Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում` 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանված ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի գերեզմանին, այսօր տեղի ունեցավ Արմենակ Արմենակյանի հիշատակի արարողությունը:
Արարողությանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, մարտական ընկերները, համախոհները: Նրա այրի Արմինե Արմենակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար շատ ծանր է հիշելը կատարվածը. «Այս 15 տարիները շատ դժվար ձգվեցին: Ինձ համար շատ դժվար է եղել այս ընթացքում` զավակներիս դաստիարակության առումով: Կարծես թե երեկ էր, որ մտածում էի, որ պետք է տուն վերադառնա Արմենակ Արմենակյանը եւ ամեն ինչ իր ձեւով ղեկավարեր: Մեծ սուգ, մեծ վիշտ է մեր ընտանիքի համար, եւ եթե լիներ Արմենակը, որին նորքեցիներն ասում են մեր Արմենը, այլ կերպ կընթանար ամեն բան»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ այժմ աշխատում է Արմենակ Արմենակյանի անվան դպրոցում որպես տնօրեն: Տիկին Արմենակյանը խոստովանեց, որ թե’ աշխատանքում, թե’ առօրյայում ամեն քայլ անելիս մտածում է, թե այդ դեպքում ինչպես կվարվեր ամուսինը եւ առաջնորդվում է նրա պատգամներով: Նա համարում է, որ վիշտը միայն Արմենակյանների ընտանիքինը կամ Նորք-Մարաշ համայնքինը չէ. «Դա ազգության սեւ ցավն է, որը դրոշմվել է: Կարծում եմ` վերջ ի վերջո կգա այն օրը, որ բոլորիս հասանելի կլինի, թե ովքեր են կազմակերպիչները, ինչպե՞ս եւ ինչո՞ւ արվեց դա: Արմենակ Արմենակյանը երբեւիցե չէր մտածում, որ կլինի մի այնպիսի օր, որ ինչ-որ մեկն իր դեմ զենք կբարձրացնի, որովհետեւ ինքը հանուն հայրենիքի կռվել էր, շարժումների ակտիվ մասնակից էր: Երբ այնտեղից հաղթանակով վերադարձավ, անգամ ասում էր, թե թուրքի գնդակը չդիպավ իրեն, բայց այստեղ ապահով վայրում մի հայի ձեռքով ընկավ»:
Կատարվածը տիկին Արմենակյանը բնութագրեց որպես սեւ բիծ հայ ազգի համար. «Մի անգամից 8 անմեղ զոհեր ունեցանք: Եթե իրենք լինեին այսօր շատ բան այլ կերպ կընթանար, կփոխվեր: Չգիտեմ` ո՞ւմ էր պետք այս ահաբեկչությունը: Ամեն անգամ սրա մասին մտածելիս` եզրահանգման եմ գալիս, որ սա ոչ մեկին պետք չէր, որովհետեւ ազգը պետք է աճեր, բարգավաճեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ