Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ձեր բյուջեն կարծես թե բավարարում է քրքաշ, մի կերպ յոլա գնալու համար»

Հոկտեմբեր 28,2014 15:51

Այսօր ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2015-ի բյուջեի նախագիծը արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության եւ ՊՆ-ի համար:

ԱԻՆ-ին բյուջեով նախատեսված է հատկացնել11 մլրդ 3 մլն դրամ, որը 2 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարի է եղել: Նախարարության պահպանման ծախսերը կազմելու են մոտ 1 մլրդ դրամ: Հիմնական ծախսերը փրկարար ծառայությանն են ուղղված, այն 984 մլն դրամ ավելացվել է՝ նախորդ տարվա համեմատ, որը պայմանավորված է աշխատավարձերի ավելացմամբ: Տնտեսումներ այս նախարարությունում անելու են կոմունալ ծախսերի հետ կապված:

Byudje-3

Հիդրոմետ ծառայության եւ սեյսմիկ պաշտպանության գծով նույնպես ավելացումներ են եղել, որը պայմանավորված է դարձյալ աշխատավարձերի բարձրացմամբ:
Ոստիկանությանը բյուջեով հատկացվելու է 39 մլրդ 114 մլն դրամ, որը 4 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարի էր: Հասարակական կարգի պահպանության համար 38 մլրդ դրամ է նախատեսվել: Պավել Սաֆարյանը նշեց, որ ոստիկանությունն ունի նաեւ արտաբյուջետային միջոցներ, որոնցով կարող են հոգալ ծախսերի մի մասը:

Պահակային ծառայության հետ կապված ներկայումս կառավարությունը մշակում է ֆինանսավորման նոր ծրագիր: Բյուջեով նախատեսված է այդ ծառայության համար 1.4 մլրդ դրամ: Պահպանության ծառայության ֆինանսավորման համակարգն այլ է, եւ այդ իսկ պատճառով, երբ ոստիկանական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացավ, դա պահպանության վարչության աշխատակիցների վրա չանդրադարձավ: Պավել Սաֆարյանի խոսքերով՝ «Իրենք էլ են ոստիկան, բոլոր ոստիկանների աշխատավարձը բարձրացավ, իրենցը՝ չէ: Հիմա կառավարությունը մշակում է նոր ֆինանսավորման ծրագիր»:

Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին բյուջեով նախատեսված է տալ 20 մլրդ 334 մլն դրամ: 22.7 տոկոսով ավելացել է նաեւ ԱԱԾ-ի բյուջեն: Հունվարի 1-ից ԱԱԾ-ի աշխատակիցների աշխատավարձը բարձրանալու է եւ այդ հավելյալ ծախսն ուղղվելու է աշխատավարձի ավելացմանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց՝ «Այս էլ որերորդ անգամ է, խոսք է գնում արտաբյուջետային միջոցների մասին, ի՞նչն է խանգարում, որ մենք հրաժարվենք դրանից: Առհասարակ, ձեր ներկայացրած թվերը կարծես թե բավարարում էին քրքաշ, մի կերպ յոլա գնալու համար: Կարո՞ղ եք ցույց տալ, որ զարգացմանն ուղղված որեւէ ֆինանսավորում է կատարվել: Կարո՞ղ եք մատնանշել մի բնագավառ»:

Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Արտաբյուջետային միջոցների հարցը ամեն տարի քննարկվում է: Իրավական առումով ՀՀ կառավարությունը չի կարող արտաբյուջետային հաշիվ ներկայացնել, որը հակասում է օրենսդրությանը: Բովանդակային առումով, եթե կա առաջարկություն, կարող եք ձեւակերպել, քննարկել՝ որպես պատգամավոր: Իմ անձնական կարծիքով, այն լուծումները, որ տրված են, իհարկե, իդեալական չեն, բայց ավելի լավ լուծումներ են, քան ներկայացված էր նախկինում»:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ անպայման առաջարկություն կներկայացնի. «Պիտի տողերով էլ երեւա, թե դա ինչի վրա է ուղղվում: Հուսով եմ, իմ առաջարկն իրոք կքննարկեն, ոչ թե հենց այնպես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031