«Երեկ ուշ երեկոյան ավարտված եռակողմ հանդիպումը ղարաբաղյան կարգավորման հետ կապված հանդիպում էր: Կողմերը հստակ նշեցին, որ պետք է առաջին հերթին վստահություն, որ այդ մթնոլորտում կարողանանք շարունակել մեր բանակցությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Aravot.am-ի հարցին` արդյոք հանդիպման անարդյունավետության մասին չի՞ խոսում այն փաստը, որ որևէ համատեղ հայտարարությամբ կողմերը հանդես չեկան, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Սա հերթական հանդիպումն էր, որի շրջանակներում ևս մեկ անգամ Մինսկի խմբի համանախագահները, Ֆրանսիան, ՀՀ-ն ու Ադրբեջանը նշեցին, որ ցանկացած պարագայում պետք է ունենալ փոխվստահության մթնոլորտ, և այդ մթնոլորտում շարունակեն հարցի խաղաղ կարգավորումը»:
Սուքիաս Ավետիսյանը չի համարում, որ պարտադիր պետք է կոնկրետ տեսակետ հնչի: Այս առիթով նա ասաց. «Մենք միշտ սպասում ենք, որ պարտադիր, կոնկրետ հայտարարություն պիտի հնչի, այնինչ ոչ միշտ պետք է սպասել կոնկրետ հայտարարության: Դեռ երկար կշարունակվեն նման խաղաղ բանակցությունները և կարևոր է նաև բանակցությունների ազդեցությունը սահմանային իրավիճակի վրա: Կարևոր են նաև այնքանով, որ երկու կողմերը կարողանան խաղաղ բանակցությունների արդյունքում, Մինսկի խմբի ձևաչափի պարագայում հարցը կարգավորել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ