Բավականին տարօրինակ էր այն, որ «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործության 15-րդ տարելիցից ընդամենը երեք օր առաջ հրավիրած հանրահավաքում որեւէ մեկը չհիշեց «27»–ի մասին, այդպես էլ առաջ չքաշվեց նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճրագործության բացահայտման պահանջը։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք այդ հարցն այլեւս ակտուալ չէ։ Հավանաբար՝ ոչ, համենայնդեպս՝ հարթակում կանգնած ոչ իշխանական ուժերի առաջնորդների համար, այդ թվում եւ՝ ցավալիորեն, նաեւ Ստեփան Դեմիրճյանի, որը նույնպես հոկտեմբերի 24-ին չխախտեց «լռության ուխտը»։
Մինչդեռ «Հոկտեմբերի 27»–ի հետ կապված՝ անցնող յուրաքանչյուր տարվա հետ բացահայտման շանսերը էլ ավելի են փոքրանում, էլ չասած, որ այդ գործին այս կամ այն կերպ առնչվողները պարզապես կյանքից հեռանում են՝ բավականին խոսուն օրինաչափությամբ։ Եվ ուրեմն՝ ո՞րն է պատճառը, որ արդարության ձգտող, մարդկանց մեջ հավատը վերականգնել ցանկացող եւ երկրում համակարգային փոփոխությունների իրականացում խոստացող Եռյակի համար այս ոճրագործության մասին հիշատակումն անգամ չկարեւորվեց տասնհինգամյա տարելիցի նախօրեին։ Այն դեպքում, երբ, օրինակ, 2007-ին նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքը հատուկ հրավիրեցին հոկտեմբերի 26-ին՝ հենց այս ոճրագործության բացահայտումը դարձնելով իրենց իշխանափոխական հռետորաբանության առանցքը։
Այս հարցի պատասխանը, թերեւս, պարզ է բոլորի համար. 2007-ին հարթակում կանգնած չէր Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանի առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ուստի կարելի էր անկաշկանդ Քոչարյանին անվանել մարդասպան ու ոճրագործ։ Մինչդեռ այսօր նման կոչերն այլեւս անհնար են, իսկ «Հոկտեմբերի 27-ը» կազմակերպելու մեջ Քոչարյանին թողած՝ Սերժ Սարգսյանին մեղադրելն էլ, մեղմ ասած, լուրջ չի ընկալվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև