Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ինչո՞վ է ընդդիմությունը ընդդիմություն». Անուշ Սեդրակյանը արձագանքում է առաջին նախագահին

Հոկտեմբեր 27,2014 21:25

«Արդեն ասել ենք ՝ դեմ ենք Եվրազեսին՝ Հայաստանի մասնակցությանը, կողմ ենք Եվրաասոցիացիային, դեմ ենք Հայաստանում տիրող մենաշնորհային տնտեսությանը, որի մասին հարթակից ոչ մի խոսք չի հնչում ու բնական է: Ու այդ ամենից հետո խոսել, թե ինչ-որ մեկը դեմ է Հայաստանում ընդդիմությանը, ապա այդ դեպքում երկրորդ հարցը պետք է հնչի՝ իսկ ինչո՞վ է ընդդիմությունը ընդդիմություն, ինչի՞ հիման վրա»,- անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին լուսանցքում հայտնված քաղաքական ուժերի վերաբերյալ ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ առաջին նախագահը եռյակի վերջին հանրահավաքի ժամանակ ասել էր, որ եռյակի գործունեությունը քննադատող մարգինալները դարձել են Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ դաշնակիցները, որովհետեւ եթե ճիշտ է քաղաքական այբուբենի կարեւոր տարրերից մեկը հանդիսացող «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» բանաձեւը, ապա նույնքան ճիշտ է «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» բանաձեւը։ Այլ կերպ մեկնաբանելու պարագայում, դավաճանված կլինեն տրամաբանության կանոնները։

«Էլի առաջին նախագահի պերճախոս արտահայտությունն է, խոսքը չի գնում ընդդիմության ընդդիմություն լինելու մասին: Այնքան ենք սովորել, որ ընդդիմությունը անձերի ու վարքագծերի ամբողջություն է, որ մոռանում ենք՝ ընդդիմությունը գաղափարների ու ծրագրերի արտահայտություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը գրական մեջբերումներ է անում, որոնք քաղաքագիտական տեսանկյունից չեն դիմանում քննադատությանը: Որովհետեւ լուսանցքային կարելի է համարել այն ուժերին, որոնք արտահայտում են ծայրահեղական գաղափարախոսություն կամ գաղափարախոսություն, որը դեմ է համաշխարհային քաղաքակրթական ուղղություններին: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հենց այն ուժերին, որոնք արտահայտում են շատ ընդունված, քաղաքակրթական ուղղության մտայնություններ, որոնց հիմնարար հայտարարը մարդու իրավունքների ու արժեքների պահպանությունն է եւ ռուսական կայսրության հետ այդ արժեքների անհամատեղելիությունը: Ես պարզապես քաղաքագիտական առումով չէի օգտագործի այդ  տերմինոլոգիան: Երբ խոսում ենք հանրահավաքը պահելու PR հնարքների մասին, դա հանրահավաք անողների գործն է»,- առաջին նախագահի դիտարկումներին պատասխանեց տիկին Սեդրակյանը:

Հետո ասաց, որ այսօրվա ընդդիմությունը կրկնում է իշխանության ծրագիրը.               «Ընդդիմության դեմքը պետք է փոխվի, որովհետեւ ընդդիմությունը չպետք է կրկնի իշխանության ծրագիրը: Իսկ ներկա պահին ընդդիմությունը քայլ առ քայլ կրկնում է իշխանության ծրագիրը: Բավական է նայենք Եվրազեսի տնտեսական միության իրար հերթ չտեւող հավատարմության հայտարարություններին, ակնհայտ է, որ այդ մարդիկ գործում են նույն սկզբունքով, նույն մոտեցմամբ ու նույն գաղափարական մոտիվացիաներով, եթե դրանք առհասարակ կան: Այո՛, իրական ընդդիմություն պետք  է լինի, քանի որ իշխանությունը վիճում է ալտերնատիվ ընդդիմադիր ուժերի գոյության դեպքում, բայց ընդդիմության ծրագիրն անփոփոխ է, դրա համար էլ ընդդիմության խնդիրն այդքան սուր է դրված»:

Հիշեցնենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ էլ նախորդ օրը  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանգամանալից հիմնավորում էր, թե իրական ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որը երբեք չի շեղվում իր քննադատության հիմնական և միակ թիրախից՝ իշխանությունից. «Այն ընդդիմությունը, որը ժամանակ, մեկ վայրկյան է գտնում շեղվելու այդ թիրախից և քարկոծելու այլ ընդդիմադիրների, այսպես ասած իր մրցակիցներին, արդեն ընդդիմություն չէ»:

Մեր հարցին, թե ՀԱԿ-ի ներսում ընդդիմադիր այլ ուժերի վերաբերյալ հակասություննե՞ր կան, եթե հաշվի առնենք Զուրաբյանի այդ հայտարարությունն ու Լեւոն Տեր- Պետրոսյանի սուր քննադատությունը, տիկին Սեդրակյանն ասաց.«Ամեն մեկն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, այդ կարծիքի հակասությունները ստուգելու է ժամանակը, պատմությունն ու պատմական զարգացումների տրամաբանությունը: Բոլորովին իմաստ չունի, որ հստակ գաղափարախոսություն ունեցող ընդդիմադիր ուժը քննարկի մեկ այլ ուժի տակտիկական եւ ստրատեգիական հակասությունները»:

Անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, թե իրենք լծված են լրջագույն մի գործի, տիկին Սեդրակյանը շարունակեց՝ ցանկացած լրջագույն գործի հետեւանքները երեւում են ոչ բեմից:

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության դեմ դուրս գալու ՀԱԿ-ի հավաստիացումներին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը հավելեց. «Իշխանության դեմ դուրս գալու ծրագիրը հանրահավաքների մասնակցության ծրագիր չէ, բայց յուրաքանչյուր ոք ազատ է ընտրել իր մարտավարությունը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    մարգինալները ուղղակի փորձում են ապացուցել որ իրենք մարգինալ չեն, բայց դա չեն անում կոնկրետ գործողություններով, այլ անում են միայն խոսափողների առաջ, ասուլիսներին. իսկ դա ոչինչ չի նշանակում, քանի որ հասարակությունը նրանց միևնույն է չի տեսնում, այլ տեսնում է միայն Եռյակին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031