Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «ԱԺ-ում միմյանց հարգելու մթնոլորտ պետք է ստեղծել»

Հոկտեմբեր 28,2014 16:46

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը այսօր` հոկտեմբերի 28-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԱԺ նախագահի հաստատած հավատարմագրման կարգին, ըստ որի` Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողը իր մասնագիտական գործունեությամբ կամ այլ գործողություններով չպետք է խոչընդոտի պատգամավորների, ԱԺ նիստերում ներկա գտնվող անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը. «Շատ սուբյեկտիվ եւ շատ դժվար ապացուցելի բան է` լրագրողը իր մասնագիտական գործունեությունը կատարելիս խոչընդոտե՞ց, թե չխոչընդոտե՞ց, որովհետեւ կարող է նաեւ իսկապես լինել իրավիճակ, երբ պատգամավորը աշխատի որեւէ փաստաթղթի վրա, եւ այդ պահին լրագրողը խանգարի իրեն: Բայց այստեղ ավելի շատ փոխհամաձայնության, փոխըմբռնման, միմյանց հարգելու մթնոլորտ պետք է ստեղծել եւ այսպիսի դրույթները պետք է հանել»:

Նա մեջբերեց մեկ այլ մաս, որը ներկայացնում է լրագրողի հավատարմագրումը վաղաժամ դադարացնելու դեպքերը: Ըստ այդ դրույթներից մեկի` լրագրողի հավատարմագրումը վաղաժամ դադարեցվում է, եթե նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, եւ դա հաստատվում է դատարանի վճռով. «Մենք գիտենք` Հայաստանի Հանրապետությունում դատարաններն ինչպիսին են. նրանք անկախ չեն, եթե խոսքը պատգամավորի մասին է: Բազմաթիվ դատական գործեր ենք ունեցել, օրինակ` 3 պատգամավորներն ընդդեմ «Հայկական ժամանակ» թերթի: Ստացվում է, եթե «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը հավատարմագրված լիներ ԱԺ-ում, ինքը վաղաժամկետ պետք է թողներ Ազգային ժողովի շենքը: Սրա ավելի խայտառակ դրույթն այն է, որ ԶԼՄ-ն զրկվում է այլ լրագրող հավատարմագրելու իրավունքից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031