Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ

Հոկտեմբեր 28,2014 12:05

Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Հարգելի՛ գործընկերներ

ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները:

Եվ հենց այդ ծրագրերով սահմանված գերակայություններից և ուղղություններից են բխելու 2015 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության շեշտադրումները:
Կառավարության անդամները ձեզ մանրամասն կներկայացնեն 2015 թ. պետական բյուջեի նախագիծը՝ ծրագիր առ ծրագիր, ծախս առ ծախս: Ես միայն կանդրադառնամ բյուջեի ընդհանուր նկարագրին, նախագիծը ձևավորող քաղաքական մոտեցումներին: Ինչպես և ձեր կողմից հաստատված մեր կառավարության ծրագիրը, պետական բյուջեի նախագիծը ես առաջին հերթին կանվանեի իրատեսական:

Կարծում եմ, որ անգամ տարածաշրջանային բարդագույն տնտեսական զարգացումների ներքո, որոնց հավանական սցենարները ներկայացված են, մենք կարող ենք վստահ լինել, որ անհրաժեշտ ծախսերն անպայման կիրականացվեն:
Քաղաքականության փոփոխությունների առումով բյուջետային համակարգը խիստ իներտ է. մեկ տարվա բյուջեում լավագույն դեպքում կարելի է տեսնել քաղաքականության շեշտադրումների սկիզբը միայն: Սահմանափակումներն առկա են թե՛ բյուջետային գործընթացների երկարաժամկետ պլանավորման, թե՛ առկա կարևորագույն ծրագրերի անհրաժեշտ շարունակականության տեսակետից:

Այս տարի ևս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով:

Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի 21.4 տոկոսի չափով: Նմանապես, 2015 թվականին ևս շարունակելու ենք ցուցաբերել ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ին միջպետական վարկ տրամադրելու համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ:

Հնարավորի սահմաններում, սակայն, ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծման և հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու խումբ առանցքային ուղղությունների վրա. առաջին՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, և երկրորդ՝ հենքային ոլորտների զարգացում:

Տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումը պետք է ծառայի պետության նկատմամբ գործարարների վստահության ամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքերի ներգրավման երաշխիք: Մասնավոր հատվածի հետ գործընկերային հարաբերությունների կառուցման հենքը կլինի գործունեության հավասար պայմանների ապահովումն ու երաշխավորումը:

Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծ, որի իմաստը պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է, երկակի ստանդարտների բացառումը: Հիմա, օրինակ, պետությունը գործարարին ասում է՝ եթե ապրանքը պատվիրատուն ստացել է, կատարիր քո հարկային պարտավորությունները, անգամ, եթե գումարն ամբողջությամբ չես ստացել:
Սակայն, եթե նույն տնտեսվարողն ուզում է ստացված կանխավճարը դեռևս չհամարել հարկվող եկամուտ, պետությունն ասում է ոչ՝ հիմա հաշվարկիր: Սա անհավասար պայմաններ է ստեղծում տնտեսվարողի համար, նվազեցնում նրա շրջանառու միջոցները: Այս քաղաքականության անմիջապես շտկումն ստեղծում է տասնյակ միլիարդների միանգամյա բեռ բյուջեի համար, և այն անհնար է մեկ շնչով իրականացնել:
Ո՞րն է մեր մոտեցումը: Իրատեսական և հավասար պայմաններ ստեղծող: Այսինքն, մենք իրականացնում ենք այն իրատեսականորեն՝ հսկայական ծախսի բեռը փուլ առ փուլ բաժանում ենք երեք տարվա մեջ: Մենք իրականացնում ենք այն՝ հավասար պայմաններ ստեղծելով. նախ և առաջ ազատում ենք փոքր բիզնեսին: Արդյոք կունենա՞ այս քայլը հեղափոխական ազդեցություն 2015 թվականին: Չեմ կարծում: Արդյոք տեղի՞ն, իրատեսական, և ի վերջո, արդյունավետ քայլ է: Կասկած չունեմ:

Երկակի ստանդարտների բացառման և պետություն-տնտեսվարող հարաբերությունները հնարավորինս կանոնակարգելու և թափանցիկ աշխատելու ուղղությամբ ակտիվորեն շարունակելու ենք տեսչական բարեփոխումները: Իմ մոտեցումը շատ պարզ է՝ ինչքան քիչ ստուգող, այնքան լավ: Ինչքան կանոնակարգված և թափանցիկ լինեն ստուգումները՝ այնքան լավ: Այժմ մեր մշակած օրենքի նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, և կոչ եմ անում ամենայն ուշադրությամբ քննարկել և շուտափույթ ընդունել այն:

Հիմնական աշխատանքներն այստեղ ուղղված են լինելու տեսչություններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ամբողջական ներդրմանը, տեսչական համակարգի օպտիմալացման ծրագրի մեկնարկին, որն ավարտին կհասցնենք 3 տարիների ընթացքում:
Բյուջեում ներկայացված բազմաթիվ ծրագրեր նմանապես քայլ առ քայլ նպատակաուղղված են Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանը և ներդրումների խրախուսմանը՝ լինի դա միջավայրի ձևավորման, թե ներդրումային ծրագրերի հավաքագրման և տարբեր ձևաչափերով օտարերկրյա և տեղական ներդրողներին ներկայացման ուղղությամբ: Ստվերի պակասեցումը ևս քայլ առ քայլ, միջոցառում առ միջոցառում բարելավվող գործընթաց է:

Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք և վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ դա իրականացնելու: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, և, եթե խոշոր բիզնեսին հաշվետվելի դարձնելու առանձին քայլեր ոմանք ընկալում են որպես փոքր և միջին ձեռնարկություններին ճնշելու փորձեր, ապա հայցում եմ ձեր համբերատարությունն ու աջակցությունը:
Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Փոքր բիզնեսը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աղբյուր և ստեղծելու ենք պայմաններ դրա արտոնյալ աշխատանքի համար: Մեր թիրախը խոշորն է, և մենք այստեղ նվազեցնելու ենք ստվերը: Հետևողականորեն: Համբերատար կերպով: Հաստատակամ:

Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը և համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ:

Հենքային ոլորտների զարգացման տեսակետից կշարունակվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախանշված արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի արդեն իսկ հաստատված ոլորտային ռազմավարությունների իրականացման միջոցառումների ծրագրերի կատարումը:
Մասնավորապես, կշարունակվեն ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ոսկեգործության, ժամագործության ու ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտների ծրագրերը, կմեկնարկի սննդի արտադրության ոլորտի զարգացման ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրի կատարումը:

Գյուղն իր հոգսերով կմնա կառավարության ուշադրության կենտրոնում: Իրականացվող քաղաքականությունն ուղղված կլինի նաև գյուղական տարածքների համաչափ զարգացմանը և ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և վարկերի մատչելիությանը:
Հետևողական աշխատանքներ կիրականացվեն առավել անբարենպաստ պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման և նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսվարման ձևերի զարգացման ուղղությամբ:
2015 թ. բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ՝ հասցնելով այն 6 տոկոսի և ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց 2015 թվականին հատկացնել 1.163.0 մլն դրամ:

Երկրի տնտեսության, և հատկապես գյուղի զարգացման և գյուղատնտեսության զարգացման համար կարևոր ծրագիր է չորս կարևորագույն՝ Կապսի, Վեդու, Եղվարդի և Մաստարայի ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները: Դրանք պահանջում են հսկայածավալ ներդրումներ, որ մենք իրականացնում ենք հիմնականում դոնորների միջոցով:

Ջրամբարների հետ մեկտեղ կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում կպահի նաև երկրի այլ կարևորագույն ծրագրերը. 2015 թ. կշարունակվեն իրականացվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, կենսական նշանակության ճանապարհների, սահմանային անցակետերի շինարարության աշխատանքները:

Ջրամբարների, խմելու ջրի և ոռոգման համակարգերի վրա ուղղվող ծախսերի հետ մեկտեղ կարևորագույն քայլ է ոլորտում պատշաճ և օրինապահ շահագործման ամրապնդումը: Հատկապես կարևոր է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակումը, Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը, անողոք պայքարը բոլոր ապօրինի հորերի դեմ:

Բոլոր այդպիսի հորերը պետք է փակվեն, բոլոր խոշոր ջրօգտագործողները պետք է ներդրումներ կատարեն և ողջամիտ ժամանակի ընթացքում անցնեն նոր, առավել խնայող տեխնոլոգիաների: Այստեղ մենք այլընտրանքներ չունենք և հետևողական ենք լինելու:
Էներգետիկայի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը հետևողականորեն շարունակելու է նպատակաուղղվել ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը` էներգամատակարարման հուսալիության ապահովմամբ, տեղական վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործմամբ, էներգախնայողության միջոցառումների լայնամասշտաբ ներդրմամբ և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կատարմամբ:

Էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնարար ուղղություններն են լինելու սեփական վերականգնվող էներգապաշարների իրացումը, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցումը, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորությունների կառուցումը, ատոմային էներգետիկայի հետագա զարգացումը, այդ թվում՝ գործող ատոմային էներգաբլոկի անվտանգության և հուսալիության աստիճանի բարձրացումը, ինչը կբերի նրա աշխատանքի ռեսուրսի երկարացմանը և տարածաշրջանային էներգահամակարգերին ինտեգրմանը:

Ինչպես արդեն նշեցի, բյուջեն կարելի է հստակորեն անվանել սոցիալական ուղղվածություն ունեցող՝ ոչ միայն ծախսերի ակնհայտ կշռի, այլև հասարակության մշտապես արտահայտվող պահանջներին ականջալուր լինելու և դրանք հետևողականորեն կյանքի կոչելու տեսակետից: Տարիներով կուտակված խնդիրների հետ մեր կառավարությունն աշխատում է բաց և թափանցիկ կերպով:
Իմ ամենօրյա զբաղմունքի առարկան է, օրինակ, ձախողված կառուցապատողների մեղքով բնակարաններից զրկված քաղաքացիների հոգսը, որոնցից շատերին արդեն անձնապես գիտեմ: Իմ մտահոգության առարկան է եղել, օրինակ, քաղաքացիներից գանձվող տուգանքների կանոնակարգումը:
Անսալով հանրության պահանջներին՝ մենք ձեզ հետ միասին, կիսով չափ կրճատեցինք արագաչափերով արձանագրված տուգանքները, իսկ ընդհանուր համատեքստում բարձր պահեցինք միայն էական հանրային վտանգ պարունակող իրավախախտումների տուգանքները, ինչպես, ասենք, հարբած վիճակում ավտոմեքենայի վարումը:
Այժմ նմանատիպ խնդիր ևս դրված է քննարկումների սեղանին: Բոլորս գիտենք, որ անաշխատունակության նպաստների գործընթացում մեզ մոտ այժմ առկա են էական ռիսկեր և չարաշահումներ, երբ պետությանը հասցվում է միլիարդավոր դրամի վնասներ:
Երբ մենք նայեցինք միջազգային փորձը, տեսանք, որ ամեն տեղ կան ակնհայտ սահմանափակումներ, սակայն հստակորեն պատկերացնելով խնդրի զգայունությունը, որոշեցինք միջազգային փորձից բխող այդ առաջարկները դնել լայն հանրային քննարկման: Ես, օրինակ, անձամբ կարծում եմ, որ, ասենք, մինչև մեկ տարի աշխատանքային փորձ ունեցող կանանց համար հաշվարկվող ծննդյան նպաստի հիմքը պետք է լինի աշխատավարձի առնվազն 60, և ոչ թե 40 տոկոսը, 1-3 տարվա փորձ ունեցողներինը՝ 70, և ոչ թե 60 տոկոսը և այլն: Իմ կարծիքով՝ սա քննարկման առարկա է, և ես պատրաստ եմ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների հետ այդ հարցը քննարկել:

Երբ հանրային, այդ թվում՝ խորհրդարանական քննարկումներն ավարտվեն, մենք արդեն կարող ենք հստակորեն ամփոփել և տալ վերջնական առաջարկներ՝ հստակորեն հետևելով հանրությանն ականջալուր լինելու մեր կարգախոսին:

Մեկ այլ օրինակ: Չմանրամասնեմ կենսաթոշակային բարեփոխումների երկարատև քննարկումների ընթացքն ու արդյունքները: Կարող եմ միայն հավաստել, որ այժմ աշխատող լուծումները չեն ծնվել ինչ-որ մեկի կաբինետում. դրանք հանրության տարբեր շերտերի հետ քննարկումների արդյունք են: Օրինակ, քիչ է լուսաբանվում այն փաստը, որ այժմ պետությունը համավճարում է նաև մինչև 50 տարեկան համակարգին կամավոր միացողների համար:
Այս դրույթը փուլ առ փուլ իրականացման դրույթի պես նախատեսված չէր նախնական դիզայնում: Սակայն լսելով մարդկանց, մենք հասկացանք, որ սա ևս պահանջված փոփոխություն է:

Կենսաթոշակային ապահովության բնագավառում Կառավարության գործունեության գերակա ուղղությունն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում՝ դրանց համալիր մատուցման խնդիրը:

Շարունակելու ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը: Ամբողջությամբ կգործարկվեն համալիր սոցիալական ծառայությունների 29 տարածքային կենտրոններ, կշարունակվեն հանրապետության մնացած տարածաշրջաններում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համար հատկացված շինությունների վերանորոգման ու վերազինման աշխատանքները:

Ինչպես ցույց է տալիս ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կենսագործման փորձը, այն կարևոր օղակ է ոչ միայն մարդկանց հրատապ խնդիրները լուծելու, այլև մարդկային կապիտալի պահպանման և զարգացման տեսակետից:
Մարդկային կապիտալի բարելավման տեսակետից էական քայլեր ենք ձեռնարկել նաև կրթության և առողջապահության բնագավառներում: Բարձրորակ մարդկային կապիտալի առկայությունը հանդիսանում է հասարակության տնտեսական զարգացման հիմնական նախապայմանը, ուստի կրթության և առողջապահական ոլորտների զարգացումը երկրի զարգացման գերակայություններից է, և այստեղ կուզենայի անդրադառնալ այդ ոլորտների մի շարք կարևոր ծրագրերի:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, որի նպատակն է ազգային արժեքների պահպանումը և փոխանցումը սերունդներին, արժեհամակարգի ձևավորումը, հայրենասիրության սերմանումը, հայեցի մտածողության պահպանումը:

Կիրականացվի նաև Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որը կնպաստի հանրակրթության որակի բարձրացմանը և հանրակրթության համակարգի արդյունավետ գործունեությանը:

«Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի իրականացմամբ աշակերտներին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել մեխանիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման և ռոբոտատեխնիկայի հիմունքները, որի արդյունքում կզարգանա նրանց ճարտարագիտական և համակարգային մտածողությունը, թիմային աշխատաոճն ու համագործակցության ձգտումը։

Լիահույս ենք, որ այս խմբակները կաճեցնեն այն պատանիներին, ովքեր վաղը օգտվելու են մոտակա տասնօրյակում Ազգային ժողով ուղարկվող օրենսդրական փաթեթով նախատեսվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրությունն էապես խթանող օրենսդրության ստեղծած հիմքերից: Այս գործունեությունը նաև լինելու է գիտության և արտադրության միջև կապի կայացման խթան, և ես լիահույս եմ, որ Ազգային ժողովը կպաշտպանի մեր այս նախաձեռնությունը:

Առողջապահության ոլորտում առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովման համար փուլ առ փուլ ներդրվելու են ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները, ապահովվելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, վերականգնողական շրջանի պատշաճ վարումը:
Բժշկական օգնության մատչելիության ապահովման նպատակով շարունակվելու է առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումը և կատարելագործումը, վերանայվելու է պետական պատվերի տրամադրման ընթացակարգը, աստիճանաբար ընդլայնվելու են բժշկական ապահովագրության մեխանիզմների կիրառման շրջանակները:

Աշխատանքներ են իրականացվելու բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ շարունակաբար ընդլայնվելու է սրտի անհետաձգելի անվճար վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից իրականացվելու են հիվանդությունների վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով սկրինինգային ծրագրեր: Սոցիալական փաթեթի բոլոր շահառուների համար տարեկան պարտադիր զննումները ստեղծելու են հիվանդությունների կանխարգելման գործուն մեխանիզմներ:

Ծրագրերը շատ են, և բոլորը կարևոր, ցավոք, ժամանակ չկա բոլորին մանրամասն անդրադառնալու, քանի որ կառավարության անդամները դրանք մանրամասն ձեզ ներկայացնելու են: Բոլորն էլ արժանի են ավելացման, խորացման և ընդլայնման, սակայն դրանք պետք է դիտենք եղած տնտեսական իրողությունների շրջանակներում:
Նախագծի եկամուտների, ծախսերի, դեֆիցիտի մակարդակները ձևավորվել են մակրոտնտեսական զարգացումների ակնկալվող սցենարի սահմաններում, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման կայուն տեմպերի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականության և առկա մակրոտնտեսական պայմաններին համապատասխան:

Մասնավորապես, նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ կամ 2014 թվականի համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014 թվականի համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց:

Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014 թվականի համապատասխան ցուցանիշից 3.6 մլրդ դրամով ավելի: Հարկ է նշել, որ պետական պարտքի կայունության պահպանումը շարունակում է մնալ որպես Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Այդ կապակցությամբ նախագծվող դեֆիցիտի և 2015 թվականի համար ծրագրվող անվանական ՀՆԱ-ի հարաբերությունը կանխատեսվում է 2.34 տոկոսի չափով` պահպանելով 2014 թվականի համար սահմանված մակարդակը:
Հիմք ընդունելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը և ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից՝ Կառավարությունը ծրագրում է 2015 թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով:

Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Հարգելի՛ գործընկերներ

Կարծում եմ՝ կհամաձայնվեք ինձ հետ, որ երկրի բյուջեն, ըստ էության, ամենապրագմատիկ փաստաթուղթն է. այստեղ գործ ունենք զուտ չոր թվերի ու հաշվարկների հետ, և կարծես թե բյուջեի քննարկումները պետք է զուրկ լինեն գաղափարական և քաղաքական բանավեճերից:

Բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր երկրներում բյուջետային քննարկումները վերածվում են քաղաքական և գաղափարախոսական բանավեճերի: Մենք այդ առումով բացառություն չենք, և 2015-ի բյուջեն մեր պառլամենտում նույնպես կառաջացնի թեժ քաղաքական քննարկումներ:

Այսօր ես առաջին անգամ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Շատ եմ մասնակցել բյուջետային քննարկումներին, բայց առաջին անգամն է, որ անում եմ դա որպես կառավարության ղեկավար: Ուզում եմ մի պահ անդրադառնալ այն սկզբունքներին, որոնք այս գործընթացն սկսելիս ես ինձ համար ձևակերպեցի և պահպանեցի բյուջետավորման ամբողջ գործընթացում:

Դրանք կարևոր են, և ուզում եմ կիսել ձեզ հետ՝ ցույց տալով թե՛ իմ անձնական վերաբերմունքը, թե՛ ակնկալելով նմանատիպ մոտեցում ձեզանից: Այդ իսկ պատճառով, կուզենայի մի քանի նկատառում արտահայտել մինչև խորհրդարանում քաղաքական քննարկումների մեկնարկը:

Առաջին: Կխնդրեի ձեզ նկատի ունենալ ձեր ապագա հարցադրումներում` մենք ծախսելու ենք այնքան, որքան ունենք (ողջամիտ պարտքը ներառյալ), անկախ նրանից, թե ինչի և որքան կարիք ունենք: Առաջարկում եմ մեկ վարժություն. թղթի տանք և հիմնավորենք բոլոր հնչած պահանջները՝ ըստ նախընտրած ոլորտների, հոդված առ հոդված: Երբ գումարենք իրար, ստացած թիվը կլինի մոտավորապես Ֆրանսիայի բյուջեին հավասար մի թիվ:

Երկրորդ: Հարկ է լոբինգով զբաղվելիս չկորցնել իրականության հետ կապը և միշտ մտածել ընդհանուրի մասին: Ասեմ, որ նորմալ եմ վերաբերվում լոբինգին, այն առկա է ամենուր: Ինչպես ես շեշտում էի գործադիրում քննարկումների ժամանակ, Կառավարությունն ամբողջական կոլեգիալ մարմին է, որն իրականությունը պետք է դիտարկի իր ամբողջականությամբ և չի կարող իրեն թույլ տալ շքեղություն` այս կամ այն ոլորտին մոտենալ հույզերով, զգացմունքներով:

Իհարկե, նույն իրավիճակն Ազգային ժողովում է: Դուք ընտրված եք տարածքներից, բոլորդ ունեք ձեր նախընտրելի ոլորտները, ձեր ընտրողների խնդիրները, որոնց շահերի պաշտպանությունը ձեզ համար առաջնահերթ է: Բայց, այնուամենայնիվ, խնդրում եմ գիտակցել մի հանգամանք, որն սկզբունքային է կառավարության համար: Մենք իրավունք չունենք խախտելու բյուջեի ողջամտության բալանսը, այսինքն` մենք չենք կարող վտանգել պետության պաշտպանությունն ի օգուտ սոցիալական ոլորտի, և մենք չենք կարող վտանգել երկրի կրթական ոլորտն ի օգուտ ազգային անվտանգության կամ մշակույթի:

Երրորդ: Երկրում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ: Ունենք բազում կուսակցություններ, ամեն մեկն իր շահերով, իր տեսլականով փորձում է ազդել պետական քաղաքականության վրա: Սա ես նորմալ եմ համարում: Որպես իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ՝ ես, բնականաբար, ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվող գործընթացների վերաբերյալ, բայց այսօր այստեղ ես ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հնչեցնելուց:

Կարծում եմ, դեռ կլինեն առիթներ և հարթակներ, որ ես դա անեմ: Իսկ խնդրանքս այն է, որ զերծ մնանք բյուջեի քննարկման և ընդունման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից, չբերենք այս դահլիճ հրապարակի կրքերը:

Մի խոսքով, կոչ եմ անում առողջ քննարկումների և բանավեճերի: Խնդրում եմ հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից: Դա օգուտ չի բերի ոչ մեկին: Ի վերջո չմոռանանք, որ նույն գործն ենք անում մեր երկրում, ուղղակի անում ենք դա տարբեր հարթություններում, ինչը, ուզում եմ հավատալ, չի խոչընդոտի մեր արդյունավետ աշխատանքներին: Եվ այդ հեռանկարին ես լավատեսորեն եմ նայում:

Շնորհակալություն:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Մուկը հաստատ կախեց զանգը,
    Զանգն էլ զնգաց իր վախտին,
    Կատուն ծամեց մկան գանգը
    Գոհ ձգվելով հին թախտին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031