Առաջին նախագահի՝ երկու հանրահավաքներում հնչեցրած կրքոտ քննադատությունը «ջղաձգվածների» եւ «մարգինալների» հասցեին շատերին վիրավորել է: Բայց եթե մի կողմ թողնենք կիրքը (որը, պետք է ասել, առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին հատուկ չէր) եւ ընդունենք այդ պնդումները՝ որպես սառը գիտական արձանագրում, ապա դրանց մեջ ոչ մի նեղվելու բան չկա:
Որտե՞ղ եք դուք տեսել, որ երկրի քաղաքական օրակարգը ձեւակերպեն հազարավոր կամ, առավել եւս, միլիոնավոր մարդիկ՝ «ժողովուրդը»: Աստված մի արասցե, եթե այդպես լինի: Ոչ մի երկրում հասարակական սուր խնդիրների շուրջ «ազգովի» չեն մտածում՝ մտածելու, կշռադատելու, վերլուծելու խնդիրը դրված է սահմանափակ քանակով մարդկանց վրա:
Միշտ եղել են եւ կան իշխանավորներ, որոնք իրենց ապարանքներում նստած քեֆ են անում եւ երազում են, որ ոչ ոք այդ «ազգանվեր» գործին չխանգարի: Միշտ եղել են, կան եւ կլինեն տրիբուններ, որոնք տարին երկու անգամ կամ երկու շաբաթը մի անգամ «ժողովրդի ցավն են տանում» եւ «նրա մատից փուշ են հանում» (իհարկե, վիրտուալ փուշ): Եվ միշտ եղել են եւ կան մարդիկ (զգալի փոքրամասնություն), որոնք թե «քեֆ անողներին» եւ թե «փուշ հանողներին» ինչ-որ հարցեր են տալիս, առաջարկներ են անում եւ այլն: Այդ հարցերն ու առաջարկների նպատակը մեկն է՝ որ այդ երկու խմբերը… շատ չդմբոյանան (այսպես ասենք, որ ոչ ոք չնեղանա):
Լսո՞ւմ են այդ փոքրամասնության կարծիքը, թե՞ հարձակվում եւ կրքոտ քննադատում են նրան՝ կախված է պետության եւ հասարակական ինստիտուտների հասունությունից: Պարզապես անիմաստ է ակնկալել, որ այդ մարդիկ մեծամասնություն են կազմելու: Մեծամասնությունը «ժողովուրդն» է, որին վերոհիշյալ երկու խմբերը բոլոր՝ ամենաժողովրդավարական երկրներից սկսած եւ ամենաբռնապետականներով վերջացրած, այս կամ այն հաջողությամբ ենթարկում են մանիպուլյացիաների:
Վերցրեք թեկուզ խորհրդարանը: Արդյոք կարո՞ղ են այնտեղ Հրանտ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ էլի մի քանի հոգի մեծամասնություն կազմել: Իհարկե՝ ոչ: Մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր պայքարում են, որ իրենց թայֆան կա՛մ մնա իշխանությանը, կա՛մ գա իշխանության, եւ այդ մեծամասնության՝ ԱԺ-ում արտասանած ամեն մի բառը ծառայում է հենց այդ նպատակներին:
Կարդացեք նաև
Իհարկե, հրաշալի է, որ վերը թվարկած մարդկանցից երկուսը, ինչպես նաեւ նորընծա մարգինալներից շատերը 90-ականների սկզբին իշխանության մեջ էին: Բայց այդպես կարող է լինել միայն հեղափոխությունից անմիջապես հետո: Այնուհետեւ գալիս են ավելի ձանձրալի, անհետաքրքիր մարդիկ՝ «քեֆ անողները»: Դե, իսկ «ցավը տանելու» անգերազանցելի վարպետ է ինձ համար մնում 90-ականների Արշակ Սադոյանը: Հիշում եմ՝ երբ նա փողոց էր դուրս գալիս, «ժողովրդի» ներկայացուցիչները փորձում էին դիպչել նրա բաճկոնին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երկու հիմնական խնդիր ունենք: Հասարակական կարծիքի արտահայտման անխափան մեխանիզմ և իշխանությունը ներկայացնող մարմինների գործունեության թափանցիկություն:Սա պանացեա չէ, բայց շատ կնճռոտ հարցեր օրակարգից դուրս կմղվեն կամ կփախչեն:
,, որովհետեւ մտքում խորհում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստներին, կը բժշկուեմ»։
Ի դեպ, «Փուշ հանողները» և «Ցավը տանողները» տարբեր խավերի համար տարբեր են: Դա էլ նկատեք, խնդրում եմ, թե չէ միայն Սադոյանի ֆանատներին եք հիշում: Ավել բարձրաշխարհիկ խմբերի համար էլ կան նմանատիպ դերակատարներ:
Օրինակ, գործարարների համար կան վերը նշված ամպլուայի վարպետներ, կան սուպեր բժիշկներ, աստղային լրագրողներ: Էդ մարդկանց շատ հեշտ է ճանաչել: Մարդիկ իրենց հասցեին սովորաբար ասում են. «չէ, բայց խելո՛ք մարդ ա»: Հաճախակի ակնոց էլ են դնում չունենալով տեսողական խնդիրներ: Բայց ավելի հաճախ իրոք խելացի մարդիք են: Եթե ուշադիր լինեք, հասարակությունը ինքն է վերագրում այդ մարդկանց համապատսխան դեր, պահանջում է անվերապահորեն կատարել, հետո ծափահարում է, հիանում է, հետո էլ հոնգնում, մոռանում և «դեն նետում»:
Երբ երեխան իրեն մեծի տեղ է դնում՝ փորձում է ինքնուրույն վտանգավոր գործեր անել, դա նույնպես լուսանցքայնություն է, բայց եթե գլխին մեծ կա կանգնած, ով պատրաստ է վտանգի պահին փրկել երեխային, դա լավագույն ձեւն է երեխայի զարգացման: Լուսանցքայինները վտանգավոր են, երբ անգլուխ են՝ մեծին չեն լսում կամ էլ երբ մեծերը ամեն ինչ արգելում են, որ քիչ գլխացավանք ունենան, այսինքն՝ չեն դաստիարակում: Ազգի ու պետության թշնամիները ազգն ու պետությունը վերացնելու համար լուսանցքայինների գլուխն են կտրում կամ էլ նրանց այլասերում, համոզելով նրանց, որ նրանք ոչ մի բանով պակաս չեն մեծերից, դեռ մի բան էլ ավել են: Լուսանցքային ժողովուրդն անգլուխ է հիմա, ի պաշտոնե մեծերը քեֆ են անում՝ մակարդակն է էդքան: Մեծերի խիստ կարիք ունենք: