«Ուզում եմ հասկանալ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին երկու մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի, մինչդեռ Վանաձոր, Գյումրի քաղաքներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չի: Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ…»,- այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին դիմեց Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը վկայակոչեց այն հանգամանքը, որ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու ըստ այդմ բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ: Մինչդեռ մայրաքաղաք Երևանին բյուջեով հատկացվելու է 2 մլրդ դրամ՝ վթարային շենքերի բնակիչներին դրանք քանդելուց հետո փոխհատուցելու համար:
Պավել Սաֆարյանն ասաց, որ խնդիրը միմիայն ֆինանսների բացակայությունն է ու պատգամավորին հորդորեց չնեղսրտել նրանից, որ իր բարձրաձայնումներին արձագանք չի լինում. «Պատճառը միայն մեկն է` ֆինանսների բացակայություն: Բայց դրանք քննարկման հարցեր են և մենք անպայման կքննարկենք»:
Փոխնախարարը հիշեցրեց, որ 90-ականներից սկսած պետությունը ահռելի գումարներ է հատկացրել այդ քաղաքներին. «Հարցը կարելի է քննարկել, այն փակված չէ և եթե գտնենք, որ եզրեր ունենք, ապա կարող ենք նաև ներառել նախագծում»:
Էդմոն Մարուքյանն իր հակադարձումում նկատեց, որ աղետի գոտում գումարներ ծախսվել են, բայց խնդիրը չի լուծվել ու իր ասածն ամենևին էլ չի նշանակում, թե Երևանին չպետք է գումար հատկացվի, պարզապես ուզում է, որ արդար մոտեցում լինի. «Քանդման շենքերը դեռ իր հերթին, բայց մարդիկ տնակներում են ապրում: Ես խնդրում եմ դիմենք վարչապետին, որպեսզի միջոցների վերաբաշխում արվի…. ասում եք` ֆինանսների բացակայություն, բայց այստեղ տեսնում ենք ճոխություններ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ