Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կովսականի տոնը

Հոկտեմբեր 28,2014 15:16

21 տարի առաջ այս օրերին հայ ազատամարտիկները թշնամուն դուրս վռնդեցին Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառից: Կովսական և հարևան Միջնավան (վերաբնակեցվել է ավելի շուտ՝ 1995 թվականին) քաղաքների վերաբնակեցումով սկսվեց մայր Արաքսի ձախափնյա Հակարի և Ողջի գետերի ավազանների վերստին հայացումը:

Մոտ 2 տասնամյակի ընթացքում բավականին շենացել է պատերազմից ամբողջովին ավերված քաղաքն ու դարձել կենտրոն մոտակա բնակավայրերի համար: Այժմ համայնքում բնակվում է 800-ից ավելի մարդ, այդ թվում նաև՝ սիրիահայեր (մոտ 30 ընտանիք):

Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում սովորում են 100-ից ավելի աշակերտներ, իսկ նախադպրոցական խմբակում կա 17 երեխա: Համայնքում ընդհանրապես կա 70-ից ավելի նախադպրոցական երեխա, որն էլ մանկապարտեզ ունենալու խնդիր է առաջ բերել: Վերջին տարիներին քաղաքում իրականացվեցին մի շարք շինարարական աշխատանքներ պետական բյուջեով և բարերարների կողմից:

Շահագործման են հանձնվել 2 բազմաբնակարանոց տներ սիրիահայերի համար, տներ բազմազավակ ընտանիքների համար, հիմնանորոգվել է դպրոցի շենքը և այլն:

DSCN5604Հոկտեմբերի 27-ին նշվեց քաղաքի օրը, որի ընթացքում կայացավ իրար հարևանությամբ գտնվող նորակառույց մանկապարտեզի և հիվանդանոցի բացումը: Տոնական միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, համապատասխան ոլորտների նախարարությունների աշխատակիցներ, նախարարներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և երիտասարդության բաժինների վարիչները, շրջանի տարբեր ոլորտների, ուժային կառույցների աշխատակիցներ, ղեկավարներ, այլ պաշտոնյաներ, հյուրեր հարևան Սյունիքի մարզից, այլ տեղերից:

Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց երկրի իշխանություններին՝ քաղաքի օրվա տոնի օրը նման նվեր պարգևելու համար, որն էլ երաշխիք է՝ կովսականցին կտեսնի իր երազած քաղաքը: «Մանկապարտեզի շահագործումը կարևոր է նաև նրանով, որ բացի 60 երեխաների դաստիարակվելուց, քաղաքում կբացվի 20 աշխատատեղ: Իսկ նորակառույց և ժամանակակից սարքավորումներով ու գույքով հագեցած հիվանդանոցի պայմանները կբարձրացնեն բուժսպասարկումը»,-ասաց Ռ. Մարգարյանը:

Ողջույնի, շնորհավորանքի և շնորհակալանքի խոսք ասաց հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան միջն. դպրոցի աշակերտներն ու «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, սիրիահայ մանուկները:

mankapartezՄանկապարտեզի մուտքի կարմիր ժապավենի կտրելու պատիվը տրվեց ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Սարգսյանին և Կովսականի քաղաքապետին: ԼՂՀ Նախագահը ծանոթացավ մանկապարտեզի պայմանների, որն ապահովված է գեղեցիկ գույքով, ունի կահավորված խոհանոց, սանհանգույց, խաղահրապարակ, կաթսայատուն և այլ օժանդակ մասեր: Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության տեղեկանքի՝ «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի Կովսականի տեղամասային հիվանդանոցի շենքն առաջին անգամ կապիտալ վերակառուցվել և շահագործման է հանձնվել 2000 թվականին: 2013 թ. սկսվեց հերթական վերակառուցումը և ավարտվել է: Հիվանդանոցը կարող է սպասարկել մոտ 1300 այցելուի. այստեղ կատարելու են ծննդօգնություն, նյարդաբանություն, մանկաբուժություն, ընդհանուր թերապևտիկ ծառայություններ:

Harutyun QushkyanՀիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը տեղեկացրեց, որ նորակառույց հիվանդանոցն ապահովված է համապատասխան գույքով ու սարքավորումներով, ունի լաբորատորիա: 3 հիվանդասենյակներում հնարավոր է ընդունել 10 հիվանդի: Կա մանկաբարձի և գինեկոլոգի պակաս: Հիվանդանոցի մուտքի մոտ երկրի ղեկավարներին դիմավորեցին աշխատակիցները: Բակո Սահակյանը, ողջունելով բուժաշխատողներին, ասաց, որ իր համար միշտ էլ ուրախալի է՝ ներկա լինել նման հաճելի միջոցառման, մաղթեց, որ ավելի շատ երեխաներ ծնվեն նորակառույցում: Հիվանդանոցի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու հիվանդանոցի վարիչը:Harutyun Qushkyan

Նախագահը ուղեկիցների հետ շրջեց հիվանդանոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, հետաքրքրվեց նոր բերված գույքի, սարքավորումների վիճակով, հայտնեց գոհունակություն, որ Կովսականում վերջապես բացվեց ժամանակակից սարքավորումներով, գույքով հագեցված նորակառույց հիվանդանոցը:

Bako SahakyanԱյստեղից երկրի ղեկավարությունն այցելեց Միջնավանի տարածք: Օրվա ընթացքում Կովսականի, հարևան բնակավայրերի բնակիչների, հյուրերի համար իր արվեստը ցուցադրեց լարախաղացը:

Հանդիսավոր մասից հետո Կապանի տարածքային զինկոմը հուշանվեր-սուր պարգևեց Կովսականի քաղաքապետին՝ մաղթելով, որ հարկ չլինի՝ այն պատյանից հանելու: Նշեց նաև, որ տարածքի ազատագրմանը կապանցիները նույնպես մասնակցել են: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետ. դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը, շնորհավորելով օրվա առթիվ, մաղթեց, որ խաղաղությունը մշտապես տիրի, և ծաղկի Կովսականը, դառնա մշակութային կենտրոն: Մթնշաղին հրաժեշտ տվեցի Կովսականին՝ հավատով, որ կիրականանա բոլորիս ցանկությունը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031