Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ազատամարտիկներին կոչ արեց մոռանալ սոցիալական խնդիրների մասին եւ համախմբվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2014 17:49

«Որպես իմ մարտական ընկերներ՝ ուզում եմ իմանանք, որ ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին եմ, ես ուզում եմ ձեր առաջարկություններով ներկայանաք: Հավատացեք , որ ձեր կողքին ենք, ցանկացած լուրջ առաջարկի դեպքում այդ խնդիրների լուծումն անպայման կտանք: Վաղը ինչքան վիճակը բարելավվի, կռված տղերքի վիճակն ավելի կբարելավվի, պետության կողմից տրված արտոնությունները կշատանան», – այսօր Սյունիքի մարզպետարանում ազատամարտիկների եւ սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ դիմեց ազատամարտիկներին հանդես գալ առաջարկություններով ու իրենց մտահոգող խնդիրներով:

Արցախյան գոյամարտի տարիներին ինքնապաշտպանական մարտական գործողություններին մասնակցած Կապանի տարածաշրջանի ազատամարտիկները դժգոհեցին, որ այսօր լուրջ խնդրի առաջ են կանգնած, մարտական գործողությունների մասնակցությունը փաստող վկայական երկար ժամանակ է չեն կարողանում ձեռք բերել, թեեւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են, բայց գործը փակուղի է մտել: «Մենք չգիտենք արդեն ում դիմենք, փաստաթղթերը ներկայացրել ենք, բայց պատասխան չկա…»,- նշեց ազատամարտիկ Սպարտակը:

«Էսօրվա հավաքի հիմնական նպատակը դա է, որ պարզաբանում մտցնենք, որ յուրաքանչյուր տղա իր մարտական ուղին ունենա, գրանցված լինի, որ վաղը պետությունն իմանա, որ տվյալ մարդը մասնակցել է այդ մարտական գործողություններին: Էսօր ով չունի, խնդրում եմ, որ կարողանանք այդ փաստաթղթային խնդիրները լուծենք, որ տղաներն իրենց ջեբներում ունենան իրենց մարտական վկայականները: Էսօր գյուղում ապրող կռված տղերքը ոնց որ թե մի տեսակ դուրս են մնացել Կապանի տարածաշրջանի երկրապահի շարքերից, ես ուզում եմ, որ մենք համախմբվենք>, – ասաց Սուրիկ Խաչատրյանը՝ ազատամարտիկներին հուշելով ընդգրկվել ԵԿՄ-ի շարքերը:

Սյունիքի մարզպետն իր ելույթում կոչ արեց ներկաներին համախմբվել եւ մոռանալ սոցիալական խնդիրների մասին՝ նշելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել եւ միասնական ու համախմբված լինելու անհրաժեշտություն կա:

«Մենք ունենք բավականին շատ տղերք, որ 1988թ.-ից մասնակցել են հայրենի գյուղի, հայրենի մարզի սահմանների պաշտպանությանը եւ ամենքն իր լուման ու ավանդն ունեցան, բայց էսօր, երեւի թե էդ տղաները կա՛մ ընկճված են, կա՛մ սոցիալական խնդիր ունեն, կա՛մ ինչ-որ տեղ նեղացվածություն ունեն: Չեմ ուզում մեղադրենք որեւիցե մեկին, ուզում եմ բոլորս մեզ մեղադրենք: 1994թ.-ից հետո չեմ կարծում մարզում մի կռված տղա կար, որ մոտենար ու իր խնդիրը չլուծվեր հնարավորինս, բայց դա թողնենք անցյալում: Մենք կարողացանք արժանապատիվ կյանքով ապրել, շարունակել մեր պապերի թողած ավանդույթը», – նշեց Սուրիկ Խաչատրյանը եւ առաջարկեց խորհրդակցության շարունակությունն անցկացնել առանց լրագրողների մասնակցության:

Քննարկման շարունակությանը չմնացին նաեւ որոշ ազատամարտիկներ եւ նախընտրեցին հեռանալ դահլիճից: Վերջիններս մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ իրենց ոչինչ պետք չէ, գոհ են նմանատիպ հանդիպումներից եւ հավաստիացրեցին, որ պատերազմ վերսկսվելու դեպքում՝ առանց մեկ վայրկյան մտածելու կգնան հայրենի հողը պաշտպանելու:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մարդասպանը ամբիոնից բլեֆներ է անում:

    Միշտ սա են ասում. «Ղարաբաղի պատերազմը “դեռ ավարտված չէ”- երկիրը “ներսից ցնցելը վտանգավոր է”»: Արցախը դարձել են ՈՍԿԵ ՁԿՆԻԿ՝ օլիգարխային խուժանի ձեռքին:

    Ո՞ր իրեն հարգող ազատամարտիկը կգնա «Լիսկա» կոչված կերպարի հետ իբր թե բան քննարկելու: Ազատամարտիկներին կրկին փորձում են քնացնել:

    Իսկ Լիսկան պիտի ԲԱՆՏՈՒՄ լինի. միա՛յն բանտում. այս անձը հայ ժողովրդին այնքա՜ն ցավ պատճառեց:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031