Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձու և գոյություն չունեցող ընթերակաները քննչական գործողություններում

Հոկտեմբեր 27,2014 19:15

ՀՀ-ում կան մի շարք գործընթացներ, որոնք իրականացվում են գոյություն չունեցող կամ արդեն մահացած անձանց միջոցով: Այդպիսի գործընթացներից են օրինակ ընտրությունները՝ նախագահական, ՏԻՄ և այլ: Այս հոդվածով անդրադարձ կկատարենք գոյություն չունեցող անձանց միջոցով կատարվող մեկ այլ գործընթացի՝ քննչական գործողություններին: Քննչական գործողություններին արդեն մի շարք հայտնի և անհայտ գործերով մասնակցել են գոյություն չունեցող անձինք, կամ մարդիկ ովքեր չեն իմացել, որ իրենք որևէ գործով ընթերակա են ներգրավվել և իրենց ստորագրությունն առկա է քննիչի կազմած արձանագրությունների ներքո:

Այդպիսի գործերից են Վարդան Պետրոսյանի, Արտակ Նազարյանի, Ռոբերտ Հովսեփյանի,  Արա Դիլանյան և Խաչիկ Հակոբյանի գործերը: Այս գործերից մի քանիսում ընթերականերից ոմանք գոյություն չունեցող անձինք էին, ոմանք ներկա չեն եղել քննչական գործողությունների ամբողջ ընթացքում, իսկ մի քանիսն էլ տեղյակ չեն եղել, որ ընթերակա են: Այս խնդիրը կրում է համակարգային բնույթ, քանի որ ներկայացված և ներկայացվելիք դեպքերը ոստիկանության մեկ բաժանմունքում կամ մեկ մարզում չեն տեղի ունեցել, այլ ՀՀ Ոստիկանության տարբեր մարզերի բաժանմունքներում:

Այսպես, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 2 քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը, որոնք վերաբերվում են անհայտ ընթերակաների ներգրավմամբ իրականացված քննչական գործողություններին: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել: Առաջին դեպքում ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ Տ. Թադևոսյանը 2014 թ. մարտի 17-ին քաղաքացու ավտոտնակում զննություն է կատարել և ըստ քաղաքացու հայտնած տվյալների ընթերականներ չեն եղել և քննիչը ստորագրել է նրանց փոխարեն, ավելին` նշված անուն ազգանունով մարդիկ ՀՀ-ում գոյություն չունեն:

Երկրորդ դեպքում ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մխիթարյանի կողմից 2012 թ. մայիսի 7-ին կատարված ձայնասկավառակներ ներկայացնելու և վերցնելու, ինչպես նաև մինչ այդ՝ 2012 թ. ապրիլի 27-ին փաստաթղթերի զննում կատարելու մասին կազմված արձանագրություններում նշված ընթերականերից մեկը եղել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակցուհի: Նույն քաղաքացու գործով 2012 թ. մայիսի 15-ին ձայնասկավառակների զննում է իրականացվել, որի ժամանակ «ներկա են եղել» 2 ընթերականեր: Ինչպես հետագայում է պարզվել ընթերականերից մեկը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացուց է տեղեկացել, որ ինքն այդ գործով ընթերակա է եղել: Առաջին դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարուցվել է քրեական գործ՝ հանցագործության մասին հաղորդումն ընդունվել է վարույթ և սկսվել է նախաքննությունը: Երկրորդ դեպքով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը գտել է, որ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Մխիթարյանի արարքներում բացակայում է հանցակազմը և կայացրել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ընթերակաների մասին ՀՀ օրենքում ասվում է ՝ ընթերական քրեական գործով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները: Նշված դեպքերից և ոչ մեկով օրենքի այս դրույթը չի պահպանվել և ոչ մի քննիչ օրինախախտման համար չի պատժվել: Ընթերակաների ինստիտուտը կարևոր նշանակություն ունի արդարադատության իրականացման մեջ քաղաքացիների ուղղակի մասնակցության տեսակետից: Սակայն, ինչպես տեսնում ենք, անօրինական գործելակերպով փորձ է արվում արժեզրկել նաև այս մասնակցային գործընթացը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031