Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Փարիզում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից կարելի է ակնկալել, որ շփման գծում միջադեպերի նվազում կարձանագրվի:
«Հայկական կողմի՝թե նախարարի մակարդակով, թե հանրապետության նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն մեջ ակնհայտ զգուշավոր լավատեսություն այդ հարցում: Այս անգամ հայկական կողմը հստակ խոսում է, որ որոշ ձեռքբերում ու առաջընթաց կա շփման գոտում վստահության մեխանիզմի եւ լարվածության նվազեցման միջոցների առումով: Արդյոք վաղը Ադրբեջանը ի վիճակի կլինի՞ շարունակել ու առաջ գնալ այդ հարցում, դժվարանում եմ ասել»,- ամփոփելով Փարիզում երկու երկրների նախագահների հանդիպումը՝ այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Մինասյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացում Ղարաբաղին չներգրավելու հարցին՝ քաղաքագետն ասաց.«Երբ ընդունվեն հիմնարար սկզբունքները, երբ իսկապես իրական բանակցություններ անցկացվեն, այլ ոչ թե բանակցային իմիտացիա լինի, այդ պահին Ղարաբաղը եւ որպես բանակցային կողմ եւ որպես տուժող կողմ ու գլխավոր մասնակից պետք է ներգրավված լինի ու դրա մասին գիտեն բոլոր շահագրգռված կողմերը: Եվ այդ հանգամանքն է այն գլխավոր խոչընդոտներից մեկը, որը ստիպում է Ադրբեջանին այս պահին ընդունել հիմնարար սկզբունքները»:
Թե ինչու հանդիպումից հետո համատեղ հայտարարություն կողմերը չարեցին, քաղաքագետն ասաց, որ ադրբեջանական կողմի համար շատ դժվար կլիներ հայկական կողմի շահերից ելնող առաջընթացի մասին հայտարարել. «Լինի դա Ֆրանսիայի նախագահի ճնշմամբ, ներգրավմամբ կամ եռանախագահների աշխատանքի արդյունքում: Ընդհանուր հայտարարության տեքստի բացակայությունը մասամբ դրանով եմ բացատրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ