«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք «Ավանգարդ» թերթում 1991 թվականի նոյեմբերի 5-ի համարի 93 (10493) հրապարակումը: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ԴԱՏԱՐԿ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ
Մարդու կյանքում հաճախ է լինում, որ մի բան ոչ թե կատարվում է, այլ, ընդհակառակը, չի կատարվում։ Թերևս, մեզանից յուրաքանչյուրի կյանքը կազմված է ավելի շատ այնպիսի դեպքերից, երբ ինչ-որ մի բան չի կատարվում, քան երբ ամենը, ինչ լինելու էր, կատարվում է։ Ստալինյան շրջանի մեր սովետական ժողովրդի կաֆկյան կյանքը հարուստ էր այդպիսի դեպքերով, դրանք հատկանշական էին այն տարիների համար, և այնօրվա կյանքի մթնոլորտը պատկերացնելիս անհնարին է շրջանցել այդ դատարկ սպասման զգացումը։ Դատա՞րկ… Ահա այդ մասին` երեք պատմություն, միավորված «Դատարկ թռուցիկներ» խորագրով, որովհետև երեքում էլ ինչ-որ բան ոչ թե կատարվում է, այլ` կարծես թե չի կատարվում։ Դատարկ` այսինքն, ինչպես հայտնի առակում է ասվում, կարելի է և լրացնել` առանց այն էլ ամեն ինչ պարզ է… Իսկ թե ինչու էին թեև դատարկ, բայց և այնուամենայնիվ` իսկական պայթուցիկ թռուցիկ… կիմացվի ստորև։
Դաշնամուր
Այդ ծանր տարիներին մարդիկ ցնցված էին ոչ միայն զանգվածային ձերբակալություններից, այլև իրենց այն ազգականներից, բարեկամներից, ծանոթներից, մարդ արարածներից, հլու-հնազանդ կամակատարներից, որոնք օրգանների կողմից իրենց հանձնարարվող պարտականությունները կատարում էին պատրաստակամորեն ու դաժանորեն, իսկ թե հանձնարարություն էլ չկար` իրենք էին գտնում, ինչով օգնեն օրգաններին, ասես անկեղծորեն, մինչև հոգու խորքը համոզված էին, որ լավ, ազնիվ գործով են զբաղված։ Նրանք ստեղծում էին ամենագլխավորը` հեղձուկ մթնոլորտը։
Հենց այդ մարդկանց հոծ ջոկատների ջանասեր գործունեությունն էր երբեմն համոզում հոգեպես հաշմված ժողովրդին, որ իրոք գոյություն ունի այդ անվերջ-անդադար «հակահեղափոխական-նացիոնալիստական» դավադրությունը, որ հարևանը, բարեկամը, գործընկերն իրոք թշնամի էր…
Երբ մեր շենքում ձերբակալեցին Հովհաննես Դավթյանին, հարևանուհին բակ վազեց և, ձեռքերը թափահարելով, ուրախացած գոռում էր «Ուխայ, ուխայ, տարան, տարան, պրծանք, պրծանք», իսկ մենք` երեխաներս, լուսամուտի մոտ կանգնած հեծկլտում էինք։
Մեր դպրոցական ծրագրում օրինակելի կերպարը Պավլիկ Մորոզովն էր, իսկ ծրագիրն այդ հաստատված էր Լուսավորության ժողկոմատի գիտամեթոդական կենտրոնի կողմից։
…Հայաստանի Կոնսերվատորիային կից երեսնականներին կար շնորհալի երեխաների խմբակ։ Այստեղ ուսանում էին հետագայում անուն հանած երաժիշտներ՝ Կարեն Կոստանյանը, Ամալյա Բայբուրդյանը, Ադոլֆ Վարդանյանը, Յաշա Վարդանյանը, Գուստավ Կասպարովը, Ռուբեն Ավետիսյանը և ուրիշներ։ Երաժշտագետ Սամսոն Գասպարյանն այդ ժամանակ Կոնսերվատորիայի ռեկտորն էր։ 1937-ի հոկտեմբերին բանտարկեցին խմբակի աշակերտուհի Լյուվրա Կոստանյանի հորը` Վռամ Կոստանյանին (համալսարանի ռեկտոր, տես հավելվածը): Բնականաբար, խուզարկության ժամանակ բռնագրավեցին բոլոր արժեքները, ընտանիքը վտարեցին բնակարանից, տանելով նաև գրադարանը, կահույքն ու դաշնամուրը։
Այդպես էր. տանում էին ամենը։ Դա սովորական երևույթ էր։ Ո՞վ կարող էր դրան հակադրվել։
Սակայն հանկարծ պարզվեց, որ Կոնսերվատորիայի ռեկտոր Սամսոն Գասպարյանը նամակ է գրել Ստալինին այն մասին, որ դաշնամուրը հանդիսանում է աշակերտուհու ուսումնական պիտույք, ուստիև, այն բռնագրավելով, աղջկան զրկել են ուսումը շարունակելու hնարավորությունից։ Հաշվի առնելով երեխաների դաստիարակությանը ընկեր Ստալինի hատկացրած մեծ ուշադրությունը, Մամլաքաթի հետ Ստալինի հանդիպմամբ ոգեշնչված, ռեկտորը նրան է դիմում խնդրանքով` վերադարձնել պիտույքը տիրոջը:
Նա մեղմ, բարեհամբույր մարդ էր և խիզախ քաղաքական մարտիկ չէր, ոչ էլ ապստամբ։ Բայց որբանոցում մեծացածը՝ Մեծ Եղեռնի զոհ, չէր դիմացել, չէր կարողացել չմիջամտել նոր եղեռնի զոհ որբի ճակատագրին:
Այնօր այդ գեղեցիկ, բնական արարքն արժևորվում էր յուրովի. Կոնսերվատորիայում կտրուկ փոխվեց մթնոլորտը։ Պապից ավելի կաթոլիկները, էլ չսպասելով վերադաս հրամանի, ռեկտորին շրջապատեցին լռության անթափանց պատով։ Նրանից սկսեցին խուսափել։ Քչերն էին մտնում նրա առանձնասենյակը։ Միջանցքում նրան ընդհարվելիս` դեմքները շրջում և փախուստի էին դիմում, ասես բորոտ լիներ։ Ամենօրյա գործընկերների վերաբերմունքը լի էր լարվածությամբ, կեղծիքով։ Ռեկտորի տրամադրությունը մռայլ էր։ Նրան հուզում էր իր վաղեմի աշխատակիցների վերաբերմունքը։ Ուրվականի պես գունատ, նա շրջում էր միջանցքներով, աչքի պոչով հետևելով այս ու այն կողմ շաղ եկող մարդկանց։ Նրա ճակատին ասես վաղաժամ հաշվեհարդարն արդեն իր կնիքն էր դրել։ Կյանքը շարունակվում էր, իսկ լարվածությունն աճում էր օրեցօր։ Ուր որ է սպասվում էր շատերի համար ցանկալի ավետիսը, օրգանների միջամտությունը` որպես պատասխան անզգույշ նամակին։ Դասախոսների, ուսանողների շրջանում ամեն տեսակ լուրեր էին շրջում, տարածվում էին համաճարակի պես… «Բա գիտե՞ք էլ ինչ է արել»… «Վաղը գալու են: Հաստատ»… «Ստալինն արդեն հրամայել է` 24 ժամում հարցերը լուծել և զեկուցել»… Բոլորը սպասում էին վերջին գործողությանը, երբ հանկարծ…
Գործիքը վերադարձվեց տիրոջը։
Սամսոն Գասպարյանի սենյակի դուռը սկսեց ավելի ու ավելի հաճախ թակվել, այցելուները շատացան. «Ընկեր Գասպարյան, կարելի՞ է։ Վաղուց ուզում եմ ձեզ այցելել, ժամանակս չէր հերիքում… Ես երբ այդ պատմությունն իմացա` իսկույն ևեթ կնոջս ասացի, և նա կհաստատի, հարցրեք նրան, նա անշուշտ հիշում է. «Սիրելիս, ասացի, ընկեր Ստալինն անպատասխան չի թողնի խեղճ աղջնակի ցավը»: Եվ այդպես էլ եղավ։ Ես հենց սկզբից էի ասում… Որ այդպես էլ կլինի։ Եվ եղավ։ Ուրախ եմ, ուրախ եմ… Ամբողջ ընտանիքով մենք շատ զգացված ենք։ Ի՞նչ, իրոք, հանճար է այնուամենայնիվ մեր ընկեր Ստալինը, ինչպե՞ս է խելակորույս սիրում մանուկներին, և ի՞նչ բարի է, անկեղծ, չէ՞, դուք չե՞ք գտնում…» 1950 թվականին, Կոնսերվատորիան ավարտելիս, Վռամ Կոստանյանի դուստրը չստացավ գնահատական «Մարքսիզմ-Լենինիզմի» պետական քննությունից։ Նրան ասացին, որ ժողովրդի թշնամու դուստրը չի կարող տիրապետել այդ առարկային։ Եվ դիպլոմ նա կարողացավ ստանալ միայն «առաջնորդի» մահից հետո։
Զանգը
նվիրվում է Վռամ Կոստանյանի հիշատակին
Ողջ կյանքը մարդուն հետապնդում է այն։ Մանկուց մինչև խոր ծերություն` զնգում ականջիդ։
Ծննդատանը, դեռ բան չես հասկանում, առաջին անգամ աչքերդ բացել աշխարհն ես դիտում` հանկարծ լսում ես…
…Տանը հսկայական պատի ժամացույց կար։ Հայրը սրտխառնուքի աստիճան ճշտապահ էր։ Որ աշխատանքից չուշանա` մի զանգ էր միացրել այդ ժամացույցին, և առավոտ յոթին այն զնգում էր, արթնացնում… բոլորին:
Մանկապարտեզ, դպրոց—ամենուր` զանգ։ Ինչքան ավելի ես մեծ` այնքան ավելի շատ է զնգում։ Տրամվայ։ Կինո։ Թատրոն։ Անգամ` ինքնաթիռ։ Նավ։ Եվ նույնիսկ` հանգստյան տներ…
Իսկ հիմնարկները զրնգում են օր ու գիշեր։ Ինչքան բարձր է պաշտոնդ` այնքան շատ են հեռախոսներդ։
Զանգերն, իհարկե, տարբեր են։ Զանգակատան ղողանջը, օրինակ, հաճելի է, բայց… Էլի` տագնապահար… Շատ հաճելի ղողանջ է, սակայն ինչ-որ մի աննկարագրելի տագնապ կա մեջը… Այդ ղողանջից, այո, հոգիդ մաքրվում է, ինչպես երբ տաճար ես մտնում կամ ելնում գերեզմանատնից… Բայց այդ սուրբ ղողանջի մեջ, այնուամենայնիվ, մի բան կա, որ մարդու հոգին իրար է խառնում…
Մարդիկ կան (նկարիչներ), որոնք զանգերի հավաքածու ունեն։ Դրանց ղողանջը, երևի, տրամադրում է ստեղծագործելու, արարելու…
Ստեղծելու գեղեցիկը…
Բայց մարդու կյանքում ավելի հաճախ հնչում է տագնապի զանգը, որ շամփրում է մարդու հոգին ու ահազանգում. «ինչ-որ բան է պատահել, եղիր զգոն»։
1937-ի աշունը Երևանում հոյակապ էր։ Փոքրիկ քաղաքը շռայլորեն զարդարված էր ծաղիկների երփներանգ ներկապանակից:
Արևը վառ էր, իսկ փողոցները` դատարկ։ Աբովյան փողոցն ամայի էր։ Դատարկ էր «արվեստների ակադեմիան» (մզկիթի բակի սրճարանը)։ Դատարկ էր անգլիական զբոսայգին («կոմայգին»): Բացօթյա համերգների այցելուները հատուկենտ էին։
Ժողովուրդը պապանձված էր։ Քչերն էին փողոց ելնում։ Կյանքը լարված էր։ Բոլորը սպասում էին ինչ-որ բանի։ Շատերն էլ դուրս չէին գալիս, որ ծանոթների չհանդիպեն. ոմանք` որ չհիշեցնեն իրենց մասին, ոմանք էլ` որ չհիշեն մյուսների մասին… Բայց տանն էլ խաղաղություն չկար…
Հատկապես` գիշերները…
Տանը նստած զարզանդով կարդում էին թերթերը, ու՞մ հերթն է այսօր…
Սկզբում կուսժողովին քննում էին հարցդ, հետո թերթում հոդված տպում։ Նույն գիշերն էլ սովորաբար տանում էին։
Բոլորը կարդում էին թերթերն ու սպասում իրենց հերթին։ Հեռախոսը բարկացնում էր, ասես կարևոր գործից շեղեր, իսկ դռան զանգն ահարկու էր:
Բոլորը սպասում էին։ Սպասում էին ժողկոմները, տնօրենները, բժիշկները, գրողները, նկարիչները…
…Նա էլ էր սպասում։ Նա ընտանիքն ուղարկեց Ստեփանավան, որ հանգիստ, կենտրոնացած սպասի, ընտանիքը չխանգարի…
Բայց չէին գալիս։ Մոռացե՞լ են, ինչ է. չլինի՞ թե ընտանիքը վերադառնա` նոր գան։
Վաղուց եղել էր արդեն կուսժողովը, եղել էր հոդվածը, և ոչ թե մեկը… իսկ նրանք` չկան…
Նա ողջ գիշերը նստում էր առանձնասենյակում, գրասեղանին հակված։ Կարդալ չէր կարող։ Դիտում էր հոդվածների վերնագրերը։ Նորից ու նորից, ասես նկարներ լինեն… Ժամը տասն է։ Տասնմեկը… Մեկը։ Չեկան:
Հաջորդ ամբողջ օրը զանգ լսել չէր կարողանում, ոչ դռան, ոչ հեռախոսի։ Կրկին մթնեց։ Ժամը տասն է։ Տասնմեկը, տասներկուսը… Չեկան։
…Նրանք իհարկե եկան, եկան իհարկե անսպասելիորեն, երբ նա իհարկե պատրաստ չէր։ Զանզը հնչեց գիշերվա երկուսին։ Զանգը… Բայց դուռը չբացվեց։ Նա հասցրեց։ Հասցրեց պատրաստվել։ Լսվեց միայնակ կրակոց։
…Նման դեպքերից հետո էլ համապատասխան հոդվածի տեսակ կար, հայտնվում էր թերթերում. «ժող. թշնամի այսինչը, խճճվելով իր հակահեղափոխական կապերի մեջ, ինքնասպանություն է գործել»…
Իսկ զանգերը չէին դադարում…
Զնգում էին հեռախոսները, զանգակատները, զնգում էր օդը` լի տագնապահար կյանքով… 38, 39, 40 …Համար մեկ տրամվայը գլորվում էր քաղաքով ու զրնգում, զրնգում, զրնգում…
Անկախություն
1942 թվական։ Պատերազմ։ Ֆաշիստական բանակը Մոսկվայի քթի տակ։ ԽՍՀՄ-ում ճգնաժամ է։ Երևանյան կայարան հա գալիս ու գալիս են վիրավորներով բեռնված գնացքները։ Վիրավորներին տեղափոխում էին դպրոցների շենքերում տեղավորված հոսպիտալները։ Գնացքները գալիս էին գիշերը: Դատարկվում էին մթանը։ Քաղաքն ապրում էր սև դիմակի տակ։ Գնացքների սուլոցը, բժիշկների գոռգոռոցը, զինվորական հրահանգներ…
Մենք ուսանող էինք, օգնում էինք զինվորներին, բուժկազմին` տեղափոխելու զինվորներին։ Տրամադրություններս սարսափելի էր։ Պատերազմ, սով, զորահավաք` սև թուղթ, – այդ անխուսափելի շղթան անելանելիություն էր ծնում, կատաղեցնում։ Բայց չնայած դրան, աշխատում էին թատրոնները, կինոները, դպրոցները… Գործարաններն աշխատում էին շուրջօրյա։ Չնայած ծանր ժամանակին` քաղաքը կառուցապատվում էր օրավուր։
Մանկանց գեղդաստիարակության տունը նոր էր բացվել։ Այստեղ հանդիպում կազմակերպվեց Ավետիք Իսահակյանի և ստեղծագործ երիտասարդության միջև։ Մեր ընտանիքները միմյանց լավ ծանոթ էին, ես հաճախ էի հանդիպում Վարպետին, և ինձ հանձնարարվեց նրան ուղեկցել երիտասարդ ստեղծագործողների հետ հանդիպման: Հանդիպումն անցավ ոգեշունչ։ Վարպետն ունկնդրում էր երիտասարդների բանաստեղծությունները, արձակը։ Հետո քննարկում էինք։ Հետո Վարպետը հարցերի էր պատասխանում, ինչպես գրել պիես, պատմվածք… Նման հանդիպումները հոգևոր սովից տանջահար մեր երիտասարդների համար հաց ու ջուր էին:
Հանդիպումից հետո ընկերովի ուղեկցում էինք Վարպետին, տանում նրան նվիրած ծաղկեբույլերը: Չորսով էինք։ Զրուցելով քայլում էինք Պուշկինի փողոցով։ Խոսում էինք պատերազմից, վիրավորներից, ճակատում զոհվածներից, տնտեսական ճգնաժամից և անկախությունից։ Քաղաքում արդեն շրջում էր այդ գաղափարը, շատերը բարձրաձայն էին ասում, որ Հայաստանը պիտի անկախ պետություն լինի։ Խոսում էին հերթերում, տանը, կինոյում, թատրոնում… Բայց միայն խոսում։
– Այո, – ասում էր Վարպետը։ – Պետք է լրջորեն մտածել անկախության մասին։ Նախ և առաջ պետք է ժողովրդին ընտելացնել այդ գաղափարին։ Պրոպագանդա է պետք։ Միասնություն է պետք։ Ախ, Աստված, այնքան չապրեմ, ցամքած Սևանը տեսնեմ, ախ, Աստված, այնքան ապրեմ, անկախ Հայաստանը տեսնեմ:
Նրան հրաժեշտ տալուց հետո մենք հավաքվեցինք։ – Ո՞վ պիտի անի այդ ամենը, եթե մենք չանենք, – ասացինք ինքներս մեզ։
Բայց նախ և առաջ` զգուշություն։
Որոշվեց.
• Վարձել նկուղ կամ սենյակ:
• Խմորատիպի մասեր հայթայթել։
• Թղթի հարցը լուծել։
• Փող հավաքել։
• Գաղտնիություն ապահովել։
Խմբի անդամներից էին ապագա փիլիսոփա Վազգեն Հովսեփյանը, նկարիչներ Անատոլի
Պապյանը, Հայկ Տեր-Ղազարյանը, քանդակագործ Ռոբերտ Տեր-Հովհաննիսյանը…
Սենյակ վարձեցինք, որի վերնահարկում ճանաչված ակնաբուժուհու ընդունարանն էր,
ուրեմն մեր ելումուտը կասկած չէր հարուցելու։ Երկու շաբաթից հեկտոգրաֆը
պատրաստ էր։ Վազգեն Հովսեփյանը մի ոգեշունչ պոեմ հղացավ Վարպետին նվիրված.
0, դու, վերջին դու Օրփեոս,
Ծերունազարդ դու պոետ…
Որոշեցինք, որ «լաբորատորիայում» գտնվելու ենք հաջորդաբար, մեկ առ մեկ, երբեք ու ոչ մի դեպքում` միաժամանակ։ Թուղթը բերեցինք։ Մնում էր թռուցիկի տեքստը։ Վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէր։ Քաղաքական տարաձայնություններ կային, իսկույն ծագեցին մեր մեջ. ո՞ր տարբերակը գերադասել։ Միայն մի բառ էինք շարել և փորձի համար տպել մի քանի թղթի վրա. «Հայրենակիցներ». այդ բառին բոլորս համաձայն էինք։ Եվ հանկարծ…
Գիշերը եկան մեր տները և բոլորիս մեկ առ մեկ վերցրին։ Նստեցրին նախնական կալանախուց։ Բետոնե տուփում անցկացրած այդ միայնակ գիշերները յուրաքանչյուրիս վրա չափազանց թանկ նստեցին։ Հուսահատ գուշակում էինք. ո՞ր օղակը փլվեց…
Պահում և հարցաքննում էին մեկուսի:
– Դուք ճանաչու՞մ եք ձեր մեղքը, – սպառնալի ոստնում էր քննիչը։
– Դուք հանցագո՛րծ եք, – որոտում էր քննիչը։
– Մենք մեկ է ամեն ինչ գիտենք, դուք մատնված եք։ Պատմեք մնացյալը, որ թեթևացնեք ձեր մեղքը։ Որտե՞ղ էիք երեկ երեկոյան, – գոռում էր քննիչը և բռունցքը կատաղորեն խփում սեղանին։
Մենք մեղավոր էինք, նա` աստված, նրանք մեկ է միշտ և նախապես և կանխավ ամեն ինչ գիտեին, իսկ մենք բոլորս անխտիր մեղավոր էինք, և մեզ մնում էր լոկ պատմել մնացյալը…
Մեղքը համատարած էր։ Այն թևածում էր երկնքում, նրա ամպը ծածկել էր մեզ մեր ծննդյան պահից։ Մենք մեղավոր էինք, այո, զի հայ ենք, և, որ, ընդհանրապես ծնվել ենք այս աշխարհում, որ կանք… Իսկ բետոնից այն կողմ, երկաթե ճաղերից այն կողմ, տներից ու այգիներից այն կողմ հաստ պատերով տան ուղիղ կենտրոնում փոքրիկ սենյակն էր, ռումբ-սենյակը, լի պայթուցիկ թղթերով` դատարկ թռուցիկներով, որոնցից մի քանիսի վրա գրված էր այդ ահարկու, այդ դաժան բառը, «Հայրենակիցներ»… Բայց մեզնից ո՞վ էր մատնիչ, աստված, ո՞ր մեկս։ Որտեղի՞ց նրանք այնուամենայնիվ, առանց կասկածի նշույլի իսկ, հաշվեցին բոլորիս… «Դուք հանցագործ եք»… «Խոստովանեք, գրողը տանի, դուք բոլորդ կխոստովանեք, այ կտեսնեք»… «Մեզ համար ամեն ինչ պարզ է, այստեղ ամեն ինչ կա», – գոռում էր նա և մատով թխկթխկացնում իր առջև դրված սպիտակ թղթի կապուկին, և այստեղից նայելիս թվում էր` թե մաքուր թղթի անկյունում լոկ մի բառ կա գրված, և կապուկն այդ շատ ծանոթ էր, բերված էր այն չարաբաստիկ սենյակից, այո՞, ախ, թե աչքի պոչով տեսնեինք, իրոք այնտեղ կա այդ բառը, թե ոչ… Գրված է, իհարկե, ու՞ր պիտի կորչեր, նա է որ կա, պետք է խոստովանել, քանի առաջարկում են. հիմա, հիմա կխոստովանեմ` և ամեն ինչ կվերջանա, հիմա, մի վայրկյան էլ, և… Բայց համենայն դեպս մի ակնթարթ էլ, մեկն էլ հապաղենք, դիմանանք, հետո` մեկն էլ…
Եվ հանկարծ` երեք օր պահելուց հետո ազատ են արձակում, դուրս են շպրտում, դժգոհ, «համարյա խոստովանել էին, հա, լակոտները», և քշվում ենք փողոցով, շշմած, գլուխներս ճոճելով, աչքներս կկոցելով մայրամուտի այս խաղաղ, անտեղյակ, անմեղ ձևացող երկնքից…
Պարզվեց, կողոպտել էին Հայկանուշ Դանիելյանի բնակարանը, իսկ մեզ խմբով տեսած էին եղել աղմուկով նրա տան մոտով անցնելիս` մեզնից մեկի ծննդյան տոնից հետո… Գողերին հանկարծ բռնել էին, և մենք, ավաղ, պատահաբար դարձել էինք այլևս անպիտան քննիչների համար…
Դուրս գալուց հետո միմյանց չէինք հանդիպում: Զգուշանում էինք։ Հանկարծ Վարպետի ազգականուհին ինձ իմաց տվեց, որ Իսահակյանն ուզում է տեսնվել։ Գաղտնաբար գնացի։
Ինձ տեսնելուն պես ասաց.
– Հիմարություններ չանեք հանկարծ։ Լուռ և հանդարտ։ Տաքգլխություն չլինի։ Ձեզ երևի հետևում են։
– Վարպետ, բայց մենք ոչինչ էլ չէինք…
– Գիտեմ, գիտեմ։ Համենայն դեպս եմ ասում, համենայն դեպս։ Մի քանի ամիս սպասեք։ Մի շտապեք։ Անկախությունը միանգամից չի լինում։ Համբերություն է պետք, համբերություն…
Մի քանի ամիս անց մեկս Տաշքենդում էր, մյուսս` ռազմաճակատում, երրորդս` էլի մի տեղ… Կյանքը մեզ նետեց դեսուդեն, և խումբը չմնաց։
Համբերատար սպասեցինք ևս 49 տարի…
՜՜՜
Հավելված
Հրապարակում եմ Վռամ Կոստանյանի մասին հոդվածներից մեկը (ուղղագրությունը պահպանված), այն ժամանակվա համար տիպական: Հեղինակը ծածկանվան տակ է, թերթը՝ որում հրապարակվել է, ինձ անհայտ է, սակայն արխիվներից հեշտ հայտնաբերելի երևի: – Ծանոթագրություն Գևորգ Տեր-Գաբրիելյանի
՜՜՜
Նացիոնալիստ Վռամ Կոստանյանը
Բավական երկար ժամանակ Վռամ Կոստանյանը կարողացել է թաքցնել իր դաշնակցական անցյալն ու նացիոնալիստական գործունեությունը և մնացել է մեր կուսակցության մեջ։
Վռամ Կոստանյանը եղել է նաև մենշևիկ, աշխատել է դաշնակցական բանակում։ Հետագայում սերտ կապված լինելով և հովանավորվելով բուրժուական նացիոնալիստների՝ Խանջյանի, Տեր-Գաբրիելյանի, Յեղիազարյանի և ուրիշների կողմից, դարձել է նրանց գործակիցը։ Նա Ս․ Տեր-Գաբրիելյանի կոնսուլտանտն է եղել և հսկայական վնաս է հասցրել մեր ժողովրդական տնտեսությանը՝ կատարելով իր հովանավորողների հակահեղափոխական առաջադրանքները։
Կոստանյանը պետական համալսարանում ռեկտոր եղած ժամանակ ամենայն սրբությամբ կատարել է բուրժուական նացիոնալիստ Ա․ Յեղիազարյանի բոլոր հանձնարարությունները՝ քայքայելով պետհամալսարանը, իջեցնելով ուսման որակը։
Ա․ Յեղիազարյանի հետ միասին, հակահեղափոխական Ա․ Խանջյանի հավանությամբ, Վռամ Կոստանյանը համալսարանի դեկաններ, ամբիոնների վարիչներ և դասախոսներ էր նշանակում առաջին հերթին նացիոնալիստներին, նրանց, որոնք վստահություն էին ներշնչում այդ մենշևիկ դաշնակցական, նացիոնալիստ-վնասարար Վ․ Կոստանյանին, որ կկարողանան արդարացնել ռեկտորի հակասովետական ծրագիրը։ Համալսարանի ռեկտոր եղած ժամանակամիջոցում Կոստանյանը շրջապատված է եղել տրոցկիստական-նացիոնալիստական տարրերով։ Համալսարանի կուսակցական կազմակերպության կողմից մերկացված տրոցկիստներին ու նացիոնալիստներին (Ս. Հովհաննիսյան և ուրիշներ) հովանավորել է, նրանց տվել է բոլոր հնարավորությունները, տեղավորել է աշխատանքի, հատուկ բնակարան է տվել և այլն։ Մի քանի անգամ համալսարանի կազմակերպությունները Կոստանյանի նացիոնալիստական գործունեությունը հրապարակ են հանել և ցանկացել մինչև վերջը մերկացնել նրան, սակայն Խանջյանի դավաճանական ինքնասպանությունից և Ա․ Յեղիազարյանի մերկացումից ու բանտարկությունից հետո էլ, Վռամ Կոստանյանը մնաց քողարկված և չմերկացվեց մինչև վերջ։ Եվ հասկանալի է, թե ինչու նրան ձևականորեն կշտամբելով՝ ըստ էության իրենց հովանավորության տակն առան Կենտկոմի նախկին ղեկավարները՝ այժմ մերկացված ժողովրդի թշնամիներ՝ Հ. Ամատունին ու Ս. Ակոպովը։
Դեռ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին, պետական համալսարանի կազմակերպությունում ամենայն սրությամբ դրվեց Կոստանյանի հարցը, բայց կուսկոլեգիայից պահանջեցին դադարեցնել Վռամ Կոստանյանի գործի քննությունը և նրա վերաբերյալ եղած բոլոր նյութերն ուղարկել կուսկոլեգիա։ Համալսարանի կազմակերպությունն այդպես էլ արեց։ Վռամ Կոստանյանի գործերն ուղարկվեցին կուսկոլեգիա՝ կարծելով, թե այնտեղ հարցն ավելի արագ կքննվի և լուծում կստանա։ Սակայն այնտեղ մինչև հիմա քնեցրել են Վ․ Կոստանյանի գործը։ Այսպիսով կուսկոլեգիայում նստած ընկերները փաստորեն հովանավորել են նացիոնալիստ Վռամ Կոստանյանին և դա հասկանալի է թե ինչու։ Նրանք կատարել են Կենտկոմի նախկին ղեկավարության կամքը։
Պահանջում ենք անհապաղ Վ․ Կոստանյանին դատի տալ նրա կատարած վնասարարական աշխատանքի համար։
ՅՈՒՆՐԻ