«Գիշերային արտաժամը վճարելու համար ֆրանսիական «Veoiia Water» կազմակերպությունը ինձ ազատությունից զրկել է 1050 ժամ, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:
Ես այսօր կանգնած եմ երկիրը հարկադրաբար լքելու շեմին, քանի որ ձեր կողմից ներկայացրած դեսպանատան միջոցով սպառել եմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող իմ իրավունքների վերականգնման բոլոր հնարավորությունները»,-երեկ Հայաստանի քաղաքացի Վրեժ Աթաբեկյանն իր նամակն էր ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին:
Նա դեսպանին նաեւ հայտնում է, որ ինքը մեղավոր չէ, որ 2 տարի
348 օրերի ընթացքում չի կարողացել մոռանալ իր երկու ընկերների կորուստը:
Վրեժ Աթաբեկյանը ինը տարի առաջ աշխատանքի է անցել «Երեւան-Ջրմուղ» Փակ բաժնետիրական ընկերությունում, որպես վթար վերացնող բանվոր:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ դեսպանին ուղղված նամակի, երեք տարի առաջ, ընկերության արեւելքի մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանի, Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ինժեներ Հենրիկ Մարտիրոսյանի կողմից վթարային աշխատանքները կատարելուց բացի խնդիր է դրվում, որպեսզի շինարարական աշխատանքներ կատարվեն Նորագավիթի 10-րդ
փողոցից, Ս.Տարոնցու, Շարուրի, Արարատյան, Չեխովի, Արին Բերդի փողոցներում:
Օրական աշխատում են տասնվեցից քսան ժամ, նրանց գիշերային աշխատաժամանակը կազմում է 1050 ժամ:
Աշխատանքները համաշխարհային բանկի կողմից էին ֆինանսավորվել:
«Ֆրանսիական «Veoiia Water» կազմակերպության կողմից չվճարվելով 2 138 050 դրամ, անվստահություն էր ծագել ֆրանսիական կազմակերպության նկատմամբ, այն դեպքում, երբ Հայաստանում գործող ֆրանսիական կազմակերպությունները նման դրսեւորման չեն արժանացել»,-ասում է դիմումատուն:
Վերջինն ազատվում է աշխատանքից, նշելով՝ անվստահության գործոնի
մասին:
Ի դեպ, այս պատմությանն «Առավոտն» անդրադարձել էր իր 23.04.2012թ-ի «Գոտիս եմ ձգում, որ «գրիժաս» չպայթի» հրապարակման մեջ:
Այս ստրկացուցիչ աշխատանքային պայմանների պատճառով, ըստ Վ.Աթաբեկյանի, իրենց մահկանացուն են կնքել իր երկու աշխատանքային ընկերները, որոնցից մեկը մահացել է աշխատավայրում:
Հայաստանի քաղաքացին ակնկալում է դեսպանի միջամտությունը, որպեսզի ստանա իրեն հասանելիք գիշերային աշխատավարձը, Ֆրանսիայի օրենսդրության համաձայն նպաստեն, որպեսզի պատժվի նշյալ ընկերությունը, ընդհուպ՝ կիրառվեն տնտեսական սանկցիաներ:
Ակնկալում ենք նաեւ դեսպանատան պաշտոնական պատասխանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
մի անկապ, ոչինչ չասող բան կգրեն էլի, ֆրանսիացիք, եթե գրեն…թե իրանք ինչքան պուպուշ են, իսկ քաղաքացին՝ ինչպես միշտ՝ քըխ….սենց հարցերում բոլոր պետություներն էլ համարյա թե նույնն են… Ֆրանսիա, Հայաստան….