Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ սեփական տունը միայն գերեզմանս կդառնա». Ադրբեջանից Հայաստան գաղթածների վերջին երազանքը՝ սեփական տանը մահանալ, երազանք էլ մնում է

Հոկտեմբեր 28,2014 13:37

18-ամյա Մարին (անունը փոխված է) քոլեջից տուն վերադառնալիս երբեք իր կանգառում չի իջնում. երկու կանգառ շուտ թողնելով տուն տանող միակ երթուղայինը՝ մնացած ճանապարհը, հին ու լքված գործարանի պատնեշի մոտով, ոտքով է անցնում:

ՏԷՑ-ի հանրակացարանը (Արցախի չորրորդ նրբանցք 10/1, 2) մեկն է Ադրբեջանից Հայաստան գաղթած փախստականների բնակության վայրերից, որտեղ 12 քառակուսի մետրանոց սենյակներում 26 տարի շարունակ 5 հոգով հերթով գիշերում են փախստականները: Ընտանիքի անդամներն ուրախանում են, երբ տնից որևէ մեկը խոպան է գնում. քնելու տեղ է բացվում:

«Դպրոցական տարիներիս դասարանցիներս ձեռ էին առնում, թե ապրում եմ քանդված ու հոտավետ շենքում, մեր շենքի զուգարանի հոտը մինչև բակ հասնում է, հիմա սովորում եմ մեր թաղերից հեռու, փախստականի պիտակը վրայիցս քիչ-քիչ դուրս է գալիս, ուրիշ կանգառում էլ իջնում եմ, ոտքով թաքուն ճանապարհ գիտեմ, այդպես գալիս եմ, որ կուրսեցիներիցս հանկարծ պատահաբար չտեսնեն՝ որտեղ եմ ապրում»,- ասում է Մարին:
Ադրբեջանից Հայաստան գաղթած 361 հազար փախստականներից խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներով ՝այսօր Հայաստանում 160 հազարից էլ քիչ են մնացել: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, պաշտոնական տվյալներ չկան, թե քանի՞ փախստական է այժմ Հայաստանում մնացել, բայց նա փաստում է՝ փախստականների տեղաշարժն ավելի բարձր է, քան «մեր բնիկ բնակչության մոտ»:

PrevPhoto
NextPhoto

26 տարիների ընթացքում շուրջ 85 հազար անձ դարձել է ՀՀ քաղաքացի, սակայն միգրացիոն պետծառայության տվյալներով՝ փախստականներն այժմ գրեթե չեն ընդունում ՀՀ քաղաքացիություն, բնակարաններով ապահովման հարցն էլ հետ է մղվել:

«Փախստակաները տարբեր ճանապարհով են ապահովվել բնակարաններով. միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ բնակարան և առանձնատուն են ստացել 5000-ից ավելի ընտանիքներ, Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ՝ 1000-ից ավելի ընտանիք: Հայաստանի քաղաքացիություն ընդունած փախստականները նույնպես հերթագրված են, և ծրագիրը հավասարապես թիրախավորում է բոլոր փախստականներին, բայց հարցն այն է, որ այժմ պետբյուջեով գումարներ չկան բնակարանապահովության համար նախատեսված»,- ասում է Գագիկ Եգանյանը:

2009-ին ՏԷՑ-ի հանրակացարանում Բաքվից Հայաստան հասցրած իրերն էր հավաքում Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան, հետախույզ 90-ամյա Նինա Սեյրանովան, սակայն եկավ լուրը. բնակարաններ այլևս չեն հատկացվի:

Նինա տատիկը կարոտով է հիշում Բաքվում ապրած իր տարիները, ասում է՝ մի ճար լիներ, էն վախտերը հետ բերեր. Բաքվում մոդելավորող է աշխատել, որպես հետախույզ՝ բազում պարգևներ ու շքանշաններ ստացել.
«Բաքվում բոլորս հավասար էինք, հետո սկսեցին մեզ ձեռ առնել, սպանել, բռնաբարել, իսկ 26 տարի հայրենիքում ապրելով՝ ավելի քիչ բան չենք տեսել, քան փախուստի ժամանակ, գուցե երևույթների անուններն այլ են, բայց հոգեվիճակդ դրանից չի փոխվում: Սկզբում սոված-ծարավ, առանց հագուստի եկանք, մեզ օգնեցին, կերակրեցին, շնորհակալ եղանք, բայց ամեն ինչ այդտեղ էլ ավարտվեց… մոռացան մեզ»:

88-ամյա Սեդա Մելքումյանը՝ շենքի ամենաարցունքոտ աչքերով բնակչուհին, շոշափում է իրեն հյուր եկող բոլոր մարդկանց, հարցնում՝ արդյոք վերջին երազանքը կկատարվի՞. «Իմ տանը կմեռնե՞մ, թե՞ վերջին երազանքս անկատար էլ կհեռանամ ինչպես շատ հարևաններս: Չեմ ուզում որևէ մեկը տեսնի աչքերիս արցունքները. Բաքվում հարևաններս օգնել են դուրս պրծնել երկրից կենդանի ու առանց լացուկոծի, Հայաստանում ես կուրություն գտա, իմ երկրում եմ, սակայն այստեղ չեմ տեսնում ուշադրություն իմ հանդեպ, իմ աչքերը հետ են վարժվել չոր լինելուց»:

Սանհանգույց հասնելու համար Սեդա Մելքումյանը սպիտված է սպասել սենյակի մոտ լսվող ոտնաձայներին, նախ ճշտում է՝ տղա՞, թե՞ աղջիկ է անցնողը՝ նոր միայն դիմում խնդրանքով: Երկու շաբաթ է տնից դուրս չի եկել, երկու շաբաթից էլ կլրանա մեկ ամիսը՝ ինչ չի լողացել, ու ավանդույթի համաձայն՝ ամեն ամսվա առաջին օրը հարևանուհու հետ կգնա վճարովի բաղնիք. «Բաքվում ընկերուհիներով հավեսի համար էինք բաղնիք գնում երբեմն, իսկ այժմ երբեմն վճարովի բաղնիք գնալն ու լողանալը մեծ ճոխություն է դարձել…»:

Փախստականների համար նախատեսված վթարային վիճակում գտնվող հանրակացարանում 56 ընտանիք է ապրում, այստեղ լոգարան չկա, ամեն հարկի զուգարանից 35 հոգի է օգտվում՝ կին, տղամարդ, ծերեր ու երեխաներ:

Հանրակացարանի պարետ Աննա Պողոսյանը նշում է, որ մազապուրծ փրկված մարդիկ այժմ էլ ապրում են վթարի վտանգը սրտներում. «Շատ վատ վիճակում են մարդիկ այստեղ ապրում, շատ են ծերերը, հաշմանդամ ծերերի վիճակը շատ ավելի բարդ է, քանի որ նրանք շաբաթներով չեն կարողանում լողանալ: Շենքը չորրորդ կարգի վթարային վիճակում է, մարդկանց կյանքն այստեղ վտանգի տակ է ամեն րոպե»:

85-ամյա Նադեժդա Մարությանը 26 տարի է՝ առաստաղից կաթող սենյակում է, Հայաստանում ապրելու տարիներից 25-ն անցկացրել է նույն խոստումները լսելով. «Հեսա տուն կտանք, իսկ շենքի քարերն իրարից առանձնանում են, ոչ ոք չի ուզում հասկանալ, թե ինչպես են մարդիկ ապրում այս պայմաններում: Այս տարիքիս միայն շշով ջուր բերելու համար մի քանի հարկ եմ անցնում»:

Հանրակացարանում շատ են հաշմանդամություն ունեցող ծերերը, ովքեր զրկված են խնամքից, նրանց միակ զրուցընկերը տարբեր կազմակերպությունների կամավորներն են, ովքեր շաբաթը մեկ անգամ աշխատում են 70 շահառուների հետ: Վանուհի Մազմանյանը Հայկական Կարմիր Խաչի կամավորն է կացարանում երկար տարիներ, ասում է՝ փախստական ծերերը հատկապես ընկերակցության կարիք ունեն, շատերն էլ պարզապես ապրում են ամիսը մեկ անգամ հատկացվող սննդի փաթաթներին սպասելով:
Կամավորներն աշխատում են նաև հանրակացարանում ապրող երեխաների և դեռահասների հետ:

Հանրակացարանի վերջին դուռը՝ մեկ մահճակալով ու գրասեղանով սենյակը, Անյայինն է (խնդրել է ազգանունը չգրել, ասում է՝ աղջիկ ունի ամուսնացնելու, թող չիմանան իրենց մասին): Նա էլ ամեն ինչ թողել է Բաքվում, իսկ Հայաստանում դեռ ոչինչ չի ստացել փոխարենը. «Հազար անգամ ասում են, թե տուն պետք է տան, և հարյուրավոր մարդիկ մահացել են՝ այդպես էլ տուն ունենալու կարոտը սրտներում: Հայաստանում միակ ձեռքբերումս աղջիկս է, նա այստեղ է ծնվել և մեծանում, բայց ամաչում է փոքրիկ այս սենյակում ապրելուց, դասարանցիներից ոչ մեկը մեզ հյուր չի գալիս: Աղջիկս աչքերը բացել է, թե չէ, միայն մեռելներ է տեսել»:

«Չէ մամ, մեկ-մեկ հարսանիք էլ է լինում, – ընդհատում է աղջիկն ու հավելում,- մեր հանրակացարանի աղջիկներին տանում են հարս, սակայն այստեղի տղաները չեն ամուսնանում, որ մեզ էլ հարս բերեն: Մի 10 տարուց ինձ էլ կարող ա էս սենյակից հարս տանեն, եթե տղան իրոք սիրեց, կընդունի ինձ այս սենյակից հենց, ոչ թե դասարանցիներիս նման»:

Հայ փախստականների «Ահազանգ» ՀԿ տնօրեն և Փախստականներ և միջազգային իրավունք ցանցի հիմնադիր անդամ Ջուլիետտա Վերդյան-Երեմյանցը նույնպես 26 տարի առաջ է Հայաստան գաղթել, 18 հոգով ապրել են մեկ սենյականոց բնակարանում, ասում է՝ պետությունից 10 լումա անգամ չի ստացել որպես փախստական:

«Քանի որ ինտեգրումը ճիշտ չի կատարվել, սկզբից փախանք եկանք, երկրաշարժ եղավ, շրջափակում, առաջին մեկ-երկու տարիներին ինչպես ընդունեց Հայաստանը մեզ, գոհ էինք: Բայց ի՞նչ եղավ հետո: Փախստականները կրկին բռնեցին գաղթի ճանապարհը»,- նշում է Ջ. Երեմյանցը:

1998-ին առաջիններից էր, որ ընդունեց ՀՀ քաղաքացիություն՝ մտածելով՝ 55 տարի ապրել է Ադրբեջանում, ողջ ունեցվածքը դարձել է թուրքերի բաժին, հիմա հայրենիքում է ու հպարտությամբ կլինի ՀՀ քաղաքացի. «Մեզ ասել էին, որ մեր իրավունքները կպահպանվեն, պարզվեց այդպես չէ, հիմա անկախ նրանից փախստական ես, թե ծեր, ինքդ պիտի լուծես քո հարցերը»:

Հանրակացարաններից զատ, փախստականների խմբեր կան, ովքեր դեռևս ապրում են գործարանների կամ հիվանդանոցների շենքերում: ՀՀ Ոստիկանության հոսպիտալում՝ վերակենդանացման բաժանմունքի անմիջապես հարևանությամբ ապրում են Ադրբեջանից Հայաստան գաղթած փախստականներ, 26 տարի վերակենդանացման բաժանմունքի հարևանները կատակում են՝ մեզ տուն պետք չի, հիվանդասենյակում էլ լավ է, իսկ ով վատ է զգում, շտապ օգնության կարիք չի լինում, միանգամից մեկ քայլ այն կողմ վերակենդանացման սենյակ են տանում:

89-ամյա Վազգեն Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքի ամենատարեց հարևանն է, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող ծերունին տարիներ շարունակ բնակարանի հերթի մեջ է. «Քանի՞ անգամ են եկել տեսնեն ես կենդանի եմ, թե՞ ոչ, տղաս՝ Պավել Խաչատրյանը, արիության մեդալ ունի, Արցախի հերոս, ո՞վ է նրան նայում, որ ինձ նայի: Տարիներով մեր խնդիրները կապում ենք այլ երկրների հետ, բոլորը մեզ ջարդել են հա՞, չէ, առաջին հերթին մենք ենք մեզ ջարդել, կոտորել»:

«Բաքվեցի համերկրացիների միասնություն» ՀԿ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքի իր ապրելավայրում գրեթե հյուրեր չի ունենում. 9 քառակուսի մետրանոց հիվանդասենյակում ամեն առավոտ պարկերում տեղավորված հագուստների խրձից վերնաշապիկ գտնելու համար հիշում է Հայաստանի 26-ամյա իշխանություններին. «26 տարի շարունակ 3-4 տարին մեկ գալիս են մեզ գլխաքանակ անում, ռադները քաշում, սա անօրինության երկիր է, ամենուր նույն մարդիկ են, այսպիսի փոքր սենյակներ իշխանությունների շներն անգամ չունեն, իսկ մենք նման պայմաններում երեխաներ ենք մեծացնում»:

Հիվանդասենյակներում տեղավորված 8 փախստական կյանքից հեռացել են՝ իրենց անունները թողնելով տուն ստանալու հավերժական ցուցակում:

«Ես չեմ համարում, թե մարդիկ այստեղ մահանում են, նրանք զոհվում են այս պայմաններում»,- ասում է Ռ. Խաչատրյանը:

«Փրկվեք ով ինչպես կարող է»,- այսպիսի հորդորներով են փախստականներն ապրում Հայաստանում, մարդիկ, ովքեր ադրբեջանական սրից փրկվել, իսկ «սեփական երկրում՝ սրի տակ քաշվածի պես են ապրում»:

Փախստականների հանրակացարանային և հիվանդասենյակային կյանքին քաջ տեղյակ պատկան մարմինները, սակայն, միայն մեկ պատասխան ունեն՝ հայտնի չի, թե ե՞րբ կվերսկսվի փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրը:

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասում է՝ Կառավարությունը հանձնառություն է վերցրել փուլ առ փուլ լուծել այդ խնդիրը, սակայն կոնկրետ ժամկետներ փուլերի մասին չկան նշված. «25 տարուց ավելի մարդիկ ապրում են տարրական պայմաններից զուրկ շենքերում, սակայն պետությանն էլ հասկանալ կարելի է, մշտական կացարան տրամադրելը կախված է երկրի հնարավորություններից, միջազգային փաստաթղթերում նշված չէ, որ ընդունող երկիրը պարտավոր է մշտական կացարան տրամադրել: Եթե հարուստ երկիր լինեինք, ավելի վաղ կլուծվեր հարցը»:

Փախստականների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններում վստահ են՝ միջազգային և պետական այնպիսի հատկացումներ են եղել փախստականներին բնակարաններ ապահովելու համար, որ որևէ փախստական անտուն չպետք է մնար:
Նշենք, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հայաստանյան գերագույն հանձնակատարի գրասենյակին ուղղված մեր հարցումը փախստականներին աջակցություն ցուցաբերելու և նրանց համար իրականացվող ծրագրերի մասին, միայն մեկ անգլերեն տողով պատասխանի արժանացավ՝ անհրաժեշտ ինֆորմացիան գտնել ՄԱՓԳՀ կայքում, որտեղ հարցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկար:

Որպես հետգրություն. Փախստականների ապրելավայրեր այցելած յուրաքանչյուր մարդու հայացքից երբեք չեն ջնջվում ծերերի արցունքոտ աչքերը, մարդիկ, ովքեր ողջ կյանքում աշխատել են, տուն ստեղծել, և մահանում են արժանապատիվ մեկ սարքին մահճակալ չունենալով անգամ. 92-ամյա Աիդա Շահնազարովայի աչքերը մեկն են այն անջնջելիներից, որ հանդիպումից որոշ ժամանակ անց փակվեցին հավետ, և նրա՝ իմ սեփական տունը գերեզմանն է դառնալու բառերը հավերժ թող արձագանքեն փախստականների բնակարանահատկացման ծրագրերից ապօրինի հարստացածների ականջներում:

Փառանձեմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դառն ու իրավացի ճշմարտություն էր, որի հասցեատերը բոլորն են, անկախ պաշտոնից: Ասելու և անելու միջի անդունդը տեսանք: Նայելը սարսափելի է, ուր մնաց այնտեղ լինելը:

  2. Sergey says:

    Այս ընթացքում 3 նախագահ, 12 վարչապետեր, ինչպես նաև այլ չինովնիկներ են փոխվել, որոնցից է կախված այս հարցի լուծումը, սակայն «սայլը տեղից չի շարժվում»։ Սկսած 2010 թվականից մինչև 2013թ. փախստականներին բնակարանով ապահովելու հարցի լուծման համար պետբյուջեից ոչ մի դրամ չի հատկացվել, ինչը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատճառաբանում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով։

    2014թ. մայիսին Կառավարության ծրագրում Հովիկ Աբրահամյանը վերջապես անդրադարձել էր 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակարանային ապահովման խնդրին՝ մինչև 2017թ. փուլ առ փուլ այն լուծելուն: (Մեջբերում՝ 2014թ. Կառավարության ծրագրից – 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած՝ առավել կարիքավոր փախստականների բնակարանային ապահովման հիմնախնդրի լուծման նպատակով կիրականացվի քարտեզագրում՝ նրանց թիվը և բնակության վայրերը ճշգրտելու համար, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկվեն փախստականների խնդիրները փուլ առ փուլ լուծելու համար):

    Հույս ունեինք, որ վերջապես մեր հարցը կլուծվի մինչև 2017թ., սակայն 2015թ. բյուջեի նախագծում, որը տեղադրված է ՀՀ Կառավարության կայքէջում, գումար հատկացված չէ: Միայն եզրափակվել են երկու տողով. «Գործնական քայլեր կիրականացվեն 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած` առավել կարիքավոր փախստա¬կանների բնակարանային ապահովման հիմնախնդրի լուծման ուղղությամբ»:

    Ինչպե՞ս պետք է մինչև 2017թ. լուծեն այս հարցը, եթե արդեն 2015-ում ոչ մի գումար նախատեսված չէ: Ի՞նչ է ենթադրվում «Գործնական քայլեր» ասելով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031