Լրահոս
Օրվա լրահոսը

Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը. ՀՀ քննչական կոմիտե

Հոկտեմբեր 28,2014 17:24

ՀՀ գլխավոր դատախազության՝ հոկտեմբերի 27-ին տարածած մամուլի հաղորդագրությունը լայն արձագանք է գտել ԶԼՄ-ներում, ինչի կապակցությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ մեկնաբանություններ և պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են առանձին դատավարական ժամկետների բացթողման (անձի ձերբակալման մասին դատախազին մի քանի ժամ ուշացումով իրազեկում, նախաքննության ժամկետի երկարացում), նախաքննության ժամկետը դատախազի կողմից չերկարացվելու պարագայում գործը մեղադրական եզրակացությամբ քննիչի կողմից դատախազին ուղարկելու հանգամանքները։

Նկատի ունենալով, որ քրեական գործերով ներկայումս ընթանում է նախաքննություն՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ կմնա կոնկրետ քրեական գործերի հիմք հանդիսացած փաստական հանգամանքները ներկայացնելուց։

Պարզապես փաստենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:

Նշված նորմերից բխում է, որ քննիչը նախաքննության ժամկետը երկարացնելու վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում, իսկ հսկողություն իրականացնող դատախազը երկարացնում է նախաքննության ժամկետը:

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դատախազի կողմից նախաքննության ժամկետները չերկարացնելու իրավական ռեժիմ, ինչպես նաև՝ այդ իրավիճակում քրեական գործի հետագա լուծման ընթացակարգ։

Հետևապես, դատախազների կողմից նախաքննության ժամկետները չերկարացնելն առաջացնում է մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ առկախ է մնում կոնկրետ քրեական գործի հետագա ընթացքը, քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների ապահովման խնդիրները՝ չլուծված, իսկ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք անորոշ ժամկետով հայտնվում են քրեական հետապնդման վիճակում։

Քննչական կոմիտեն ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործերով քրեադատավարական նորմերի պահպանման, նախաքննության որակը բարձրացնելու ուղղությամբ և կարևորում խախտում թույլ տված անձի պատասխանատվության անխուսափելիությունը։

Լիահույս ենք, որ քրեական գործերով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031