«Ես չեմ այն մարդը, որը ձեզ կպատմի թե ինչո՞ւ հրաժարվեցին բարեգործները: Անձամբ չգիտեմ էլ, թե ովքե՞ր են բարեգործները: Բարեգործությունը պարտադիր բան չէ, բայց մանրամասները ԱԳՆ-ն կներկայացնի»,- խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը`պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր`ի՞նչ պատճառով են մեր բարերարները հրաժարվել Իրաքում եւ Դանիայում դեսպանատների ծախսերը հոգալ:
Նախագիծը ներկայացնելիս, Պավել Սաֆարյանն ասել էր, որ մոտ մեկ միլիարդ դրամով ավելացել են դեսպանություններին հատկացված ծախսերը: Ի պատասխան Սամվել Ֆարմանյանի հարցի, նա հստակեցրեց, որ գումարի ավելացումը չի նախատեսում նոր դեսպանատների բացում: Ավելացման առաջին պատճառն այն է, որ այդ երկու դեսպանությունների ծախսերը պետք է հոգալ, մնացածը` դեսպանատների աշխատակազմերի պարտադիր բժշկական ապահովագրությանն են ուղղվելու, որոշ գերատեսչություններում լրացուցիչ հաստիքներ են ներառվել եւ այլն:
Սամվել Ֆարմանյանը նաեւ հետաքրքրվել էր բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետությունը մեծացնելու, ատկատների մեխանիզմը հնարավորիս բացառելու համար այս նախագծով ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել: «Ես բյուջետային մասնագետ եմ»,- ասաց Պավել Սաֆարյանը: Դահլիճից պատգամավորներից մեկը հումոր արեց. «Ատկատների մասնագետ չի»:
Ապա, փոխնախարարը շարունակեց. «Երբ բյուջեն ամբողջապես կլինի ծրագրային, ու ծրագրերի վրա հիմնված ծախսեր կլինեն`ատկատների տեսակարար կշիռը զգալիորեն կնվազի: Դուք գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ