Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲՃ-ն կոչ է անում մերժել Ամուլսարի հանքավայրի հետ կապված քննարկումների հրավերները

Հոկտեմբեր 28,2014 15:34

Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ օտարերկրյա տարբեր ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Հիմա էլ բրիտանական օֆշորային գոտիներից մեկում գրանցված Լիդիան Ինթերնեյշնալ ընկերությունն է փորձում ամեն կերպ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչի փիար ակցիաների շրջանակներում կազմակերպում է տարբեր ձևաչափերի քննարկումներ և կոնֆերանսներ:

Հիմա էլ ս. թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ից 18:00, Հայաթ Պլեյս Հյուրանոցում, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է Լիդիան Ինթերնեյշնալի և Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից մշակված Ամուլսար ծրագրի նախնական «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի» քննարկմանը, որը պատրաստվել է ծրագրի ներկա (IFC և EBRD) և հնարավոր ֆինանսավորող կազմակերպությունների պահանջներին (Equator Principle Financial Institution) համապատասխան:

Բոլորիս լավ հայտնի է, որ այսօր թույլ զարգացած և կոռուպցիայի մեջ թաղված երկրների բնական պաշարները դիտվում են իբրև «համեղ պատառ» զարգացած երկրների համար։ Համաշխարհային հանքարդյունաբերական «մեքենան» գեղեցիկ տերմինների, խոստումնալից բառերի և միջազգային չափանիշների անվան տակ շարունակում է անխնա շահագործել այդ երկրների բնական ռեսուրսները, հնարավորինս ցածր հարկեր և տուրքեր վճարելով օգտագործում է օգտակար հանածոներն ու հեռանում՝ անդառնալի վնաս հասցնելով այդ երկրների շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Ակնհայտ է, որ դա անհնար կլիներ իրականացնել առանց այդ երկրների կառավարող մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ մասնակցության և աջակցության, որոնք «ջանք» չեն խնայում այդ պաշարների թալանն արագ և անխափան իրագործելու համար, քանզի դրանից իրենց էլ է որոշակի բաժին հասնում:

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ովքեր հրավիրված են այս քննարկմանը, չմասնակցել դրան, և ևս մեկ անգամ հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 29,7 հազար քառ․ կիլոմետր տարածք, որտեղ արդեն իսկ շահագործման իրավունք ունեն մոտ 460 հանքավայր, որոնցից 26-ը մետաղական են, ևս 71 մետաղական հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում և սպասում է շահագործման: Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներ, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար:

Հազարավոր հեկտար տարածքներ արդեն իսկ թաղված են հանքավայրերի մակաբացման և դատարկ ապարների տակ, իսկ հողերը հարստացած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով: Հանուն կարճաժամկետ շահի ոչնչացվում են դարերի ընթացքում ստեղծված անտառային էկոհամակարգեր` ինչպես օրինակ Թեղուտի անտառը: Մակերևույթային և ստորերկրյա ջրերն աղտոտված են պոչամբարներից բաց թողնվող թափոնաջրերից, արտահոսքերից և ներծծումից, որոնք հետագայում օգտագործվելով ոռոգման և այլ նպատակներով` ծանր մետաղները տեղափոխում են գյուղատնտեսական մթերքների մեջ, այնտեղից էլ մարդկանց օրգանիզմ (համոզվելու համար կարող եք ուսումնասիրել համապատասխան գիտական հետազոտությունները):

Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի մեր պետության, այսպես կոչված իշխանությունները, ժողովրդին պատկանող հարստության օգտագործման իրավունքը ոչ միայն 100 տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաև ստեղծել են այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ այդ հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են իսկական հարկային դրախտում: Մեզ և հաջորդ սերունդներին բնության կողմից շնորհված պաշարներն արդյունահանելու դիմաց սահմանված են այնպիսի վճարման ենթակա դրույքաչափեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին:

Հայաստանում հանքարդյունաբերական ընկերություններն ամբողջությամբ ազատված են նաև պոչանքների, լցակույտերի և մակաբացման ապարների տեղադրման համար վճարներից, որոնք եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափերով` ինչպես օրինակ Էստոնիայում է, 1 տոննայի դիմաց 1.06 եվրո, ապա դրանք կկազմեին տարեկան 100 միլիոնավոր եվրո գումարներ, ինչը շատ ավելի մեծ գումար կկազմեր, քան հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները միասին վերցված:

Մեր Հայրենիքի շրջակա միջավայրն աղտոտելու և մարդկանց առողջությունը վտանգելու համար սահմանված են այնպիսի ցածր տուգանքներ և բնապահպանական վճարներ, որ աղտոտողին ավելի ձեռնտու է վճարել այդ չնչին գումարները, քան թե ներդնել նոր տեխնոլոգիաներ և մաքրման համակարգեր: Վերահսկողության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, այդ ընկերությունները չեն պահպանում նույնիսկ այդ օրենքներն ու իրենց տված թույլտվություններում նշված պայմանները:

Եվ սրանք բոլորն անժխտելի փաստեր են: Զարգացած պետությունների կառավարություններին ու ժողովրդին կարելի է հարցնել՝ արդյոք իրենք համաձայն կլինեի՞ն, որ իրենց երկրում նման պայմաններով հանքեր շահագործվեին, թե՞ ոչ…

Ստիպված ենք փաստել, որ մենք վաղուց չունենք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարման համակարգ: Այն այսօր թաղված է կոռուպցիայի մեջ, և պետության կառավարումը վերածվել է ընդամենը բիզնեսի: Ուստի, խնդիրը համակարգային է: Քանի դեռ Հայաստանում չեն կատարվել համակարգային, արմատական փոփոխություններ, մասնավորապես՝ քանի դեռ չի վերանայվել հանքարդյունաբերության և բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտը, հարկերի և այլ վճարների դրույքաչափերը, քանի դեռ հանքարդյունաբերական ծրագրերը չունեն երկարաժամկետ պլանավորում, քանի դեռ չի իրականացվում սպասվող շահույթի ու երկարաժամկետ էկոլոգիական վնասի գնահատում, քանի դեռ հանքերի շահագործումից ստացված գումարները չեն ծառայում Հայաստանի իրական հզորացմանը, մենք՝ որպես հայ մարդ և ՀՀ քաղաքացիներ, հայտարարում ենք, որ ամեն քայլ ձեռնարկելու ենք այդ կործանարար գործընթացը կասեցնելու ուղղությամբ, և խստորեն դատապարտում ենք տարբեր կազմակերպությունների և հանքարդյունաբերող ընկերությունների կողմից կազմակերպվող նմանատիպ քննարկումներն ու ֆորումները, որոնք ընդամենը ծառայում են Հայաստանի ընդերքն ավելի արագ թափով շահագործելուն:

Հանքարդյունաբերության աղետալի հետևանքներին կարող եք ծանոթանալ հետևյալ երկու տեսանյութերում`

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031