Հարցազրույց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ հետ
-Հայտնի է, որ ՀԱԿ դաշինքում լուրջ խնդիրներ առաջացան այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց համագործակցել ԲՀԿ-ի հետ: Դուք եւ ձեր համախոհները պնդում էիք՝ օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել, չի կարելի այդչափ իջեցնել «պլանկան», իսկ մինչ «եռյակի» հանրահավաքային պայքարը հարց հնչեցրիք. «Ի՞նչ պետք է ասի Ծառուկյանը, ասի, որ 15 տարի թալանել է ժողովրդին, հիմա էլ ժողովրդի համա՞ր է աշխատում»: Վերջին մարդաշատ հանրահավաքից հետո դարձյա՞լ նույն համոզմանն եք:
-Այն, ինչ ասել եմ, տերն եմ իմ բոլոր խոսքերի, ու որեւէ փոփոխություն չկա իմ համոզմունքներում: Պարզապես մեծ ցավ եմ ապրում, որ ժողովուրդը գնում է մի հրապարակ, ուր իրեն փրկության խոսքեր են ուղղում իրեն իսկ թալանողները, խաբողները եւ իրեն հիասթափեցրած անձինք:
Այս անգամ, ի դեպ, Ծառուկյանն իր հրապարակային ելույթում ասաց՝ «ես ձեզանից մեկն եմ»: Հիմա սա ի՞նչ է նշանակում, որ հրապարակում կանգնածները իր նման բլուրների վրա կառուցած դղյակներ ու կից եկեղեցիներ ունե՞ն, կամ էլ 3-8 միլիոն դոլարանոց մատանիներ ու ժամացույցնե՞ր:
Կարդացեք նաև
Ես չեմ մասնակցել այդ հանրահավաքին, բայց ինձ համար ամբողջովին պարզ է, թե ինչպես է ժողովուրդը հայտնվել այդ հրապարակում: Ես 20 տարի է՝ քաղաքականության մեջ եմ՝ ու շատ լավ գիտեմ, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառում ու թե ոնց, ինչ գնով են մարդկանց հրապարակ բերում:
-«Եռյակի» առաջին հանրահավաքից հետո եւս ակնարկեցիք, թե ժողովուրդը ինքնակամ չի գալիս, այլ հրապարակ է բերվում պարտադրանքով: Եթե այդպես է, կնշանակի՝ այն գործելաոճը, ինչի համար ոչ իշխանականները տարբեր առիթներով քննադատում են իշխանությանը, կիրառում են իրենք՝ ԲՀԿ-ի լծակներով:
-Դե, ԲՀԿ-ն, ի վերջո, նույն մեխանիզմներն է գործադրում: ԲՀԿ-ն բիզնես կլուբ է, ուր հավաքված են օլիգարխներ ու օլիգարխիկներ: Այնպես որ միայն Ծառուկյան Գագիկի փողերով չեն այդ մարդիկ բերվել, նաեւ այլ օլիգարխների փողերով են հրապարակը լցրել: Այսինքն՝ ժողովուրդը ոչ թե ինքնակամ է գալիս, այլ ուղղակի բերում են: Այդ բոլորը այնքան ակնհայտ է, որ դրա մասին անգամ խոսելն անիմաստ է:
-Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ի ելույթում իր նախկին դաշնակիցներին փաստորեն անվանեց մարգինալ ուժեր եւ ժողովրդին կոչ արեց ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող այդ լուսանցքայինների հիստերիկ արձագանքներին։ Այդ բնութագրումները, բնականաբար, ուղղված են նաեւ ձեզ եւ ձեր համախոհներին:
-Չեմ կարծում, որ հասցեատերը ես եմ, կամ նրա խոսքը վերաբերում է «Ժողովրդավարական հայրենիքին»: Լավ կլիներ՝ Տեր-Պետրոսյանը պարզ ասեր, թե ում նկատի ունի «լուսանցքային» ուժեր ասելով:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում