Շուտով լույս կտեսնի «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի նոր գիրքը, որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետությունում կրոնափոխ հայերի ներկա դրությունն ու խնդիրները:
Պարոն Ալվրցյանի տվյալներով այսօր ավելի քան 3 միլիոն կա: Արևմտյան Հայաստանի տարածքում նրանց թիվն անցնում է 2 միլիոնը, որի կեսը ծպտյալ հայեր են. «Երկու խմբերն էլ իսլամացած են, բայց ծպտյալները, ի տարբերություն մյուս խմբի, թաքուն պահում են ազգային որոշ ավանդույթներ, ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ և ամուսնանում են «իրար մեջ», այսինքն՝ իրենց նման ծպտյալների հետ: Իսկ երբ հարմար պահ են գտնում, մկրտվում են՝ վերադառնալով Հայ եկեղեցու գիրկը»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը՝ նկատելով, որ նրանց թիվը դեռևս քիչ է, իսկ դրա պատճառը, առաջին հերթին, ճնշումներն ու հալածանքներն են, որոնք դեռևս չեն վերացել հայերի նկատմամբ. «Ով ասում է, որ քրիստոնյա է, անմիջապես ենթարկվում է թեկուզ հենց իր հարևանի ճնշմանը, էլ չեմ խոսում իշխանությունների հալածանքների մասին: Այսինքն՝ իրենց հայ կամ քրիստոնյա լինելը խոստովանելով՝ նրանք վտանգում են իրենց ու իրենց երեխաների կյանքը, իրենց ունեցվածքը, երեխաների ուսման հարցը, ապագան, որովհետև այդպիսի մարդկանց նկատմամբ, իսկապես, խտրական վերաբերմունք կա ինչպես պետական, այնպես էլ հասարակական»,- ասաց Հ. Ալվրցյանը և մի օրինակ բերեց. «Վերջերս Էջմիածնում մկրտեցի դերսիմցի մի քանի ալևիների ու իսլամացած հայերի: Նրանցից մեկն ինձ ասաց, որ կորցրել է իր աշխատանքը, որովհետև իրեն պաշտոնապես հայ է հայտարարել՝ դառնալով Դերսիմի հայերի միության անդամ, և պետությունն ամեն ինչ արել է, որ նա զրկվի իր աշխատանքից: Բայց սա նրան ոչ թե կոտրել, այլ հակառակը՝ առաջ է մղել, որ նա գա Հայաստան ու մկրտվի: Այսինքն՝ կա նաև այս տեսակը՝ համարձակ, չվախեցող, բայց քիչ է: Մեծամասնությունը վախենում է ամեն ինչ կորցնելուց:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ