Այսօր ԱԺ-ում ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը ներկայացրեց, թե որ ոլորտներում են ծախսելու 2015-ի բյուջեով նախատեսված հատկացումները:
Թե որ ոլորտներում են ծախսելու, իրականում զեկույցից հետո էլ պարզ չեղավ, քանի որ պատգամավորների մի քանի անգամ հորդորներին, որ մի քիչ կամաց խոսեք, հանգիստ խոսեք, հասկանալի խոսեք, փոխոստիկանապետը չհետեւեց:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ կրիմինոգեն վիճակը, դինամիկան ինչպե՞ս եք կապել այս տարվա բյուջեի հետ, հանցավորության գործակիցն այս տարի պակասե՞լ է:
Փոխոստիկանապետը պատասխանեց, որ 2014-ին 2013-ի համեմատությամբ հանցագործություններն անցել են 636 դեպքով: Ծանր հանցագործությունների տոկոսը ավելացել է 19.4 -ով, առանձնապես ծանրները՝ 13 տոկոսով, հրազենի գործադրմամբ՝ 10 տոկոսով:
Կարդացեք նաև
Գագիկ Ջհանգիրյանը եզրակացրեց՝ «Վտանգավորների 30 տոկոս աճ ունենք: Ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպելու դրա դեմ: Բա տարին 50 հազար մարդ դուրս է գալիս, այդքան էլ հանցագործություններն աճում են: Նշանակում է՝ մենք պիտի կանխենք, չէ՞»:
Փոխոստիկանապետն ասաց, որ ուզում են ինչքան հնարավոր է վարորդ-տեսուչ շփումը կրճատել. «Այս տարի ուզում ենք ձեռք բերել միայն 72 տրանսպորտային միջոց՝ ՃՈ-ի համար»:
Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ արտաբյուջետային միջոցները քանի՞ տոկոս են կազմում. «Գաղտնիք չի, որ ցանկացած բարեփոխում կոնկրետ փող արժի եւ կոնկրետ միջոցներ: Ինչքա՞ն եք դուք ծախսում բարեփոխումների վրա, որո՞նք եք համարում բարեփոխում: Արագաչափերի տեղադրումը, քաղաքացի-տեսուչ շփումը կրճատելը շատ լավ է, բայց ես դա բարեփոխում չեմ ուզում համարեմ»:
Փոխոստիկանապետը պատասխանեց, որ արտաբյուջետային ծրագրեը 4-ն են: Ընդհանուր առմամբ արտաբյուջետային միջոցները 21 մլրդ դրամ է, որը կազմում է բյուջեի մոտ 50 տոկոսը. «Արտաբյուջեն ծախսում ենք հիմնականում շենք-շինությունների համար, տրանսպորտային միջոցների համար: Հենակետեր ենք կառուցում, որ քաղաքացին չգնա բաժին, հենց այնտեղ մոտենա: Մեր տեխնիկան շատ հին է, մի քիչ տեխնիկա ենք ուզում ձեռք բերել, որ կարողանանք բարեփոխում անել»:
Խաչատուր Քոքոբելյանը, պատասխանը լսելուց հետո, արձանագրեց. «Ստեղ վիճակ չկա: Հասկանում ենք, որ մի քիչ տեխնիկա լինի, մի քիչ բենզին լինի, մի քիչ ջուր լինի, շատ լավ կլինի, բայց կոնկրետ թվերից եմ հարցնում: Սա աբսուրդ է: Շենք-շինություն, շատ լավ է, բայց մարդկային ռեսուրսի հետ կապված ինչպիսի՞ զարգացման ծրագիր եք ներկայացնում: Եթե չկա, ասեք չկա»:
Փոխոստիկանապետը պատասխանեց, որ կրթական ոլորտում ծրագիր ունեն, թրաֆիքինգի դեմ պայքարի համար ունեն վերապատրաստման ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարի համար ունեն:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ շատ կարեւոր է ունենալ ուսյալ, կրթյալ ոստիկան, դրանով են քաղաքացիները հիմնականում չափում ոստիկանների մակարդակը, ոստիկանության զարգացումը: Ավելի ուշ Խոսրով Հարությունյանը բարձրացրեց լեզվաաիմացությամբ ոստիկան ունենալու խնդիրը՝ ասելով, որ այլալեզու քաղաքացիներ են լինում, հատկապես ՃՈ-ի աշխատակիցներին է վերաբերում, որ պետք է լեզուներ իմանան:
Պարոն Համբարյանը պատասխանեց, որ օպերատիվ աշխատողների 12 տոկոսը տիրապետում է անգլերենին, բայց ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մեջ անգլերեն իմացողները քիչ են:
Պատգամավորներին աշխուժացրեց հատկապես Խոսրով Հարությունյանի առաջարկը՝ միջազգային փորձից ելնելով: Նա վստահեցնում էր, որ գեղեցիկ աղջիկները ոստիկանական համակարգում պետք են, նրանք լուրջ խնդիրներ կարող են կարգավորել եւ մի դրվագ պատմեց, թե ինչպես է արտերկրում կինն օգտակար լինում ոստիկանական համակարգում:
Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ արտոնություններ են մնացել ոստիկանների համար:
Փոխոստիկանապետը պատասխանեց. «Ոչ մի արտոնություն ներկայիս դրությամբ մենք չունենք, բայց կուզենայինք, որ տրանսպորտային միջոցներից օգտվելու դեպքում ոստիկանը չվճարեր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ