ոչ թե պատժելն է, այլ Հայաստանի հարաբերությունները մեր եվրոպական հարևանների, բարեկամների հետ կարգավորելն է»,- այսօր «Համաձայնագիր Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» մոնիտորինգի հաշվետվության ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Գիտաժողովի կազմակերպիչները նախ հյուրերին ներկայացրին երկլեզու գիրք՝ «Մոնիտորինգի հաշվետվություն.համաձայնագիր Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» վերնագրով, որտեղ զեկույցների հեղինակներն անդրադարձել են վիզաները ստանալու պարզեցման հիմնական դրույթներին ու ներկայացրել իրենց աշխատանքները:
Դիտարկումներն իրականացվել են հաշվի առնելով այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև՝ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան մասնաճյուղը միասին փորձել են ի մի բերել՝ ինչ փոփոխություններ են կատարվել վիզաների տրամադրման ոլորտում այս կարճ ժամանակահատվածում:
Գրքի հեղինակներից ու գիտաժողովի մասնակից Նիկոլայ Իսրայելյանը փորձեց հակիրճ ներկայացնել ուսումնասիրության հիմնական արդյունքները, կարևոր փոփոխություններն ու ձեռքբերումները. «Հիմնական փոփոխությունները երեքն են. համաձայնագիրը ստորագրելուց հետո ավելի քիչ փաստաթղթեր են անհրաժեշտ վիզա ստանալու համար: Նախկին 60 եվրոյի փոխարեն վիզայի արժեքը ըստ համաձայնագրի սահմանվել է 35 եվրո, իսկ մի շարք մարդկանց վիզան կտրվի անվճար: Հիմա վիզան տրամադրելու որոշումը պետք է կայացվի 10 օրում՝ չնայած որոշ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր: Սակայն նաև պետք է նշել, որ հրատապության դեպքում նաև տեղեկացվում է, որ երկու օրվա ընթացքում կարելի է որոշում ընդունել:
Կարդացեք նաև
Ասեմ նաև, որ պարզեցված կարգով վիզա կարող են ստանալ բուժման կարիք ունեցող անձիք, պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, ուսուցիչները, կրթական ու գիտական միջոցառումների մասնակիցները, լրագրողները՝ նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի հետ միասին»:
Նիկոլայ Իսրայելյանը նաև հավելեց, որ շատ կարևոր է, որպեսզի պարզ լինի, որ տվյալ անձնավորությունը արտերկիր է մեկնում գործնական, այլ ոչ թե անձնական հարցերով: Այս դեպքում արտերկրում կայանալիք որևէ միջոցառման կազմակերպչի պաշտոնական հրավերն էլ ավելի կհեշտացնի Շենգեն վիզա ստանալու ընթացքը:
Սյունե ՍԵՎԱԴԱ