ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումները:
«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի գագաթնաժողովը դրական քայլ էր: Շնորհակալություն Օլանդին», – գրել է դիվանագետը Թվիթերի իր էջում:
Երեկ Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձին հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որից հետո հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, այնուհետև երկրի ղեկավարները առանձնազրույց են ունեցել, իսկ երեկոյան Օլանդի հետ մասնակցել են եռակողմ հանդիպմանը: Արարողության վերջում պաշտոնական ընթրիք է տրվել:
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները բանակցությունների ընթացքում պայմանավորվել են Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններով փոխանակվել, որը կկատարվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, ասված է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական էջում, հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
Կարդացեք նաև
Կողմերը նաև պայմանավորվել են բանակցությունները շարունակել 2015թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ