Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է. «168 ժամ»

Հոկտեմբեր 28,2014 12:47

Հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցին ռիտուալային խոսքեր հնչեցին՝ «խունկ և խոնարհում», «հավերժ խնկարկում», «նրանց հիշատակը միշտ կմնա մեր սրտերում», և այլն։ Եթե անկեղծ լինենք՝ սրանք ժամանակավրեպ, ռետրո արտահայտություններ են՝ հատուկ, ավելի շուտ, 19-րդ դարի վերջին։ 21-րդ դարը կոնկրետ, պրագմատիկ ու արագ դար է՝ առանց ձանձրալի «խնկարկումների»։ Ի՞նչ ունենք այսօր «Հոկտեմբերի 27»–ի գործում՝ բացի նրանից, ինչ ունեինք 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին։ Ոչի՛նչ ավելի։

Հոկտեմբերի 27-ի իրադարձություններից անմիջապես հետո ողջ հասարակությունը շոկի մեջ էր, սիրելի մարդկանց անակնկալ կորստից զոհերի հարազատները ևս կարկամած էին, հարցականները շատ էին։ Այլ կերպ ասած՝ կար հետաքրքրություն՝ գործը բացահայտված տեսնել։ Վկաները, դատավարության պրոցեսը ողջ հասարակության ուշադրության կենտրոնում էր։ Առաջին 1-2 տարին, թերևս, իներցիայով, գործի բացահայտումը պահանջված էր։ Ժամանակի ընթացքում հետաքրքրությունն ու իրականությունն իմանալու ցանկությունը նվազեց։ Հոգնեցինք։

Տասը անմեղ զոհ ունեցանք նաև 2008-ի մարտի 1-ին։ Բոլորս բորբոքված էինք, կուսակցություններն ու քաղաքական գործիչները պահանջում էին արդար քննություն։ Մարտի 1-ի մարդասպանների ինքնությունը պարզելու հարցը բոլորիս էր մտահոգում։ Հետո հետաքրքրությունը կամաց-կամաց նվազեց, հանցագործության վաղեմության ժամկետն ու մեր հոգնածությունը հանդիպեցին։ Այսօր մարդասպաններին գտնելու խնդիրը, այնպես չէ, որ չկա։ Կա, սակայն ելույթներում, հանրահավաքներում խոսքին ազդեցիկություն ու ցասում հաղորդելու նպատակով։ Իշխանությունների կողմից հանցագործներին գտնելու՝ անգամ ցուցադրական փորձ էլ չի արվում։ Հասարակական ճնշում էլ չկա։ Որևէ կողմի շահագրգռություն՝  ևս։

… Առհասարակ, արագ ենք հոգնում։ Ցանկացած պայքար տևում է այնքան, քանի դեռ մեր էմոցիոնալ, հուզական վիճակը բորբոքված է։ Հետո մեր ուշադրությունը շեղվում է այլ խնդրի վրա, ու պայքարն անմիջապես մարում է։ Այդպես եղավ «Դ!եմ եմ» շարժման հետ։ Ի՞նչ պատահեց, որտե՞ղ են այսօր այդ ծրագրավորողները, ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, որոնք կառավարության մուտքն էին փակել, հանրահավաքներ էին անում, խոստանում, որ թեժ են պահելու իրավիճակն այնքան, մինչև օրենքից չհանեն «պարտադիր» բաղադրիչը։ Պարտադիր կուտակային կենսաթոշակների խնդիրն այսօր էլ կա՝ այլ, գեղեցիկ ու գունավոր փաթեթավորմամբ։

Հոգնեցին պայքարելուց։ Այդքան արա՞գ։ Բայց երիտասարդներն այդքան շո՞ւտ են հոգնում, հիասթափվում այն էլ սեփական իրավունքները պաշտպանելու հարցում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031