Լրահոս
Օրվա լրահոսը

2015 թվականին ՀՆԱ-ն 4.1 տոկոսով կավելանա՞

Հոկտեմբեր 28,2014 10:38

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեն կկազմի` եկամուտների գծով՝ 1 184.47 մլրդ դրամ , ծախսերի գծով` 1 298.60 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 114.12 մլրդ դրամ:

ՀՀ համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1 221.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1 337.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասորդը)՝ 116.6 մլրդ դրամ:

Իսկ համայնքների 2015 թվականի բյուջեները կկազմեն՝ եկամուտների գծով՝ 123.3 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 125.7 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասորդը)՝ 2.4 մլրդ դրամ:

lsumner-2

Այսօր խորհրդարանում արդեն մեկնարկել են գալիք տարվա բյուջետային քննարկումները: Սա Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության առաջին բյուջեի նախագիծն է: Ըստ տեղեկանքի՝ 2015 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է ավելի բարձր 2014 թվականի համեմատությամբ` 4.1 տոկոսի չափով: Դրան հիմնականում կնպաստեն ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերը: Աճի կանխատեսումը հիմնված է նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման, գործարար միջավայրի բարելավման, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավման ենթադրությունների վրա:

lsumner-1

Ըստ ներկայացված տեղեկանքի, 2014 թվականի առաջին կեսին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 1.4 տոկոսով, որը պայմանավորված է հիմնականում մասնավոր սպառման 1.5 տոկոս և պետական սպառման 1.4 տոկոս աճերով: Հաշվի առնելով 2014 թվականի զարգացումները ակնկալվում է, որ ներդրումները 1.9 տոկոս աճ կարձանագրեն, որը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր ներդրումների 1.5 տոկոս և պետական ներդրումների 3.8 տոկոս աճով:

Կառավարության ներկայացրած թվերով 2013 թվականին արտահանման ծավալների աճի միտումը շարունակվել է` կազմելով 16.3 տոկոս, իսկ ներմուծումը իրական արտահայտությամբ նվազել է 4.2 տոկոսով: 2014 թվականի հունվար-հունիսին արտահանման ծավալներն աճել են 2.8 տոկոսով, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծումը նվազել է 3.4 տոկոսով: Տարեվերջին, արտաքին պահանջարկի վարընթաց միտումների պայմաններում, կունենանք արտահանման շուրջ 3.0 տոկոս աճ: Ներմուծումը իրական արտահայտությամբ կավելանա 0.3 տոկոսով` պայմանավորված տնօրինվող եկամտի աճի տեմպերի դանդաղեցմամբ: 2015 թվականին արտաքին պահանջարկի և տնօրինվող եկամտի աճի կանխատեսումների պայմաններում ակնկալվում է արտահանման ծավալների 5.8  տոկոս և ներմուծման` 1.1 տոկոս աճ:

Կառավարության ներկայացրած թվերի համաձայն, 2014 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.8 տոկոս, որը պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) ապրանքախմբում արձանագրված 0.3 տոկոս գնաճով (նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների` 0.7 տոկոս (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ) և ծառայությունների սակագների 1.8 տոկոս (նպաստումը գնաճին` 0.6 տոկոսային կետ) աճերով:

2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին ՀՀ ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները` իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը օգոստոսին կազմել է 6.75 տոկոս: Ըստ այդմ, դեռևս ցածր մակարդակում պահպանվող գնաճը, 2014 թվականի երկրորդ կիսամյակում որոշակիորեն կավելանա` տարեվերջին մոտենալով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: «2015 թվականի սկզբից գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի միջակայքում»,- կանխատեսում է կառավարությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031