ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է Համագործակցության հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանի: Հուշագրի համաձայն` կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող “Կենգուրու”, “Ռուսական արջուկ”, “Մեղու” մրցույթների և “Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի” անցկացման գործում։
Նախարար Ա. Աշոտյանը, կարևորելով “Այբ” հիմնադրամի դերը դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման հարցում, նշել է. “Սույն հուշագրով մենք ընդլայնում ենք մեր համագործակցության սահմանները “Այբ”-ի հետ, որի շրջանակում նախարարությունն աջակցելու է երկու նոր նախաձեռնությունների` “Ռուսական արջուկ” և մեզ համար խիստ կարևոր և ողջունելի համարվող “Մեղու. հայերենը բոլորի համար մրցույթների իրականացմանը: Վերջինս հայոց լեզվի օլիմպիական նոր շարժումն է”,-նշել է Ա. Աշոտյանը` հիշեցնելով, որ “Այբ”-ը մի շարք առաջատար դպրոցների շարքում մասնակցում է միջազգային օլիմպիադաներին հայ դպրոցականների նախապատրաստելու գործընթացին: “Օլիմպիադաների կարևորությունը, իհարկե, լավագույն երեխաների հայտնաբերումն է, բայց առավել կարևոր է, երբ օլիմպիական շարժումն ավելի մեծ աշակերտական զանգվածներ է համախմբում` ստեղծելով գիտելիքակենտրոն միջավայր և շարժումներ, որը թույլ է տալիս ընդհուպ հանրապետության Նախագահի ձեռքից ստանալ պատվավոր մրցանակներ>,-նշել է Ա. Աշոտյանը:
Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր հերթին ընդգծել է, որ հաշվի առնելով “Կենգուրու” և “Ռուսական արջուկ” դպրոցական միջազգային մրցույթների փորձը, ինչպես նաև վերոնշյալ մրցույթների մասնակից դպրոցների ու երեխաների ցանկությունը, ինչպես նաև ելնելով այն փաստից, որ աշխարհի շատ երկրներում անցկացվում են նմանատիպ մրցույթներ տարբեր լեզուներից, “Այբ”-ը, նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է 2014 թվականից ամեն տարի հոկտեմբերին անցկացնել ևս մեկ նմանատիպ զանգվածային մրցույթ` հայոց լեզվից: Բանախոսն ընդգծել է, որ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո մեկնարկող և միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան հայոց լեզվի մրցույթը կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել մայրենի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության նկատմամբ: “Այս մրցույթն այլ մրցույթներից տարբերվում է նրանով, որ խթանում է լեվզվամտածողությունը, ստեղծարարությունը, տրամաբանությունը, և հիմնված չէ միայն երեխայի գիտելիքների վրա: Այս մրցույթն իրավամբ միջազգային մրցույթ է, քանի որ այն իրականացնելու ենք նաև Սփյուռքի գաղթօջախներում: Նշեմ, որ առաջին տարվա համար արձանագրվել են ապշեցուցիչ արդյունքներ. մենք ակնկալում էինք 10-15 հազար աշակերտի մասնակցություն, սակայն մասնակցության հայտ է ներկայացրել 44700 երեխա, որը գերազանցում է “Կենգուրու” մրցույթի արդյունքները: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դպրոցականների մոտ առկա է մեծ հետաքրքրություն մայրենի լեզվի և գրականության, մշակույթի հանդեպ` հակառակ հոռետեսական պնդումներին>,-նշել է բանախոսը` ընդգծելով,որ ապագայում նախատեսվում է ընդլայնել մրցույթների շրջանակը:
Նշենք, որ “Մեղու. հայերենը բոլորի համար” մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, որին մասնակցելու համար գրանցվել են 3-12-րդ դասարանների աշակերտներ` Հայաստանի և Արցախի 961 դպրոցից։
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն