«Ի՞նչ է նշանակում պարտադրել, իշխանությանը չեն կարող որևէ բան պարտադրել: Իշխանության հետ պարտադրանքի լեզվով խոսել հնարավոր չէ, եթե ուզում են իշխանության գալ, թող երկու տարի հետո սկսեն ՏԻՄ ընտրություններից: Թող ունենան իրենց գյուղապետերը և քաղաքապետերը և այդպես փորձեն մասնակցել ընտրությունների»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, անդրադառնալով եռյակի նախաձեռնած հանրահավաքներին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ըստ նրա՝ եռյակի քաղաքական պայքարն անարդյունավետ է. «Հանրահավաք, հետո երթ, դրանից հետո հանրահավաք…սահմանադրական լուծումներ են պետք: Ինչի՞ են ուզում հասնել»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե եռյակն արդեն կոնկրետ արդյունքների մասին է խոսում, օրինակ այն, որ իրենց հաղթանակն է այն, որ ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելը հետաձգել է: Սուքիաս Ավետիսյանն արձագանքեց. «Շատ է չափազանցված, քանի որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ՀՀԿ-ն երբևիցե որևէ մեկի պարտադրանքին ականջալուր չի լինելու»: Մեր դիտարկմանը, թե դա նշանակում է, որ հետդարձի ճանապարհ չկա՞, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք ցանկացած տիպի երկխոսության, մենք պետք է հոդված առ հոդված քննարկումների գնանք: Այսօր պետք է հստակ ասել, որ եթե ունենք խնդիրներ, ուրեմն դրանց լուծման համար պետք է կատարենք սահմանադրական բարեփոխումներ»: Մեր այն դիտարկմանը, թե եռյակը հստակ է ասում, թե գործող Սահմանադրությունը չի խանգարում լուծել այն խնդիրները, որոնք հուզում են հայ հասարակությանը, պարոն Ավետիսյանն ասաց. «Ցավոք, այսօր գործող Սահմանադրությունը չի խանգարում, բայց նաև գործող Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով»:
Aravot.am-ի հարցին՝ եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ՀՀԿ-ական պատգամավորի աչքով մասնակիցների թիվը 30 տոկոսով աճե՞լ է, ինչպես ներկայացնում են ԲՀԿ-ից, թե՞ նվազել, ինչպես նշում է ՀՀ ոստիկանությունը: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Նախորդ հանրահավաքից ավելի շատ էին մասնակիցները, քանի որ փորձեցին արդեն վարչական բոլոր լծակներն օգտագործել»:
Հարցին ՝ արդյոք նախադրյալներ չի՞ տեսնում արտահերթ ընտրությունների համար, ինչի մասին նշում են եռյակի ուժերը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում արտահերթ ընտրության համար: Արտահերթ ընտրություններ են կատարվում այն ժամանակ, երբ իշխանական ճգնաժամ է առաջանում, երբ հանրապետության նախագահը չի կարողանում տիրապետել իրավիճակին, ԱԺ-ն Սահմանադրությամբ իր առջև դրված խնդիրները չի կարողանում լուծել»: Մեր դիտարկմանը՝ մի՞թե քաղաքական ճգնաժամ չէ այն, որ նախկին կադրերն են կրկին գալիս իշխանության, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ հին դեմքերը ավելի վատ են աշխատում, քան նորերը: Սերնդափոխությունը պետք է լինի համաչափ, այլ ոչ թե ի վնաս հին դեմքերի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ