Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հարցազրույցից:
– Պարոն Ուրիխանյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԵՏՄ պայմանագրի հետ կապված, ի՞նչ որոշում է կայացրել, ինչպե՞ս եք քվեարկելու։
– Քվեարկության մասով կկարողանամ ասել, երբ կուսակցությունում պաշտոնական դիրքորոշումը կձեւավորվի, բայց ես ինքս ունեմ բազմաթիվ հարցերից բաղկացած հստակ պատկերացում դրա վերաբերյալ։ Ու իմ դիրքորոշումը բազմիցս արտահայտել եմ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ բազմաթիվ այլ՝ միջկուսակցական, միջազգային ֆորմատներում։ Այն, որ Հայաստանը հնարավորություն է ունենալու դուրս գալ 170 միլիոնանոց շուկա, արդեն պարզ է։ Այն, որ ՀՀ-ն սրանով արդիականացնում է աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը եւ հնարավորություն է ստեղծում միանալու շուրջ 140 հազար կմ երկաթուղային ցանցին, դա էլ է հասկանալի։ Այն, որ ՀՀ-ն ստացավ շուրջ 800 անուն ապրանքատեսակների մասով արտոնություններ, դա էլ է ակնհայտ։
ՀՀ պետական բյուջեն ձեռք բերեց լուրջ պոտենցիալ մուտքեր, բայց արդյո՞ք հայաստանյան իրականությունը թույլ կտա դրանից օգտվել, թե չէ, ա՛յ սա հարցականներից մեկն է։ Ասենք՝ այդ 800 անուն ապրանքների արտոնությունների մասով օգտվելու են մենաշնորհային ու գերիշխող դիրքեր ունեցողնե՞րը, թե՞ պետությունը նոր կարգավորիչ դիրքորոշում կունենա։ Այն, որ սրանով մենք վերաիմաստավորում ենք մեր անվտանգության հայեցակարգը, որն այլընտրանքներ չի ունեցել, դա եւս պարզ է, բայց թե ինչ ենք մենք ստանալու դրանից, ես չգիտեմ, որովհետեւ հայաստանյան ներքին իրողությունը թույլ չի տալիս որեւէ հաստատուն կարծիք հայտնել այդ առումով։
Կարդացեք նաև
– Փաստորեն՝ ստացվում է, որ այս անգամ եւս ԱԺ-ն «դակողի» դերո՞ւմ է լինելու, քանի որ պայմանագիրն արդեն ստորագրվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Հնարավո՞ր է՝ խորհրդարանն այս հարցում բեկում մտցնի։
– Ես այդ տեսակետին չեմ։ Որ քաղաքական մեծամասնությունը դակողի դերում է լինելու, դա՝ այո՛, ինձ համար զարմանալի չի լինի, եթե այդպես լինի, բայց որ խորհրդարանը պետք է լուրջ քննարկում իրականացնի, փաստ է։ Ու ես հույս ունեմ, որ այս հարցերիս պատասխանը կգտնեմ քննարկումների ժամանակ։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում